Հայաստանը բոլշևիկյան ապստամբության օրերին. 1920 թվականի ապրիլ-մայիս

2428
Հատված Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

1920թ գարունը և մայիսյան ապստամբությունը

Իր ներքին ախտերից և թերություններից Հայաստանը ինքն էլ ազատվում էր ներքին միջոցներով: Բայց նրա թշնամիները քնած չէին, դրանք արտաքին թշնամիներն էին, որոնք Հայաստանի ներսում ունեին իրենց գործակալները: Նրանք քանդում էին Հայաստանը, նրա անկախությունը, նրա ռամկավարական հիմնարկությունները:

Մեր գլխավոր հարևանները՝ բոլշևիկները և քեմալականները, Հայաստանում գործում էին իրենց ներքին գործակալների միջոցով: Բոլշևիկները ավելի էին ուժ տալիս իրենց քարոզչությանը մեծ և ուժեղ Ռուսաստանի հետ միանալու գաղափարներով, իսկ քեմալականները հենվում էին իրենց համակիր մահմեդական տարրերի վրա: Նրանց պայքարը սնունդ էր ստանում դրսից:

Այս էր իրերի իսկական դրությունը: Ես ուզում եմ իմ դիտողությունների հիմնա վրա ընդգծել, որ քայքայիչ աշխատանքը ծագում էր ոչ թե ներքին թերություններից, անկարողությունից կամ անխնամությունից, այլ արտաքին ուժերից, որոնք, ունենալով հանդերձ տարբեր նպատակներ և հիմունքներ, գեթ որոշ ժամանակ հավասարապես շահագրգռված էին վնասելու Հայաստանին իր պատմական ճանապարհի վրա: Ինձ շրջապատող քաղաքական գործիչների շարքում տարբեր էր վերաբերմունքը հակապետական տարրերի դեմ կռվելու միջոցների հարցում: Ոմանք պահանջում էին դիմել խիստ միջոցների, բանտարկությունների և աքսորների, մյուսները գտնում էին, որ այդ կարգի միջոցները պետք է գործի դնել միայն գործուն քարոզչության պարագայում: Իմ կառավարությունը ավելի հակված էր երկրորդ տեսակետի կողմը: Ոմանք գտնում էին, որ զինվորական նախարարը պետք եղած չափով ուշադրություն չի դարձնում սպայական կազմի վրա: Հիշում եմ, որ այդ հողի վրա մի անգամ մեծ դժգոհություն բարձրացավ, երբ սպաների մի խումբ խրախճանքից հետո երգեց ռուսական հին օրհներգը. «Տե՛ր, պահպանի ցարին»: Բայց պետք է ասել, որ բոլշևիկյան տրամադրություններով համակված գործիչները արտաքուստ իրենց շատ կոռեկտ էին պահում և առիթներ չէին տալիս բանտարկության համար: Ես կտամ նրանցից մի քանիսի անունները, որոնց ճանաչում էի «Քաղաքների միություն»-ում ունեցած աշխատանքներից. Օրինակ՝ ճարտարապետ Ալլահվերդյանը և ուսուցիչ Ղարիբջանյանը: Մյուսներին ես առաջի անգամ ճանաչեցի Հայաստանում, ինչպես կապիտան Մուսայելյանին, Մռավյանին:

Բնորոշ է մասնավորապես զրահապատ գնացքի պետ կապիտան Մուսայելյանի հետ եղած դեպքը:

Կառավարության անդամները, առանձնապես գնահատելով նրա և զրահապատ գնացքի մյուս պետ Սիրունյանի ծառայությունները, նրանց հրավիրեցին ճաշի: Զինվորական նախարարը նրանց շնորհակալություն հայտնեց իրենց ծառայության համար: Ես ներկա էի այդ հրավերին և հիշում եմ, թե ինչպես կապիտան Մուսայելյանը փոխադարձ շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար և հարգանքով էր վերաբերվում իր պետերին: Մինչդեռ մեկ-երկու ամիս հետո իր զրահապատ գնացքի վրա առաջին ապստամբության դրոշը բարձրացրեց կառավարության դեմ:

Բոլշևիկյան կուսակցությունը, անշուշտ, ուներ իր գաղտնի կազմակերպությունը, գործում էր զինվորական մասերում, մանավանդ՝ Ալեքսանդրապոլի և Կարսի, այսինքն՝ կառավարության անմիջական հսկողությունից դուրս ավելի հեռու շրջաններում, հեռագրական պաշտոնյաների և աշակերտության միջավայրում: Բոլշևիկյան քարոզչության հաջողությանն էին ծառայում Ռուսաստանի կողմից օգնության խոստումը սահմանների ապահովության, խոստում հաց և սննդի պիտույքներ մատակարարելու, բանակը ցրվելու խոստում, կյանքի էժանացում, մաքսային սահմանների վերցում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև ու այլ բարիքներ:

Այդ մասին գրվում էր և խոսվում թռուցիկների և քարոզչական բնույթ կրող գաղտնի զրույցներում: Այդ բոլորը ես առիթ ունեցա կարդալու և ապստամբության ղեկավար, կապիտան Մուսայելյանի՝ բանակի սպայակույտի պետ, զորավար Հախվերդյանին ուղղված նամակում, որ զորավար Հախվերդյանը ստացել էր ճիշտ այն օրը, երբ Մուսայելյանը իր զրահապատ գնացքի վրա բարձրացրել էր կարմիր դրոշակը:

Սակայն այդ դեպքերից անմիջապես առաջ՝ 1920թ. ապրիլին Հայաստանի կյանքը ընթանում էր խաղաղ և արտաքուստ ոչ ոք չէր կարող գուշակել գալիք անցքերը: Պետական շինարարության վերջին մշակութային գործը այդ շրջանում պետք է հանարել Սևանա լճի վրա առաջին հայկական նավ բաց թողնելը: Նավի անունն էր «Աշոտ Երկաթ»: Ես ներկա էի այդ հանդեսին՝ բանակի բարձր պաշտոնյաների և խորհրդարանի անդամների հետ: Մեր նավը կառուցվել էր Սևանա լճի ափին, նրա վրա տեղավորված էր մի թնդանոթ և դրված էր շոգեմեքենա: Մենք այդ նավը հատկացրել էինք ափերին ծառայելու ՝ ապրանքներ տեղափոխելու և ափերը պաշտպանելու համար: Նավի կայմի վրա բարձրացավ հայկական դրոշակը, նավը պահող պարանները կտրվեցին, հենարանները վերցվեցին, և «Աշոտ Երկաթը» թեթևությամբ խորասուզվեց լճի ալիքների մեջ: Մեզ թվում էր, թե մենք հայ նավատորմի նահապետի օծման հանդեսն ենք կատարում: Արտասանվեցին շատ ոգևորիչ ճառեր և, ընդհանրապես, տրամադրությունը շատ բարձր էր:

Երկրորդ նավը՝ Բաթումից բերված շոգոշարժ նավակը, կարճ ժամանակից նույնպես բաց պիտի թողնվեր լճի վրա:

Ապրիլ ամիսն էր: Իմ առաջարկության համաձայն՝ կառավարությունը ավելի ուժեղացավ՝ իր կազմում ընդունելով Հ. Յ. Դաշնակցության ամենից կարկառուն ներկայացուցիչներին: Ապրիլին Համո Օհանջանյանը դարձավ արտաքին գործերի, Ռուբեն Տեր-Մինասյանը՝ զինվորական նախարար, օգնական՝ Հովհաննես Հախվերդյան, աշխատանքի և երկրագործության նախարար դարձավ Սիմոն Վրացյանը, հաղորդակցության նախարար՝ Արշակ Ջամալյանը: Հաշվի առնելով կառավարության մեջ արդեն եղող մյուս ականավոր դաշնակցական գործիչներին, պետք է ասեմ, որ Հ. Յ. Դաշնակցությունը կառավարությանը տվել էր իր լավագույն ուժերին: Դա ուժեղացնում էր կառավարությանը, բայց կուսակցությանը զրկում էր իր ամենաուժեղ մարդկանցից զուտ կուսակցական աշխատանքում: Կուսակցական աշխատանքի համար մնում էին երկրորդական ուժեր, որոնք, սակայն, նույնպես զբաղված էին ավելի խորհրդարանական, քան կուսակացական աշխատանքով:

Տեղական գործիչները նույնպես Հայաստանի զանազան վայրերում զբաղված էին զբաղված էին համայնքային և քաղաքային հիմնարկություններում: Դա բնական երևույթ էր, եթե նկատի ունենանք մտավորական ուժերի սակավությունը Հայաստանում: Ինքը՝ կուսակցությունը, ցանկանալով բարձրացնել իշխանության հեղինակությունը երկրում, որոշել էր բովանդակ ուժերը նվիրել պետական աշխատանքին:

Ապրիլի վերջը ես անցկացրի անհանգստության մեջ, որովհետև մոտենում էր մայիսի 1-ը, երբ առաջին անգամ Հայաստանը պիտի կատարել բանվորական միջազգային տոնը: Մայիսի 1-ի նախօրյակին՝ ապրիլի 30-ի առավոտյան, Հ. Յ. Դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց ինձ, որ աչքի առաջ ունենալով բանվորական տոնի բնույթը, կուսակցությունը իր մարմինների միջոցով իր վրա վերցնում է արտաքին կարգապահությունը և ժողովրդական ցույցերի ղեկավարությունը փողոցներում: Ես այդ հայտարարությունը ընդունեցի ի գիտություն, բայց, այնուամենայնիվ, ինձ մոտ հրավիրեցի քաղաքապետ Շահխաթունուն և նրան հայտնեցի, որ թեև կուսակցությունը իր վրա է վերցնում տոնակատարության վերահսկողությունը, բայց դա չի ազատում իշխանություններին կարգապահության պատասխանատվության համար, ուստի քաղաքի իշխանությունները պարտավոր են աչալուրջ հետևել այն բոլորին, ինչ տեղի է ունենալու փողոցներում: Նույն օրը ինձ այցելեց տոնակատարության կարգադրիչ հանձնախմբի նախագահ Ավալյանը և վստահեցրեց, որ ամեն ինչ պիտի ընթանա կանոնավոր կարգապահությամբ:

Նույն մտքով հեռագրեր էին ուղարկվել գավառական քաղաքներ, այդ մասին հարկ եղած կարգադրությունը արել էր նաև ներքին գործերի նախարարը:

Մայիսի 1 շատ վաղ առավոտյան փողոցներում սկսվեց առանձին կենդանություն: Առավոտյան ժամը 8-ին իմ բնակարան եկավ քաղաքապետ Շահխաթունին և զեկուցեց, որ բոլշևիկները կարծես թե իրենց ձեռքն են վերցնում տոնակատարության նախաձեռնությունը: Նրա ասելով, առաջին բեռնատար ինքնաշարժը, որ պետք է բացեր հանդիսավոր ժողովրդական տողանցքը, զարդարված էր Լենինի նկարով, խորհուրդների մանգաղով ու մուրճով և միայն երկրորդի վրա էր դրված ազգային վերածնության ռահվիրա Քրիստափոր Միքայելյանի պատկերը:

Պետք է ասել, որ ժողովրդական տողանցքի արտաքին կարգապահությունը հանձնվել էր արհեսատակցական կազմակերպությունների միության նախագահ Ավալյանին՝ մի դաշնակցականի, որ շուտով անցավ բոլշևիկների կողմը:

Սահմանված կարգի համաձայն՝ շքերթը առավոտյան ժամը 9-ին պետք է մոտենար խորհրդարանի շենքին, որի պատշգամթից պետք է արտասանվեին ճառեր, փողոցում պետք է տեղի ունենար միտինգ: Խորհրդարանի առջև կանգնած էր մի փոքրիկ զինվորական մաս:

Լսելով Շահխաթունու զեկուցումը, նրա հետ միասին գնացի խորհրդարան, որի առջև արդեն շատ մեծ բազմություն կար: Թվով վեց ինքնաշարժեր արդեն միտինգի վայրում էին: Արտասանվում էին ճառեր: Ամբոխը արտահայտում էր իր զգացումները՝ նայած արտասանվող ճառերի բովանդակությանը: Ճառեր արտասանվում էին փողոցում և խորհրդարանի պատշգամբից: Պատշգամբի կից սենյակում կառավարության մի քանի անդամներն էին՝ Հ. Յ. Դաշնակցության գլխավոր գործիչները և վրացի հայտնի քաղաքական ու հեղափոխական գործիչ Իսիդոր Ռամիշվիլին, ով Երևան էր եկել վրաց սոցիալ-դեմոկրատ կուսակցության անունից ողջունելու հայ դեմոկրատիան:

Բոլշևիկյան ոգով արտասանված ճառերը ժողովրդի բազմության կողմից ընդունվում էին սառը կերպով, իսկ մի փոքր խմբի մոտ, ըստ երևույթին բոլշևիկների կողմից՝ մեծ ոգևորությամբ: Այդ փոքրաթիվ խումբը գործում էր արտակարգ եռանդով: Սուլոցներով էր ընդունում իր համար անհամակրելի ճառերը, իսկ յուրայինները ծափահարում էին աղմուկով: Պատշգամբից արտասանվում էին ճառեր դեմոկրատիզմի և անկախության ոգով: Գնդապետ Շահխաթունին, չկամենալով, որ զինվորները լսեն բոլշևիկյան ոգով արտասանվող ճառերը, կառավարության թույլտվությամբ զինվորներին ուղարկեց զորանոցները:

Ընդհանուր առմամբ օրը հանգիստ անցավ: Միտինգը և ճառերը կրճատվեցին, երեկոյան ամբոխը խաղաղ զբոսնում էր գլխավոր փողոցում: Մեր ընդհանուր և, մասնավորապես, իմ անձնական կարծիքն այն էր, որ բոլշևիկները Երևանում ունեին համակրողների փոքրաթիվ խումբ: Բայց երեկոյան նրանք ձուլվեցին ազգայնորեն տրամադրված քաղաքացիների ահագին բազմության մեջ: Այդ կողմից Երևանը ոչ մի առանձին հարց չէր հարուցում: