«Նվաստացուցիչ» Բաթումից մինչև «փառապանծ» Սևր

2030

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) հիմնադրման 100-ամյակին ընդառաջ սփյուռքյան մամուլում շատ է գրվում Արամ Մանուկյանի արձանը Երևանի կենտրոնում, անգամ Հանրապետության հրապարակում տեղադրելու մասին։

Դա, անշուշտ, քննարկման թեմա է, որի շուրջ պետք է լինի լայն համաձայնություն Հայաստանում և Սփյուռքում։ Սա այն հարցրերից է, որի շուրջ ցանկալի է ոչ թե քաղաքական, այլ համահայկական որոշում՝ մասնակցությամբ Հայաստանի, Արցախի, ավանդական կուսակցությունների, երկու կաթողիկոսությունների, հայ կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիների, ՀԲԸՄ-ի և հայության շրջանում լայն տարածում և հեղինակություն ունեցող այլ կառույցների։

Արամը, անշուշտ, Հայաստանի հիմնադրման գործում ունեցել է մեծագույն և բացառիկ ներդրում։ Ճիշտ է նաև, որ Արամը և Երևանի Հայոց ազգային խորհուրդը քննդատում էին թուրքերի հետ Բաթումում Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի պատվիրակության բանակցությունները, 1918-ի հունիսի 4-ին ստորագրված Հաշտության և բարեկամության պայմանագիրը Օսմանյան կայսրության հետ, սակայն Արամն ու Դրոն էին, որ 1917-ի վերջերից մինչև Սարդարապատ ու Բաշ Աբարան ղեկավարում էին Երևանն ու շրջակա տարածքը։ Հենց այդ տարածքում էին մղվում մայիսյան հերոսամարտերը, հենց այդ տարածքի վրա հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը։

Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ հավանաբար պետք է հիշել նաև անուններ, որոնք տարբեր պատճառներով չեն հիշվում։ Իմ մտքում շատ անուններ կան, բայց այսօր ուզում հիշել երեքին՝ Քաջազնունի, Խատիսյան, Պապաջանյան։

Երբ ասում ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրում, նկատի պետք է ունենալ երկու հարթություն՝ ռազմական և դիվանագիտական։ Չլինեին Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսամարտերը, գուցե թուրքերը մերժեին անգամ 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի գոյությունը։

Դիվանագիտական իմաստով Բաթումի բանակցություններն ու հունիսի 4-ի դաշնագիրը պետք է իմաստավորվի։

Հայկական աշխարհում ընդունված է այդ պայմանագիրը կոչել պարտվողական, ամոթալի և այլ բառերով։ Հակառակ Բաթումի պայմանագրի՝ 1920 թվականի Սևրի պայմանագիրն ու Վիլսոնյան Իրավարար վճիռն ընդունված է համարել դիվանագիտական հաղթանակ։ Եթե վեր կանգնենք զգացական պահերից, ապա Բաթումում Հայաստանը ճանաչվեց անկախ պետություն, իսկ Օսմանյան կայսրությունը առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, մինչդեռ Սևրում Հայաստանը ստացավ թուղթ և խոստում, որ հանրապետությունը պետք է ունենա 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Ճակատագրի դառը հեգնանքով, երբ 1920-ի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրում էր Իրավարար վճիռը, թուրք քեմալականներն ու ռուս բոլշևիկները կյանքի էի կոչում Հայաստանը գրավելու ծրագիրը։

Բաթումում Հայաստանը կարող էր և չստանալ անկախություն թուրքերից, եթե չլինեին հայկական պատվիրակության երեք անդամների՝ Ալեքսանդր Խատիսյանի, Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի պնդումները։

Պատմությանը և դիվանագիտությանը պետք է նայել ոչ թե ցանկությունների ու երազանքների, այլ իրողությունների և հնարավորությունների ակնոցով։ Սևրն ու Վիլսոնյան Իրավարար վճիռը երազանք են ու ցանկություն, Բաթումը՝ իրողություն ու հնարավորություն։

Եթե ես հիմա գրեմ, որ թուրքերն են պնդել, որ Հայաստանն իրեն անկախ հռչակի, ապա ինձ կմեղադրեն կեղծարարության մեջ։ Փաստերը, սակայն, անողոք են։

1918-ի մայիսի 28-ի առավոտյան Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, քվեարկությամբ դեմ էին արտահայտվել Հայաստանն անկախ հռչակելու թուրքերի վերջնագրին (թե ինչու, այլ թեմա է): ՀՅԴ-ում անկախությանը դեմ էր 8 հոգի, կողմ՝ 2-ը: Դեմերի մեջ էր Բյուրոյի ամենաազդեցիկ անդամներից Ռուբեն Տեր-Մինասյանը։ Նույն օրը, երբ ՀՅԴ-ականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, ովքեր ժամ առաջ էին վերադարձել Բաթումից (որտեղ Անդրկովկասյան պատվիրակության կազմում բանակցություններ էին վարում թուրքերի հետ), հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրն ընդունելն այլընտրանք չունեն, կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ և 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը: Հայ ժողովրդական կուսակցությունից Պապաջանյանը հորդորեց, որ իր կուսակցիները ևս քվեարկեն անկախության օգտին։

Ապա տեղի ունեցավ նոր քվեարկություն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդում, որը 8 կողմ և 6 դեմով ընդունվեց թուրքական վերջնագիրը: Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես. ՀՅԴ՝ 6 կողմ, Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ, Սոցիալ դեմոկրատներ (հնչակյան և մենշևիկ)՝ 2 դեմ, Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 դեմ, Անկուսակցականներ՝ 2 դեմ:

Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, և նույն օրն իսկ Խատիսյանը, Քաջազնունին և Պապաջանյանը կրկին ուղևորվեցին Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու, և հունիսի 4-ին ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիրը:

100 տարի է անցել, սակայն հայկական աշխարհը շարունակում է դիվանագիտական պարտություն համարել Բաթումը և հաղթանակ՝ Սևրը։ Բաթումը մեզ տվեց 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստան, որը դարձավ 45 հազար, ապա 30, իսկ Սևրը՝ պատրանքային հույսեր։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