Հայաստանի խորհրդի (պառլամենտ) օրենքը երկրում օրենքների գործադրման մասին․ 6 դեկտեմբեր, 1918թ

3413

Հայաստանի խորհրդի օրենքը «Նախկին ռուսական կայսրության օրենքների գործադրման մասին Հայաստանի տերիտորիայի վրա»

6 դեկտեմբեր, 1918թ․

Հայաստանի Հանրապետության տերիտորիայի վրա գործադրվում են ժամանակավորապես նախկին ռուսական կայսրության օրենքները Ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի ու Սեյմի և Հայաստանի խորհրդի փոփոխություններով ու լրացումներով։

Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները 1918-1919 թթ․։ Մաս 1, Երևան, 1919, էջ 27։

Ծանոթագրություններ ԱՆԻ-ի

Հայաստանի խորհուրդ – Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Առաջին Հանրապետության հռչակումից երկու ամիս անց: Դա նաև Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում: Առաջին խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 թուրքերի (այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներ) ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր: Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ), Սոցիալ դեմոկրատներ և Սոցիալիստ հեղափոխականներ:

Ժամանակավոր կառավարություն – 1917 թվականի փետրվարի 28-ին, նոր տոմարով՝ մարտի 12-ին, տեղի ունեցավ Ռուսաստանի Մեծ հեղափոխությունը, որը տապալեց Ռոմանովների 300-ամյա իշխանությունը։ Նրան փոխարինեց Ժամանակավոր կառավարությունը իշխան Գեորգի Լվովի գլխավությամբ, որը կայսրությունը ղեկավարեց մինչև նույն տարվա աշուն՝ մինչև բոլշևիկյան հեղափոխությունը։

Սեյմ, Անդրկովկասյան Սեյմ – երկրամասի օրենսդիր մարմին, կազմավորվել է 1918 թվականի սկզբին՝ Թիֆլիսում։  Անդրկովկասյան սեյմի մեջ մտան ռուսական Սահմանադիր ժողովի՝ Անդրկովկասից ընտրված պատգամավորները, ինչպես նաև երկրամասում գործող մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ՝ 36 վրացի մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 էսէռ, 14 այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Անդրկովկասի բոլշևիկները հրաժարվեցին մասնակցել սեյմին և բողոքեցին նրա կազմավորման դեմ։ Սեյմի նախագահ ընտրվեց վրացի մենշևիկ Նիկոլայ Չխեիձեն, կառավարության ղեկավար նշանակվեց վրացի մենշևիկ Եվգենի Գեգեչկորին։