Հայաստանի բողոքը Վրաստանի կառավարության դեմ․ 11 հունիս, 1920թ

10622

Թիֆլիսի հայկական միսիա

Բեկզադյանին

Ծանոթանալով Ռուսաստանի և Վրաստանի միջև սույն թվի մայիսի 7-ին կնքված դաշնագրին, կառավարությունը, ի մեծ զարմանս յուր, իմացավ, որ ըստ վրացական առաջարկի, Ռուսաստանը հիշյալ դաշնագրով պարտավորվում է ճանաչել Թիֆլիսի նահանգն ու Բաթումի շրջանը բոլոր գավառներով ու շրջանակներով որպես անպայման վրացական պետության կազմի մեջ մտնող հողամասեր։

Անցյալ տարվա հունվարի 9-ին և 17-ին Հայաստանի ու Վրաստանի միջև կնքված դաշնագրով Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեկ մասը, որ սահմանակից է Վրաստանին և Հայաստանին, երկու հանրապետությունների կողմից ճանաչված է չեզոք, մինչև վերջնականորեն կվճռվեն միմյանց հետ ունեցած սահմանային վեճերը։

Նույն դաշնագրով Թիֆլիսի նահանգի Ախալքալակի գավառը ճանաչված է վիճելի։

Բաթումի շրջանում՝ Ճորոխի որոշ հողաբաժնի նկատմամբ Հայաստանը ներկայացրել է իր պահանջը որպիսի Կարս-Բաթում երկաթուղագծի կառուցումով հնարավորություն ստանա իրեն այնքան կենսական ու անհրաժեշտ՝ տնտեսական ելքը դեպի ծով։

Հայաստանի և Վրաստանի միջև անցյալ տարվա նոյեմբերի 14-ի կնքված դաշնագրով երկու հանրապետությունները պարտավորվում են բոլոր գոյություն ունեցող կամ ապագայում ծագելիք վեճերը լուծել փոխադարձ համաձայնությամբ, իսկ այպիսին չկայանալու դեպքում՝ պարտադիր արբիտրաժի միջոցով։

Նկատի ունենալով վերոգրյալը, կառավարության անունից խնդրում եմ Ձեզ տեղեկացնեք Վրաստանի կառավարությանը, նույնպես և բոլոր դաշնակից միսիաների ներկայացուցիչներին Թիֆլիսում, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված վերոհիշյալ դաշնագրի Թիֆլիսի նահանգին և Բաթումի շրջանին վերաբերող մասը Հայաստանի կառավարությունը համարում է անվավեր։

11 հունիս, 1920թ

Հայաստանի արտգործնախարար Հ․ Օհանջանյան

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 124, չորեքշաբթի, 16 հունիս, 1920թ