Թուրք-ադրբեջանյան դաշինքը և դաշնագիրը. 1919թ. հոկտեմբերի 29

1951

Ադրբեջանի վարիչները հաճախ և շատ համառ կերպով պնդում էին, թե իրենց ու թուրքերի միջև ոչ մի պաշտոնական կապ չկա, թե իրենց համակրանքը դեպի Թուրքիան հիմնված է միայն կրոնական և ցեղային զգացմունքների վրա:

Այսօր մենք հրատարակության ենք տալիս թուրք-ադրբեջանյան գաղտնի դաշնագրի պաշտոնական տեքստը, որ ցույց է տալիս, թե հոկտեմբերից սկսած Պոլիսն ու Բաքուն կապված են իրար հետ ոչ միայն «կրոնական ու ցեղային զգացումներով», այլև զինվորական պաշտպանողական ու հարձակողական դաշինքով:

Այդ դաշինքով պայմանագրվող կողմերը փոխադարձաբար երաշխավորում են երկու երկրների հողային անձեռնմխելիությունը, եթե մեկն ու մեկի երկրամասի ամբողջությանը սպառնալիք լինի, պարտավորվում են զենքով դիմադրել:

Թուրք-ադրբեջանյան դաշնագիրն ուղղված է ոչ միայն հայերի ու վրացիների, այլև դաշնակից պետությունների դեմ: Այն հետևանք է այն տրամադրության, որ ունեն թուրք ազգայնականները՝ Մուստաֆա Քեմալի կողմնակիցները:

Թուրք-ադրբեջանյան դաշնագիրը

(պատճեն պաշտոնական բնագրի), հատվածներ

Պաշտպանողական և հարձակողական զինվորական պայմանագրություն՝ կնքված Օսմանյան կայսերական կառավարության և Ադրբեջանի հանրապետության միջև 1919թ. հոկտեմբերի 29-ին, մի կողմը ներկայացված Օսմանյան լիազոր ներկայացուցիչ ընդհանուր սպայակույտից զորաբաժնի զորավար Ջևադ բեյով, մյուս կողմը՝ Ադրբեջանի լիազոր Մ. Քերիմովի անձնավորությամբ:

Հոդված 1. Իսլամական խալիֆայության ներկայացուցիչ Օսմանյան կառավարության և Ադրբեջանի հանրապետության միջև, որ ձգտում է ձեռք բերելու իր անկախությունը, սկզբունքով ընդունված է, որ որևէ հարձակման կամ վտանգի պարագայում, որ կարող է առաջ գալ Ադրբեջանի բնական սահմանների պահպանությունից, Օսմանյան կառավարությունը ընձեռնի իր զինվորական օժանդակությունը և երկու իսլամական երկրները փոխադարձաբար իրար օժանդակեն համաձայն Ա. հավելվածի:

Հոդված 2. Ներկա պայմանագիրը երկու պայմանագրվող կողմերի համար էլ ի զորու է մեկ տարով, ներկա պայմանագրի ստորագրությունից հետո:

Հոդված 3. Ա. Երբ դաշնագրի կողմերից մեկը իրապես հարձակման ենթարկվի կամ գտնվի ստույգ վտանգի տակ, այն ժամանակ զինվորական փոխադարձ օժանդակությունը կստացվի:

Բ. Փոխադարձ օժանդակությունը պետք է կատարվի հետևյալ հիմքերով.

  1. Երբ պայմանագրվող որևէ մեկ կողմի երկիրը վտանգվի այս երկրների դրացի կառավարություններից:
  2. Երբ որևէ պետություն ցանկություն ունենա պայմանագրվող երկրներից մեկին ենթարկել իր քաղաքական, վարչական կամ ֆինանսական վերահսկողությանը և կամ երբ կապացուցվի, որ որևէ դաշինք կնքված պայմանագրվող երկրներից մեկի դեմ:

Երբ պայմանագրվող երկու կողմերը գտնվում են ստույգ վտանգի առջև, համապատասխան երկու սպայակույտերը մշակում են համախորհուրդ զինվորական գործողությունների հատակագիծ՝ ձեռք առնելով զինվորական անհրաժեշտ միջոցներն ու պատրաստությունները:

  1. Երկու պայմանագիր կողմերի միջև վարվելիք քաղաքականությունը ճշտված և ընդունված լինելով Ա հավելվածով՝ Ադրբեջանի հանրապետության և Օսմանյան կառավարության համապատասխան սահմանները պետք է ճշտվեն հաշտության կնքումից հետո, որը Օսմանյան կառավարությունը պետք է ընդունի և ստորագրի:
  2. Այն պարագայում, երբ Ադրբեջանի հանրապետության անկախությունը ձեռք չբերվի և Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու անկախությունը կորչելու վտանգի առջև գտնվի, երկու պայմանագրվող կողմերը չպետք է ստորագրեն հաշտությունը և վար չպիտի դնեն զենքերը, առանց նախապես ստանալու փոխադարձ հավանությունն ու համաձայնությունը:
  3. Պայմանագրվող կողմերը հանձն են առնում չհրապարակել ներկա զինվորական պայմանագրի բովանդակությունը մինչև նրա ավարտից վեց ամիս հետո:
  4. Եթե ներկա դաշնագրի ավարտից առաջ երկու դաշնակից կողմերի համապատասխան սահմանները որոշվեն, չորրորդ հոդվածի տրամադրությունները պետք է գործադրվեն:

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 70, շաբաթ, 3 ապրիլի, 1920 թ

Լուսանկարում՝ Քեմալական առաջնորդները նոր ձևավորված խորհրդարանի առաջ