«Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի մաս պիտի կազմեն»․ Խատիսյան, 3 ապրիլ, 1920թ

3134

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21թթ) վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի՝ 1920թ․ ապրիլի 3-ի ելույթը խորհրդարանում ուշագրավ է նաև նրանով, որ այն անմիջապես հաջորդել է հայկական ուժերի կողմից մարտի վերջերին Ավդալլարը (Լաչին, այսօր՝ Բերձոր), Զանգելանը (այսօր՝ Կովսական) և Զանգեզուրի ու Ղարաբաղի միջև ընկած թաթար/ադրբեջանական այլ բնակավայրեր չեզոքացնելու գործողությանը։ Վարչապետ Խատիսյանի ելույթի ամբողջական տեքստը կարելի է կարդալ ՀՅԴ ՅԱՌԱՋ օրաթերթի՝ 1920 թվականի ապրիլի 7-ի համարում (http://tert.nla.am/archive/HGG%20TERT/harach%20erevan/1920(73).pdf)։ Մենք ներկայացնում ենք այդ ելույթի, մեր կարծիքով, ամենաուշագրավ հատվածները։

ԱՆԻ կենտրոն

Ղարաբաղի անցքերը

Վարչապետ Խատիսյանի ելույթը Հայաստանի խորհրդարանի ապրիլի 3-ի արտակարգ նիստում

․․․Պարլամենտին հայտնի է, որ Ղարաբաղի յոթերորդ համագումարը Ադրբեջանի կառավարության հետ կապեց մի ժամանակավոր համաձայնություն, որն արժեք պիտի ունենար մինչև այն օրը, երբ հաշտության խորհրդաժողովը կորոշեր Ղարաբաղի իսկական վիճակը։ Այդ համաձայնությամբ Ղարաբաղը կառավարվելու էր տեղական խորհրդի միջոցով։ Ադրբեջանը պարտավորվում էր պահել միայն մի փոքրաթիվ զորամաս Շուշում և Խանքենդում։ Նա իրավունք չուներ զորաշարժեր կատարելու առանց տեղական խորհրդի համաձայնության, իրավունք չուներ նաև զինաթափման պահանջ դնելու ժողովրդի առաջ։

Պարզ էր ամենքի համար, որ մինչև անգամ այդ համաձայնությունը համագումարի կողմից ընդունված է եղել սպառնալիքների տակ։ Վեց համագումար միմյանց հետևից ի լուր ամենքի ասել են մի խոսք ու քվեարկել մի բանաձև, որ Ղարաբաղը ճանաչում է միայն մեկ հանրապետություն՝ Հայաստանն է այդ։

Յոթերորդ համագումարը Ադրբեջանի վարիչների սպառնալիքների տակ հարկադրված եղավ զիջել ու ժամանակավորապես հաշտվել այն դրությանը, որ ստեղծվում էր երկուստեք կապած համաձայնությամբ։ Սակայն գեներալ-նահանգապետ Սուլթանովը խախտում է համաձայնությունը և նոր զորամասեր է մտցնում Ղարաբաղ։ Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարությունը տենդոտ պատրաստություններ է տեսնում, դարձյալ հակառակ համաձայնության սկզբունքներին՝ զինաթափելու հայ ժողովրդին և իր ծրագրերի մեջ գնում է ավելի հեռու՝ ձգտում է գրավել նաև Զանգեզուրը։

․․․ [Ադրբեջանի] գլխավոր նպատակն է հաշտության խորհրդաժողովը դնել կատարված փաստի առաջ և Հայաստանի վրայով միանալ իր զինակցին՝ Թուրքիային (տեքստում գրված է Տաջկաստան – խմբ․ ԱՆԻ-ի)։ Թուրքիան և Ադրբեջանը ներկա քաղաքական րոպեն են հարմար գտնում իրականացնելու իրենց վաղեմի ծրագիրը։

․․․ Չնայած Ղարաբաղի և Զանգեզուրի ժողովրդի բուռն ցանկությանը՝ միանալ մայր երկրին՝ մեր հանրապետությանը, Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած օրինապահության տեսակետի վրա, սպասել է հաշտության խորհրդաժողովի վերջնական խոսքին․․․

