Գոգավան և Ձորամուտ գյուղերը գտնվում են Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, սահմանակից են Վրաստանին:
Գոգավանում է գտնվում հայ-վրացական երեք անցակետերից մեկը՝ Գոգավան-Գուգուտի հսկիչ-անցագրային կետը:
Երկու գյուղերն էլ՝ Ձորամուտ և Գոգավան, բնակեցված են եղել մուսուլմաններով և ունեցել են Էվլու և Դեմուրչիլար անունները: Էվլուն, որ այսօրվա Ձորամուտն է, ավելի վաղ ունեցել է Մոլլա Էյուբլու, Մոլլա Էյուբ, Նովրուզ Խարաբա անունները:
Ձորամուտ գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.
1886 թ. – 58 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թ. – 241, բոլորը՝ իսլամ,
1908 թ. – 100 հոգի,
1926 թ.- 338 հոգի, որից 4-ը՝ հայ, 334-ը՝ թուրք,
1931 թ.- 382, բոլորը՝ թուրքական խումբ:
Ձորամուտը գտնվում է Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1600 մետր է: 1989-ից գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ և Ջավախքից վերաբնակեցվածներ:
Գոգավան գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.
1897 թ. – 89, բոլորը՝ իսլամ,
1908 թ. – 120 հոգի,
1914 թ. – 105 հոգի, բոլորը՝ թաթար,
1922 թ. – 89 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,
1926 թ.- 128 հոգի, բոլորը՝ թուրք,
1931 թ.- 144, բոլորը՝ թուրքական խումբ:
Գոգավանը գտնվում է Տաշիր քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 66 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1500 մետր է: 1989-ից գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ:
Պատմությունը
Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:
Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:
Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:
Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին
Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):
Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):
Խորհրդային տարիներին
Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։
Լուսանկարում՝ Ձորամուտ գյուղը
Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան
Դիտել նաև՝