Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է Վանը, այն կմիացնի իրեն՝ ինչպես Կարսը և Երևանը. 1917

1059

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի (http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

_______________________

Վրաստան 1916/08/20 #185

Ազգային իրավիճակը
Հայերի ճակատագիրը

“Кавказское слово”-ում հրապարակված է ոմն «Մագիստրոսի» հետևյալ նամակը՝ գրավված Թուրքիայի ապագայի վերաբերյալ:

«Օսմանյան Հայաստանի ինքնավարությունը մահացած է, որը հայերը չեն ուզում հուղարկավորել, միևնույն ժամանակ, ասում են. «Հայկական ինքնավարությունը» միշտ էլ իրականությունից հեռու է եղել, դեռևս հնարավոր է օսմանցիներից ստանալ ինքնավար կառավարում… Եվ եթե ո՛չ Գերմանիան` Ռուսաստանը կիրագործեր դա, սակայն իրենք՝ հայերը, չէին հաղթի, նրանք, միևնույն է, մինչ պատերազմը փոքրամասնություն էին կազմում և ինքնավարության ընդունման դեպքում միայն կհասնեին նրան, որ Կոստանդնուպոլսի կայսերական խորհրդարանի կողմից նրանց ճակատագիրը կփոխանցվեր Էրզրումի տեղական սեյմին, որտեղ մեծամասնություն են կազմում մահմեդականները:

Պատերազմից հետո հայ ազգը վերածվել է աքսորվածների կույտի, հաստատվել` Կովկասի, Միջագետքի և Սիրիայի տարածքներում: Եթե սրանք բոլորը վերադառնան հայրենիք և հետները բերեն Ամերիկայում վերաբնակեցված հայերին (չնայած քիչ է հավանականությունը, որ նրանք նոր հայրենիքում ստեղծած կյանքը կփոխարինեն հին, կիսավեր Հայաստանի ցուրտ և սակավ պայմանների հետ), միեւնույն է, առկա ռեսուրսներով սեփական պետություն ստեղծելն անհնար է: Հիմա նաև պետք է հաշվի առնել, որ գրավված Օսմանյան կայսրությունում ապրում են նաեւ մահմեդականներ և աստիճանաբար բազմանում:

Ո՛չ Անգլիան և ո՛չ էլ Ֆրանսիան չեն կարող առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու «Ինքնավար Արմենիա» հիմնել (Անգլիայի զրահապատ նավերը Վանա լիճ չեն հասնելու), իսկ Ռուսաստանը և Կերենսկին եթե կանգնեն կառավարության գլխին, անկասկած, չեն ցանկանա ռուսական «շտիկների» (ռուսերեն՝ սուր) օգնությամբ ստեղծել և հետո թաքցնել ինչ-որ մեկի և ինչ-որ բանի համար ստեղծված «ինքնավար շրջանը»:

Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է Վանը, Բիթլիսը և Մուշը, այն կմիացնի իրեն և կկառավարի այնպես, ինչպես Կարսի և Երևանի հայերով բնակեցված «ուեզդները»: Որևէ մեկը չի կարող ուժ գործադրել Ռուսաստանի վրա՝ իր սահմաններում «Ինքնավար Հայաստան» ստեղծելու հարցում, և եթե հրադադարի կոնգրեսում որևէ մեկը փորձի բռնանալ, դրանով ոչ միայն ռուս ժողովրդին կտրամադրի իր դեմ, այլ նաև նրանց, ովքեր կանգնած են նրանց (հայերի խմբ.) ետևում: Ռուսաստանը 1912 թվականին առաջ քաշեց հարավի բարեփոխումների հարցը, որտեղ կընդգրկվեր նաև Օսմանյան կայսրությունը, սակայն հենց Հայաստանը հայտնվեց Ռուսաստանի սահմաններում` Հայկական հարցը վերացավ…

Պատերազմի վերջն արդեն երևում է: Արդեն իսկ նշվում են պատերազմի արդյունքները: Օսմանյան կայսրությանում հոռետեսները հավանաբար չեն հավատա, որ Կոստանդնուպոլսը և նեղուցները մերն են լինելու, իսկ Օսմանյան Հայաստանի և Օսմանյան Վրաստանի վերաբերյալ ոչ ոք կասկածներ չունի, որ նրանք ամբողջությամբ մեր սահմանների մեջ կներառվեն և մեր սահմանը Բաթումիից Տրապիզոն կամ ավելի այն կողմ. Օլթիից` Բայբուրթ, Կարսից` Երզնկա, կամ էլ մինչև Սիվես (Սվազ խմբ.) և Երևանից Վան ու Մուշ կտեղափոխվի: Հայերը այս ընկալումով պետք է կառուցեն իրենց հետագա անելիքներն ու գործողությունների ծրագիրը եւ միայն այն եթե հայ քաղաքական գործիչները կհերքեն ինքնավարության ուտոպիստական գաղափարը, կկարողանանք որոշել, թե ինչպես պետք է բաժանվեն գրավված Օսմանյան կայսրության հողերը և կառավարման հարցը, այսինքն` ընդունե՞լ Կարսի և Բաթումիի շրջաններում առկա ռազմական շրջանային ժողով (վրացերենով գամգեոբա, խմբ.)` աշխատակազմ, թե՞ ընդհանուր կառավարություն կամ էլ քրդերից դատարկած վայրերում միայն ռուսական տոհմեր բնակեցնել: Եթե Անդրկովկասի անհող գյուղացիներին տրամադրենք դրանք, ապա պատերազմը Հայաստանը Կովկասի սահմաններում է ներառելու, ինչի արդյունքում, Վրաստանի նման, հնարավոր կլինի մշակութային, ազգային և տնտեսական վերածնունդ ունենալ: Ուստի քաղաքականության վերականգնման երազանքը հայերը պետք է վերջնականապես մոռանան և փոխարինեն իրագործվելիք ազգային նպատակով»:

Այսպիսին է պարոն Մագիստրոսի նամակը, որից կարելի է ենթադրել, որ ըստ էության ամբողջովին պարպվել է հայկական ինքնավարությունը, այն պարագայում, երբ Դոլուբանովների թերթը երգում է «Սուլթաթանա»…

Վրաստան 1916/08/20 #185

Էրզինջանից (Երզնկա) Արզրում (Էրզրում) են եկել մեծ թվով հայ փախստականներ: Նրանց թվում շատ հիվանդներ կան:

Ժողովրդական թերթիկ 1916/09/4 #665

Հայկական մամուլ

«Հորիզոն» թերթում «Հայերն ու Վրաստանի տարածքը» վերտառությամբ նամակ է հրապարակվել: Որոշ հատվածներ նամակից: Հայ-վրացական խնդրում, գրում է «Հորիզոն»-ը, Վրաստանի տարածքի ազգային (էթնոգրաֆիկ) ամբողջությունը մեծ կարևորություն ունի: Մեր հարևանների կարծիքով Վրաստանի ինքնավարությունը, ինչը այժմ վրացիների քաղաքական իդեալն է, հնարավոր է ջուրը տանի, կամ լուրջ արգելքների հանդիպի, եթե էթնոգրաֆիկ ամբողջությունը օտար էլեմենտների ներհոսքի միջոցով խախտվի, և քանի որ նրանց կարծիքով հայերը փորձում են աստիճանաբար բազմանալ Վրաստանում, կամ, ինչպես վրացիներն են ասում` «գրավեն Վրաստանը», հայերը` Վրաստանի քաղաքական ապագայի տեսանկյունից վտանգ են ներկայացնում: Վրաց հրապարակախոսների առաջ քաշած տեսակետը հենց սրանով է պայմանավորված, այն է. եթե հայերը ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ վրացիների հետ` պետք է հրաժարվեն Վրաստանից, կամ, այլ կերպ ասած՝ այլևս չլցվեն Վրաստան:

«Հորիզոն»-ը նշում է. շատերը դեռևս հիմա էլ են կրկնում՝ հայերը մտածված են Վրաստան գալիս, նրանք կանխամտածված նպատակ ունեն:  Նման կարծիքը թերթը համարում է զառանցանք և պնդում է. «Եթե հնարավոր լինի, վերջին հային էլ կհանենք Վրաստանից և կվերաբնակեցնենք Հայաստանում: Սրանից հետո թերթը փախստական հայերին բաժանում է մի քանի տեսակի: Առաջին տեսակում են այն հայերը, ովքեր պատմական ժամանակներում են վերաբնակեցվել Վրաստանում: Երկրորդում՝ նրանք, ովքեր 30-ական թվականներին բնակեցվել են Ախալքալաքի և Ախալցիխեի մարզերում, երրորդ կատեգորիայում ընդգրկված են այն հայերը, ովքեր հայկական գավառներից տեղափոխվել են մեծ քաղաքներ: Չորրորդ կատեգորիայում ընգրկված են հայ կապիտալիստները, ովքեր Վրաստանում հողեր են գնում և նոր տեսակի տնտեսությամբ զբաղվում: Հինգերորդ կատեգորիայում ընդգրկվում են այն հայերը, ովքեր ընթացող պատերազմի պատճառով ապաստան են գտել Թիֆլիսում և հարակից տարածքներում:

Առաջին երկու կատեգորիաների հայերի վտարման մասին, գրում է «Հորիզոնը», որևէ լուրջ վրացի հարց չի բարձրացնում, ճիշտ այնպես, ինչպես հայերը չեն բարձրացնում թաթարների և հայկական բնակավայրերում վերաբնակեցված գերմանացիների վտարման հարցը: Չնայած վրաց որոշ հրապարակախոսներ գրում են, սակայն քննադատությանը չեն ընդդիմանում: Վրաստանի  մայրաքաղաքը, որպես Կովկասի վարչական և առևտրատնտեսական կենտրոն, դեպի իրեն է ձգում տարբեր ժողովուրդների: Ռուսները շարունակաբար ավելանում են, օսերը և վրացիները նույնպես: Հեռավոր վայրերից հրեաներ և լեհեր են գալիս, տեղ զբաղեցնելու նպատակով: Կասկածելի չէ, որ ճակատագրի բերումով հայերն էլ են գալիս: Այս իրավիճակը կփոխվի վարչական կառավարման՝ գամգեոբայի ապակենտրոնացման դեպքում և նոր կենտրոնների ստեղծումը նոր առևտրատնտեսական աշխուժություն կմտցնի, իսկ մինչ այդ մեր հարևաններին ուրիշ բան չի մնում, բացի արհեստականորեն վրացիների ներհոսքն ավելացնելուց, ինչը կուժեղացնի նրանց մայրաքաղաքում՝ կառավարությունն իրենց ձեռքը վերցնելու հնարավորություն տալով: Դրա դեմ հայ հասարակության զգալի մասը ոչինչ չունի»:

Հայ կապիտալիստների մասին «Հորիզոն»-ը գրում է. հայերի ազգային շահերը չեն պահանջում, որ կապիտալիստները Վրաստանում հողեր ձեռք բերեն: Վրաց թավադ-ազնաուրները լավ կանեն, եթե հայ կապիտալիստներին հողեր չվաճառեն:

Վերջում, «Հորիզոն»-ը գրում է. հաճույքով նշում ենք պարոն Ար. Ջ-շվիլիի մեկնաբանությունը, թե հայերի կողմից Վրաստանին որևէ վտանգ չի սպառնում: