Թուրքերի հետ բանակցությունների մասին Սիմոն Վրացյանի նամակը Ավետիս Ահարոնյանին. Բաթում, 8 մայիս, 1918

3408

Թուրքիայի հետ Բաթումի խաղաղության բանակցություններում Անդրկովկասի պատվիրակության խորհրդական Սիմոն Վրացյանի նամակը Հայոց Ազգային խորհրդի նախագահ  Ավետիս Ահարոնյանին Թուրքիայի դիրքրոշման մասին

8 մայիսի, 1918 թվական

Բաթում

Սիրելի Ավետիք

Երրորդ օրն է նստած ենք անգործ: Առաջին երկու օրը թուրք [տեքստում՝ այստեղ և մյուս բոլոր տեղերում գրված է տաճիկ-խմբ. ԱՆԻ-ի] և մեր դելեգացիաների փոխայցելություններն ու ճաշկերույթներն էին տեղի ունենում, իսկ այսօր բառիս բուն նշանակությամբ պարապ ենք, թուրքերը սպասում են գերման պատվիրակներին, որ բանակցություններն սկսեն: Թուրք պատվիրակության մեջ են Խալիլ բեյ, Վեհիբ փաշա, Թևֆիկ Սելիմ և Նասրեդին բեյ: Գերման պատվիրակությունը 4 հոգուց է՝ գեներալ ֆոն Լոսովի նախագահությամբ: Թուրք պատվիրակության հետ եկան մոտ 200 պաշտոնյաներ Բաթումի շրջաններում թուրք վարչություն ստեղծելու համար: Եկել են նաև ծովային մինիստր Ջեմալ փաշան, որ Ղարս է գնալու, պառլամենտի անդամներ, լրագրողներ, զանազան գործիչներ և գերմանական միսիայի անդամներ: Նրանք ընդունվեցին նվագով և թնդանոթաձգությամբ:

Զանազան անպաշտոն խոսակցություններից ու տեսակցություններից պարզվում է, որ թուրքերը այժմ ուրիշ լեզու են բանեցնում, քան Տրապիզոնում: Նրանց տոնը կտրուկ է ու վճռական: Խալիլ բեյը, օրինակ, պարզ պարզ հասկացրել է, որ Անդրկովկասը պետք է իր դիրքը որոշի համաշխարհային պատերազմի նկատմամբ, չեզոքությունն անկարելի է: Երևի հարկ կլինի կովկասյան երկաթուղով թուրք զորք ու զինամթերք տեղափոխել: Հաշտության հիմքը պետք է լինի Բրեստ-Լիտովսկի պայմանագրությունը, բայց, իհարկե, անկախ Անդրկովկասը պետք է երաշխիքներ տա, որ ինքն իբրև անկախ և մեկ պետություն կարող է գոյություն ունենալ:

Վեհիբ փաշան ի պատասխան եղած հարցումին ասել է, որ Ղարսի հայերի վերադարձն առայժմ անկարելի է, իսկ Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն է ասել, որ իրենք թույլ չեն տա թուրքահայերին վերադառնալ, մանավանդ՝ զինված, որովհետև վստահ չեն, որ Անգլիայի հաջողության դեպքում հայերը նորից չեն դավաճանի: Իրենք մեծ ուրախությամբ Միջագետքի հայերին էլ կհեռացնեն Թուրքիայից [նամակում օգտագործվել է Տաջկաստան ձևը-խմբ. ԱՆԻ-ի]: Երբ առարկվել է, թե թուրքահայ հարյուր հազարավոր գաղթականությունը վտանգավոր կլինի և Կովկասի իսլամ ազգաբնակության համար, ասել է, որ կարելի է փոխանակել՝ հայերին բնակեցնել Երևանի նահանգում, իսկ այդտեղի իսլամներին փոխադրել Թուրքիա, ուր կան շեն տներ և ցանված արտեր:

Այստեղ են և Դաղստանի ներկայացուցիչները: Նրանք զենք են ստացել թուրքերից և ուզում են փոխադրել իրենց երկիր բոլշևիկների դեմ: Նրանք ուզում են միանալ Անդրկովկասին և մասնակցել այստեղի բանակցություններին:

Այստեղ են հասել և մի շարք գերման առևտրական գործակալներ, որոնք ձգտում են անմիջապես մարգան արտահանելու իրավունք ստանալ և աշխատում են առևտրական կապեր հաստատել Կովկասի հետ: Շատ են հետաքրքրվում բամբակով, մետաքսով, պղնձով, կաշիով և այլն: Նրանցից մեկը վաղը մեկնում է Թիֆլիս: Խալիլ բեյն էլ է ուզում գալ Թիֆլիս հաշտությունը կնքելուց հետո:

Վաղը կամ մյուս օրը կսկսվեն խորհրդակցությունները: Գրելու ավելի բան կլինի, իսկ առայժմ այսքանը:

Վրաց Ազգային խորհուրդը մեր դելեգացիայի մեջ ունի հատուկ ներկայացուցիչ իբր թե գերիների հարցով զբաղվելու համար, իսկ ձեզ դելեգատի տեղ տրվեց, և դուք հրաժարվեցիք: Հետո էլ կասեք, որ Ազգային խորհուրդը բանի տեղ դնող չկա: Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցչի այստեղ լինելը, անկասկած, կարևոր կլիներ:

Ջերմ բարևներով՝ Ս. Վրացյան

ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24 (մաս 2), թերթ 306-307: Ինքնագիր: Մասամբ (թարգմանաբար) տպագրվել է հետևյալ ժողովածույում՝ Из истории иностранной интервенции в Армении, Ереван, 1970, էջ 95-96: