Զանգեզուրի և Ղարաբաղի մեջ ընկած երկրամասը՝ մաքրված ադրբեջանյան զորքից․ 31 մարտի, 1920թ

4650

Զանգեզուրցիներն ու ղարաբաղցիները՝ միացած

Այս հեռագիրը մեծ խանդավառությամբ կարդացվեց ամսի [ապրիլի] 3-ի պարլամենտի նիստում

Հեռագիր Գորիսից, արված մարտի 31-ին

Խորին հրճվանքով շտապում ենք ուրախացնել Ձեզ, որ Զանգեզուրի և Ղարաբաղի բոլոր ճակատներում ունեցել ենք փառավոր հաղթություններ։

Ղարաբաղի և Զանգեզուրի փառապանծ զավակները հրաշքներ են գործում։ Թշնամու բոլոր հարձակումները հետ են շպրտված, ընդհակառակը, մերոնք հարձակման դիմելով՝ ջարդել են ադրբեջանյան զորքը, վերցրել են գերիներ և քշել թշնամուն մինչև Հաքեարի գետը։

Զանգեզուրի և Ղարաբաղի մեջ ընկած երկրամասը մաքրված է թշնամուց։ Մենք գրավել ենք նաև Դամրչիլարը, Կաբարին, Դոնդաբանը, Խաչալասանը, Զանգիլանը մինչև Բարտաղ։ Այս րոպեիս գրավեցինք հռչակավոր Մարկիզն ու Ավդալլարը [նախկին՝ Լաչին, այսօր՝ Բերձոր- ԱՆԻ կենտրոն]։

Շուշու խճուղին մեր ձեռքին է։ Բոլոր ճակատներում կռիվը շարունակվում է։ Ասկերանը Ղարաբաղի գյուղացիության ձեռքին է։ Թշնամու բոլոր հարձակումները փշրվեցին Ասկերանի ամրությունների առաջ։ Ղարաբաղի գյուղացիությունը շրջապատել է Մալիբեկլուն, Խանքենդին և Շուշին։  Քաջարի զանգեզուրցիները այսօր առավոտյան վաղ Խծաբերդի ուղղությամբ հարձակման դիմեցին և միացան ղարաբաղցիներին և ընդհակառակը՝ կալատասարցիները Ղարաբաղից անցան Զանգեզուր։

Համառ կռիվները շարունակվում են, հետևանքների մասին կհաղորդենք։ Օրդուբադի մոտ գտնվող շրջանը գրավված է մեր կողմից։

Զանգեզուրը պատրաստ է մեռնել Հայաստանի փառքի և պատվի համար։

[Զանգեզուրի] Ազգային խորհուրդ

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 72, երեքշաբթի, 6 ապրիլի, 1920թ․