Իջևան քաղաքի բնակչությունը 1831-1931 թվականներին

6859

Իջևան քաղաքը Տավուշի մարզկենտրոնն է, գտնվում է Աղստև գետի երկու ափերին, Երևանից 143 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից շուրջ 700 մետր բարձրության վրա:

Իջևանի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1831թ.- 440 հոգի, բոլորը՝ հայ,

1873թ.- 1016 հոգի, բոլորը՝ հայ,

1886թ.- 1276 հոգի, բոլորը՝ հայ,

1897թ.- 1790 հոգի,

1908թ.- 3074 հոգի,

1914թ.- 4135 հոգի՝ ըստ Կովկասյան օրացույցի,

1916թ.- 1904 հոգի,

1919թ.- 3250 հոգի,

1922թ.- 2172 հոգի, որից 2171-ը՝ հայ, 1-ը՝ այլ

1926թ.- 2261 հոգի,

1931թ.- 2547 հոգի, որից 2526-ը՝ հայ, 21-ը՝ ռուս:

Այսօր Իջևանի բնակչությունը 18 հազարի սահմաններում է:

Իջևանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Իջևանը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

1920 թվականի նոյեմբերի 29-ին Իջևանում հաստատվեցին խորհրդային կարգեր:

Լուսանկարում՝ Իջևան, այն ժամանակ՝ Քարվանսարա գյուղը 1893 թվականին

Դիտել և կարդալ նաև՝

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը