Գետահովիտ գյուղը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևանի հարևանությամբ, Աղստև գետի ձախ ափին:
Նախկինում ունեցել է Թալաքենդ և Թալա անվանումները: Գետահովիտ է վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին:
Գետահովտի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.
1831թ.- 118, բոլորը՝ հայ,
1873թ.- 352, բոլորը՝ հայ,
1886թ.- 450, բոլորը՝ հայ,
1897թ.- 559, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ)
1908թ.- 698,
1914թ.- 725՝ ըստ Կովկասյան օրացույցի,
1916թ.- 667,
1919թ.- 741,
1922թ.- 649, բոլորը՝ հայ,
1926թ.- 581, բոլորը՝ հայ,
1931թ.- 789, որից 762-ը՝ հայ, 27-ը՝ ռուս:
Իջևանը և շրջանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:
Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Իջևանը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840), Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:
Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:
1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:
1920 թվականի նոյեմբերի 29-ին Իջևանում հաստատվեցին խորհրդային կարգեր:
Դիտել և կարդալ նաև՝
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը