Ադրբեջանի պարլամենտը և Կարսի դեպքերը․ «Յառաջ», մարտ, 1920թ․

1086

Մարտի 8-ին պարլամենտի նիստում «Մուսավաթ», «Էհրար» և «Իթթիհատ» ֆրակցիաներից 21 անդամներ հարցապնդում են ներկայացրել Ղարսի դեպքերի մասին Ադրբեջանի կառավարությանը հետևյալ բովանդակությամբ․

«Մեր ունեցած մասնավոր և կիսապաշտոնական տեղեկություններից պարզվում է, որ հայկական կառավարությունը զինաթափման ձևի տակ ավերում է Ղարսի շրջանի մահմեդական գյուղերն ու բնաջնջման է երնթարկում խաղաղ մահմեդական ազգաբնակությունը։ Մոտ 10 հազար մահմեդականներ, չնայած իրենց զենքը կամովին հանձնելուն, շրջապատված են հայկական կանոնավոր զորքի կողմից և ենթարկվում են ամբողջական կոտորածի։ Ադրբեջանի ղեկավար շրջանները չեն կարող սառնարյուն վերաբերվել Ղարսի շրջանում տեղի ունեցած արյունալի դեպքերին և նրանց ցեղակիցների վիճակը բնականաբար խորին ցասումի և վրդովմունքի զգացում է զարթնեցնում նրանց մեջ։ Մենք, ստորագրած պատգամավորներս, կուզեինք իմանալ, թե կառավարությունը տեղեկություններ ունի՞ այդ դեպքերի մասին և եթե ունի, ինչպիսի՞ քայլերի է նա դիմել՝ Ղարսի շրջանի անմեղ մահմեդականներին փրկելու համար»։

Պարլամենտի ամսի 9-ի նիստում վարչապետ Ուսուբբեկովը վերջնական պատասխան տվեց այդ մասին։

Ջերմ վիճաբանություններից հետո, որին մասնակցեցին բոլոր ֆրակցիաները միաձայն, պարլամենտի հայկական ֆրակցիաների ձեռնպահությամբ ընդունվում է հետևյալ բանաձևը․

«Լսելով կառավարության լրիվ բացատրությունը Ղարսի շրջանի և Երևանի նահանգի արյունալի դեպքերի մասին պարլամենտի անդամների տված հարցին, և նկատի ունենալով հայկական հանրապետության ագրեսիվ գործողությունները, որոնք արտահայտվում են անպաշտպան մահմեդական ազգաբնակության բնաջնջումով, որի հետևանքով ոչնչացված են բազմահազար մահմեդականներ, և Անդրկովկասի անկախ հանրապետությունների միջև սահմանային և տերիտորիալ հարցերի այդպիսի լուծումը գտնելով կործանարար ու հակասող դեմոկրատական սկզբունքներին, ինչպես և վտանգավոր հեղաքփոխության նվաճումների և Անդրկովկասյան հանրապետությունների անկախության համար, ամբողջ աշխարհի և դրանց մեջ և Անդրկովկասի դեմոկրատիայի առաջ ուժգին բողոքում է Հայաստանի կառավարության գործելակերպի դեմ, պարլամենտի նախագահությանը լիազորում է այդ մասին բողոք ուղղել կուլտուրական ժողովուրդների պարլամենտներին, որպեսզի հարկավոր ազդեցությունը գործադրվի Երևանյան կառավարության վրա, և պահանջելով կառավարությունից վճռական միջոցներ, որոնք ապահովեն տուժածների կյանքը, պատիվն ու ինչքը»։

«Ազերբ․»

Յառաջ, ՀՅԴ, Երևան, թիվ 55, երեքշաբթի, 16 մարտի, 1920թ․

Լուսանկարում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի համարվող Կարսը, որ այսօր Թուրքիայի կազմում է, մեր օրերում

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/06/19/armenians-in-azerbaijan-parliament-members-1918-1920/

ՀՅԴ-ական երկու հայ նախարար՝ մուսավաթական Ադրբեջանի կառավարության կազմում (1919թ.)