Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք»-ը՝ Կապանում

1287

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հուլիսի 22-ին Կապանում տեղի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» աշխատության ներկայացումը:

Սիվիլնեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» և մյուս աշխատությունները:

«Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի: Նրա այս հատորը շատ ծանոթ չէ Հայաստանի ընթերցողին: Եվ որպես պետական-քաղաքական գործիչ, և որպես գրող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնը իր համեստ լուման է ներդնում այս խոշոր հային, այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար»,- ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, որ լրանում է 2018-ի մայիսին, լավ առիթ է, որպեսզի գոնե մեկ դար անց Քաջազնունին արժանանա համահայկական ուշադրության, ինչին արժանի է:

Հակոբյանը խոսեց Քաջազնունի վարչապետի, պետական, քաղաքական ու կուսակցական գործչի (նա 1893-ից մինչև 1923-ը եղել է ՀՅԴ անդամ), ճարտարապետի ու հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրով ապրող մարդու մասին, ով իր որդիներին ուղարկում էր ճակատամարտի դաշտ:

Միջոցառման երկրորդ մասը վերաբերում էր 1917-1921 թվականների Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությանը և դիվանագիտական շփումներին, հայ-ադրբեջանական բախումներին ու ջարդերին, հայ-թուրքական պատերազմին, Զորավար Անդրանիկին ու Գարեգին Նժդեհին և Զանգեզուրի ժողովրդի մղած պայքարին 1918 -21 թվականներին:

Հակոբյանը ներկայացրեց մի շարք փաստեր այդ շրջանի պատմությունից (ինչպես է Կարսը և Նախիջևանը միացվել Հայաստանին 1919-ին, ինչպես ենք այն կորցրել), որից հետո տեղի ունեցավ քննարկում, մտքերի փոխանակություն ու բանավեճ:

Վերջում ցանկացողները ձեռք բերեցին Քաջազնունու, ինչպես նաև ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հրատարակությունները:

ԱՆԻ կենտրոն