Լուսաձոր գյուղը Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում է, մարզկենտրոնից՝ 10 կմ, Երևանից՝ 143 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 700 մետր բարձրության վրա:
Լուսաձորը նախկինում կոչվել է Ղարանլուղդարա, այնուհետև Խավարաձոր, ապա՝ Լուսաձոր:
Լուսաձորի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.
1831թ.- 105, բոլորը՝ հայ,
1873թ.- 99, բոլորը՝ հայ,
1886թ.- 108, բոլորը՝ հայ,
1897թ.- 164,
1908թ.- 202,
1914թ.- 214՝ ըստ Կովկասյան օրացույցի,
1916թ.- 198,
1919թ.- 283,
1922թ.- 240, բոլորը՝ հայ
1926թ.- 245,
1931թ.- 285, բոլորը՝ հայ:
Լուսաձորը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:
Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Լուսաձորը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840), Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:
Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:
1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:
1920 թվականի նոյեմբերի 29-ին Իջևանում հաստատվեցին խորհրդային կարգեր:
Դիտել և կարդալ նաև՝
https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ Առավոտ օրաթերթի, Ոսկան Սարգսյան