Տեղական հայերը, կտրված մայր հայրենիքից, ամեն անգամ հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին, բայց նա չի դադարում իր արյունի քաղաքականությունը անշեղ վարելուց և էլ ավելի ուժեղացնում է պատրաստություններն ու հաճախակի դարձնում հարձակումները։

․․․ Մարտի 22-ին Ադրբեջանի կանոնավոր զորամասերը, ռազմական մեծ պատրաստությամբ, թաթար խուժանի հետ միասին սկսել են հարձակումները Ղարաբաղի վրա։

Ադրբեջանի կառավարությունը, իր սովորության համաձայն, թաքցնելով եղելությունը, աշխատում է համոզել, որ այդ օրը Ղարաբաղը ապստամբեց իր իշխանության դեմ, բայց անհերքելի փաստերով ապացուցված է արդեն, որ այնտեղ ոչ մի ապստամբություն տեղի չի ունեցել։ Հարձակումն սկսվել է Ադրբեջանի ձեռքով և կանխամտածված ծրագրով, իսկ տեղական ժողովուրդը միայն ինքնապաշտպանության կռիվ է մղում իր գոյությունը փրկելու համար։

Երկու օրվա ընթացքում հայերի կողմից հետ է մղվել երկու հարձակում Գորիսի ուղղությամբ․․․

Այսպիսով, Ադրբեջանը կանոնավոր կռիվ է հայտարարել Ղարաբաղին ու Զանգեզուրին, տեղի հայ ժողովուրդը լավ ընբռնելով այդ ու պարզ գիտակցելով, որ իր գոյության խնդիրն է դրված հրապարակի վրա, ձեռնարկել է ուժեղ դիմադրություն և իր դեմ սկսված արշավանքը կանխելու նպատակով մարտի 26-ին, սկսել է առաջ խաղալ, վճռական գրոհով պատռել թաթարական ճակատն ու կապ հաստատել Շուշու և Գորիսի միջև (բուռն և երկարատև ծափահարություն, ձայներ՝ կեցցե Ղարաբաղը, կեցցե Զանգեզուրը), այդ ճանապարհն ապահոված է հայ գյուղացիների համար։

Հայերի ձեռին է նաև Ասկերանը (որոտընդոստ ծափեր, կեցցեներ)։

Հենվելով Ասկերանի վրա, հայ գյուղացիները առաջ են խաղացել դեպի Մալաքլու, ուր գտնվում է ադրբեջանյան շտաբը (երկարատև և աղմկալից ծափահարություն)։

Այս ամենը գալիս են մի ավելորդ անգամ ևս ցույց տալու, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը մեկ սիրտ ունեն և մի հոգի, որ անդարձ է նրանց վճիռը՝ ազատագրվել օտար լծից ու վերացնել իրենց մեջ եղած արհեստական պատնեշները։

Հայ ժողովուրդը դժնդակ պայմաններում ստիպված եղավ համաձայնության և զիջման խոսք ասել Ադրբեջանին, բայց կատարվածն եկավ ապացուցելու, որ ոչ մի բռնություն և ուժ չի կարող ճնշել նրա կամքը․․․

Ադրբեջանը խախտել է համաձայնությունը, հետևաբար նրա իշխանությունը Ղարաբաղում այլևս տեղի ունենալ չի կարող․․․

․․․ Նախարարների խորհուրդը ընդունել է մի քանի որոշումներ, որոնք պիտի ուղեցույց դառնան Թիֆլիսի համաժողովի մեր ներկայացուցիչների համար։

Հրահանգել ենք մեր ներկայացուցիչներին  հայտարարելու, որ մենք հաշտվում ենք, պայմանով սակայն, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի մասը պիտի կազմեն։

Մեր կողմից համաժողովին մասնակցելու են արտաքին գործերի նախարար Հ․ Օհանջանյանը, Ս․ Խաչատրյանը, Ս․ Մամիկոնյանը և Տ․ Բեկզադյանը։

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 73, չորեքշաբթի, 7 ապրիլի, 1920 թվական

Կարդալ նաև՝

Զանգեզուրի և Ղարաբաղի մեջ ընկած երկրամասը՝ մաքրված ադրբեջանյան զորքից․ մարտ, 1920