Ադրբեջանը Ռուսաստանից բնական գազ կգնի, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի 2-ին Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևի և ռուսական «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ։
Էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության տնօրեն Պետրոս Թերզյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է՝ զարմանալի ոչինչ չկա, որ Ադրբեջանը գազ է ներկրելու Ռուսաստանից։
«Նրանք գազ են ներկրում, որպեսզի այն մղեն իրենց մարող նավթահորերը։ Խնդիրն այն է, որ նավթահանքերի արագ շահագործման հետևանքով ադրբեջանական նավթահորերում ճնշումն ընկել է, և նավթը սովորական ճանապարհով հնարավոր չէ մղել վերև։ Հարկավոր է ճնշում տալ նավթահորերին, որպեսզի նավթը բարձրանա վերև։ Այդ դեպքում, սակայն, բարձրանում է արդյունահանված նավթի ինքնարժեքը»։
Թերզյանի խոսքով՝ ամբողջ հարցն այժմ այն է, թե արդյոք Ադրբեջանը կշարունակի Ռուսաստանից գազ ներկրել, երբ գործարկվի «Շահ Դենիզ 2» գազի հանքավայրը։
«BP-ն գազի լրացուցիչ ծավալների կարիք կունենա, որպեսզի ներարկի «Ազերի-Չիրագ-Գյունեշլիի» նավթային հանքահորեր։ Այդ հանքահորերը հայր և որդի Ալիևների պահանջով անխնա շահագործվել են առավելագույնս արագ նավթային եկամուտներ ապահովելու համար, ինչի արդյունքում նավթահորերում ընկել է ճնշումը և խախտվել նավթի նորմալ արդյունահանման գործընթացը»,- ասել է Պետրոս Թերզյանը։
Ըստ ադրբեջանական Medyan.tv-ի՝ Ռուսաստանից գազ գնելու նախաձեռնությունը գալիս է SOCAR-ի կողմից։
Մարտին հայտարարվել էր նաև, որ Ադրբեջանը տասը տարվա մեջ առաջին անգամ սկսել է գազ ներմուծել (Թուրքմենստանից)։ Petrostrategies ընկերության դիտարկումով՝ Ադրբեջանի առևտրային գազի արդյունահանման ծավալը 2016թ․ նվազել է մինչև 18.75 մլրդ խմ՝ 2015թ․ 19.44 մլրդ խմ-ի համեմատ։ Արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 8.06 մլրդ խմ՝ 2015 թ. 8.14 մլրդ խմ-ի համեմատ։
Ըստ Petrostrategies-ի՝ Ադրբեջանում նվազել է նաև նավթի արդյունահանումը։ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերում, որի շահագործման միջազգային կոնսորցիումը ղեկավարում է British Petroleum-ը, 2016թ․ արդյունահանվել է օրական 630 000 բարել նավթ՝ 2015թ․ 634 000-ի համեմատ։ 2016թ․ Ադրբեջանի նավթի ընդհանուր արդյունահանումը կազմել է 41.03 մլն տոննա, մինչդեռ 2015 թ. այն կազմել էր 41.7 մլն տոննա։
Մյուս կողմից, «Շահ-Դենիզ» հանքավայրի գազի արտադրությունը 2015թ․ 9.9 մլրդ խմ-ից աճել է 10,7 մլրդ խմ 2016թ.։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը 2016թ․ արդյունահանել է 29.33 մլրդ խմ գազ՝ 2015թ․ 29.72 մլրդ խմ-ի համեմատ։