Գանձաքար գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

4698

Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Գանձաքար գյուղը գտնվում է Իջևան քաղաքից 5 կմ, Երևանից՝ 138 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա, Աղստևի վտակ Ուրթաջուր գետի ջրերի մոտ:

Մինչև 1967 թվականիի մայիսի 25-ը կոչվել է Վերին Աղդան, ապա՝ մինչև 1978-ի հունվարի 25-ը՝ Աղդան։

Գանձաքարի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 327 բնակիչ, բոլորն էլ հայ:

1831թ. – 327, բոլորը՝ հայ,

1873թ. – 774, բոլորը՝ հայ,

1886թ.- 1127, բոլորը՝ հայ,

1897թ.- 1524, բոլորը՝ հայ,

1908թ.- 2036,

1914թ.- 2060,

1916թ.- 2010,

1919թ.- 2465,

1922թ.- 1959, բոլորը՝ հայ,

1926թ.- 1942, բոլորը՝ հայ,

1931թ.- 2247, որից 2205-ը՝ հայ, 42-ը՝ ռուս:

Կորկոտյանի հատորում նշվում է, որ 1931թ․ Գանձաքարում 2247 բնակիչներից 42-ը եղել են ռուսներ, մյուս 2205-ը՝ հայեր։

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 2458,

1959 – 2445,

1970 – 2961,

1989 – 2967:

Գանձաքարը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Գանձաքարը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Դիտել և կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/