Կանադայի CBC News-ը քննադատում է Ադրբեջանի հետ ռազմական գործարքը

1316

Տորոնտոյում գտնվող INKAS զրահապատ մեքենաներ արտադրող ընկերությունը գործարք է կնքել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ, որի համաձայն ընկերությունը արդեն մատակարարել է կանադական արտադրության զրահապատ մեքենաներ (APC):  Կանադական հեղինակավոր CBC News-ի կայքում թեմային անդրադարձել է հոդվածագիր Լևոն Սևունցը։ Պայմանագիրը կնքվել է 2016թ․ սեպտեմբերին՝ Բաքվում տեղի ունեցած ռազմական ցուցահանդեսի ժամանակ։

Մասնավոր ընկերությունը ադրբեջանական ընկերության հետ համատեղ ձեռնարկություն է ստեղծել Ադրբեջանում զրահապատ մենքենաներ արտադրելու համար, ասել է INKAS-ի մարքեթինգի և բիզնեսի զարգացման փոխնախագահ Ռոման Շիմոնովը:

Շիմոնովը կարծում է, որ ընկերությունը լիովին համապատասխան է գործել ռազմական ապրանքների արտահանման պետական բոլոր կանոններին:

«Մենք չենք կարող որևէ բան վաճառել` առանց արտահանման վերահսկողութան պաշտոնական մարմնից գրավոր թույլտվություն ստանալու, և ստանալով դա, մենք գիտենք, որ մեր Կանադայի իշխանությունները ստուգել են և հաստատել են», – ասել է Շիմոնովը:

Այսինքն, Կանադայի դաշնային կառավարությունը INKAS-ին թույլատրել է զրահապատ մեքենաների արտահանումը՝ չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։

Արտահանման թույլտվությունների տրամադրումը թերևս նաև հակասում է կառավարության արտահանումը վերահսկելու կարգին, ըստ որի՝ կանադական պաշտպանական միջոցների արտահանումը «չպետք է նպաստի ներպետական կամ տարածաշրջանային հակամարտություններին կամ անկայունությանը»:

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) վերջին երկու տասնամյակների ընթացքում հավաքած տվյալների համաձայն՝ Ադրբեջանն իր նավթային եկամուտներից 30 միլիարդ դոլար ծախսել է ռազմական վերազինման և վերապատրաստման համար՝ գնելով բարձր տեխնոլոգիական զենք-զինամթերք Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից և Պակիստանից:

Միևնույն ժամանակ, Շիմոնովը պնդում է, որ INKAS-ը ռազմական տեխնիկա չի արտադրում:

«Մենք հիմնականում կենտրոնանում ենք ռազմականացված և իրավապահ մարմինների վրա,- ասել է Շիմոնովը Օտտավայում տեղի ունեցած CANSEC պաշտպանության ոլորտի ցուցահանդեսի ժամանակ:- Մեր տրանսպորտային միջոցները նախատեսված չեն ռազմական ոլորտում որևէ լուծում տալու համար»:

Շիմոնովի ասածը, սակայն, հակասում է ընկերության կայքում նշվածին։

Օրինակ, Sentry մոդելի մեքենայի մասին ակնարկում գրված է․ «INKAS Sentry մեքենան նախատեսված է ռազմական ուժերի, հատուկ ուժերի և իրավապահ այլ մարմինների կողմից ամբողջ աշխարհում օգտագործման համար»։

Project Ploughshares խաղաղության խմբի ծրագրերի գործադիր տնօրեն Սեզար Ջարամիոն ասում է, որ INKAS-ին տրված արտահանման թույլտվությունը ցույց է տալիս Կանադայի զենքի արտահանման վերահսկման մեխանիզմի հետ կապված ընթացիկ խնդիրը:

«Նույնիսկ եթե դա առանձին դեպքերում է, ես կարծում եմ, որ որոշակի երկրներում առկա խնդիրների վերաբերյալ ընդհանուր գիտելիքները պետք է կրկին ցուցիչ լինեն՝ որ երկրներ արտահանելիս պետք է լրացուցիչ ուշադրություն դարձնել, և ես կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի նման երկրները, ամենայն հավանականությամբ, ընկնում են այդ լրացուցիչ ուշադրության կատեգորիայում»,- ասել է Ջարամիոն։

Զառա Պողոսյան

ՍիվիլՆեթ