1915-ին 1 մլն 800 հազար հայից կենդանի է մնացել միայն 600 հազարը․ «Կապույտ գիրք»

1200

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի (http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

_______________________

Վրաստան 1916/11/6 #248

Պարտքի կանխիկացում

Արզրումի (Էրզրումի) շինություններից մեկում պահված է Արզրումի փախստականների մեծաքանակ թանկարժեք իրեր: Այդ պատճառով Արզրում է ուղևորվել Օտոման բանկի տնօրեն Ջորջ Ալգարդը, ով պետք է պարզի` արդյո՞ք այդ իրերը պատկանում են բանկի պարտքատերերին:

Ժողովրդական թերթիկ 1916/11/8 #717

Հայերի կյանքը

1914 թվականի դեկտեմբերի 17-ին Արդվինի մարզի հայկական գյուղերից մեկում կանանց և երեխաներին մեծ փորձություն էր սպասվում թշնամուց: Այդ ժամանակ գլուխ է բարձրացրել զինվոր Հովսեփ Դավիթի Կղանչավելին և իր փոքր զորքով փորձությունից փրկել հայ կանանց ու երեխաններին: Այս նվիրյալ հերոսը, ով  մոտ երկու հարյուր երեխա է փրկել եւ ովքեր այժմ հանգիստ սովորում են ուսումնարանում, մահացել է: Հայկական թերթը նշում է այս ամենի մասին և կոչ անում թերթեր ու գրքեր ուղարկել Կղանչավելիի անունը հիշատակելու համար գյուղում կառուցված գրադարանին: Գրադարանում կախված է Կղանչավելիի մեծադիր նկարը:

«Հորիզոն»-ի խոսքերով, Ռումինիայի հայ փախստականներից շատերն անտանելի վիճակում են հայտնվել: Հատկապես վտանգված են Դոբրունջի փախստականները։ Պարզվում է` փախստականներին հետևել է գերմանա-բուլղարական հեծելազորն ու ճշտել, թե արդյոք հայեր կան։ Եթե հայ էր լինում, ձերբակալում էին և տանում: Փախստականներին Ռուսաստան գնալու և այնտեղ ապրելու իրավունք են տվել:

Վրաստան 1916/11/9 #250

Օգնություն փախստականներին

Բարեգործական միության ղեկավար մարմինը փախստականների գործերով զբաղվող գլխավոր հոգաբարձու գեներալ Թամամշևին ծավալուն նամակ է ուղարկել: Ղեկավարությունը տեղեկացնում է, որ Ախալցիխեի մարզում 600 փախստական է հաշվվում՝ 400 չափահաս և 200 երեխա, իսկ Արդահանի նահանգում՝ 800 փախստական՝ 500 չափահաս և 300 երեխա: Այս փախստականներին պահելու համար ղեկավարությունը մինչև հունվարի 1-ը գեներալ Թամամշևից 14.200  մանեթ է խնդրել:

Վրաստան 1916/11/9 #250

Հայերի շրջանում

Խնուս-Մուշ շրջանից կենտրոնական կոմիտեին տեղեկացնում են, որ այնտեղ է եկել տաք հագուստ չունեցող 33 փախստական: Կոմիտեն հրաման է տվել՝ անհապաղ տաք հագուստ ուղարկել: Միևնույն կոմիտեին տեղեկացնում են, որ Օսմանյան կայսրությունում 13 հայի են կախաղան բարձրացրել:

Ժողովրդական թերթիկ 1916/11/10 #719

«Հորիզոն»-ին տեղեկացնում են. Բասենի դաշտավայրում ճանապարհորդում էի փախստականների համար գումար և սնունդ հայթայթելու համար: Ամբողջ շրջանն ավերված է: Բերքը շատ է, սակայն ցորեն չեն ունենա սերմելու համար: Անհրաժեշտ է հայկական գյուղատնտեսական միության ուշադրությունը։Որոշ դատարկ գյուղերում ինչ-որ «փոդրատչիկներ» (ռուսերեն подрятчик, խմբ.) տներն ավերում եւ շինանյութն օգտագործում են նոր կառուցվող խճուղու համար:

Վրաստան 1916/11/16 #256

Հայերի շրջանում

Պարոն Օգանջանովը հայկական կենտրոնական կոմիտեին տեղեկացնում է, որ հայերն արագորեն փախչում են Վանից դեպի Տաբարաշ, իսկ ճանապարհին կանգ առնում Ջանակում: Վանը դատարկվել է: Հույս չկա, թե կոմիտեն` սննդի պահեստները և խանութներն անվնաս կփրկի:

Վրաստան 1916/11/17 #257

Հայերի շրջանում

Իգդիրից հայկական կենտրոնական կոմիտեին տեղեկացնում են, որ Վանից փախած 15 հազար մարդ մոտենում է քաղաքին: Կոմիտեից լայնածավալ օգնություն են խնդրում փախստականներին հագուստով եւ սննդով ապահովելու համար:

Փախստականների բնակեցումը

Հայկական կազմակերպությունները միացյալ ժողով են անցկացրել և որոշել՝ Թբիլիսիից տեղահանել և կառավարության կողմից մատնանշած վայրում բնակեցնել այն փախստականներին, որոնք ո՛չ գույք ունեն և ո՛չ էլ գործ:

Վրաստան 1916/11/19 #259

Հայերի շրջանում

Օգանջանյանը հայկական կենտրոնական կոմիտեին տեղեկացնում է, որ ղազախներն (կազակները խմբ.) վտարել են քրդերին և հայ փախստականները հետ են վերադառնում Վան ու մոտակա գյուղեր: Պարենային խանութներում սննդի մի մասը`ալյուր, շաքար և թեյ, անվնաս է մնացել:

Վրաստան 1916/11/24 #262

Հայերի միջև

Հայկական կազմակերպություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանակաշրջանում Վանի շրջանում 6 հազար հայ ընտանիք մնացել է անտուն և առանց սնունդի:

Քրդերն ու հայ փախստականները

Մխիթար եպիսկոպոսին Իգդիրից հեռագրով տեղեկացնում են, որ Օրգովեում քրդերը հարձակվել են հայ փախստականների վրա և թալանել: Այնուհետև զինվորները քշել են քրդերին և հայերը խաղաղվել են:

Վրաստան 1916/11/27 #265

Հայերի շրջանում

Հայկական կազմակերպությունները մի շարք վայրերից տեղեկություններ են ստանում հայ փախստականների կեցության ծանր պայմանների մասին, որոնցից շատերը վարակիչ հիվանդություններ ունեն:

Վրաստան 1916/11/30 #267

Հայերի շրջանում

Տաք հագուստ

Գեներալ Թամամշևը հրաման է արձակել՝ հայկական կենտրոնական կոմիտեին հատկացնել 50 հազար մանեթ՝ հայ փախստականների համար ձմեռային հագուստ գնելու նպատակով: Հայկական կենտրոնական կոմիտեն Արզրումից լուր է ստացել, որ այնտեղ մոտ 5 հազար հայ փախստական կեցության ծանր պայմաններ ունի: Կոմիտեն համապատասխան միջնորդությամբ դիմել է գեներալ Թամամշևին:

Վրաստան 1916/12/4 #271

Հայերի շրջանում

Հայկական բարեգործական միության ներկայացուցիչը Եկատերինոդարում 2 վագոն օճառ և 4 վագոն ալյուր է ձեռք բերել: Միևնույն ներկայացուցչին ռազմական սնունդ վաճառող պարոն Դանիլովսկին 30 վագոն ալյուր է տրամադրել` հետագայի համար ևս 20 վագոն խոստանալով: Հայկական կենտրոնական կոմիտեն 1 վագոն մակարոն և վերմիշել է ձեռք բերել Հյուսիսային Կովկասում հայտնված հայ որբերի համար:

Վրաստան 1916/12/8 #274

Հայերի կոտորածը

Լոնդոնում լույս է տեսել «Կապույտ գիրք»-ը ՝ Օսմանյան կայսրությունում հայերի իրավիճակի մասին: Գրքում նշվում է, որ 1915 թվականին 1 մլն 800 հազար հայից կենդանի է մնացել միայն 600 հազարը: Մնացած բոլորին կոտորել են:

Վրաստան 1916/12/10 #276

Հայերի շրջանում

Հայոց պատրիարքի սպանությունը
Երիտթուրքերը չեղյալ են հայտարարել հայերի Սահմանադրությունը և Ստամբուլի պատրիարք Զավենին վերաբնակեցրել Երուսաղեմում, սակայն ճանապարհին սպանել են:

Վրաստան 1916/12/11 #277

Հայերի շրջանում

Գեներալ Թամամշևի հրամանով հայկական կենտրոնական կոմիտեին է փոխանցվել 40 հազար մանեթ՝ հայ փախստականների համար ձմեռային հագուստ գնելու նպատակով: Հայկական կենտրոնական կոմիտեն Անգլիայից հեռագիր է ստացել, որ Վանի շրջանից 60 սովյալ ու առանց հագուստի հայ երեխա են բերել: Կոմիտեն տաք հագուստ է ուղարկել երեխաների համար և հրաման արձակել, որ երեխաներին ուղարկեն Գումբերի ապաստան:

Վրաստան 1916/12/29 #290

Հայերի շրջանում

Հայ փախստականներին օգնելու նպատակով, Բաքվի նավթարդյունաբերողների «Սվետ» ընկերությունը 50 տակառ նավթ է ուղարկել Էջմիածին, իսկ Երևան և Մեծ Ղարաքիլիսա՝ 20-ական տակառ: Հայկական բարեգործական միությունը Բաքվում 7 վագոն բրինձ է ձեռք բերել և իր հոգաբարձուին հանձնարարել Հյուսիսային Կովկասում 60 վագոն եգիպտացորենի ալյուր ձեռք բերել: