Ժողովրդավարությունը ամենաքիչն է, որ հետաքրքրում է Բակո Սահակյանին. Հայկ Խանումյան

1326

Ղարաբաղի հարցում զիջումները Բակո Սահակյանի պաշտոնավարման երկարաձգման «ամենահավանական տարբերակներից է»․ Հայկ Խանումյան

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հանդես էր գալիս Արցախում սահմանադրական փոփոխությունների դեմ։ ՍիվիլՆեթը զրուցել է կուսակցության ղեկավար, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ։ Խանումյանի կարծիքով՝ ամենահավանական տարբերակներից է, որ Սահակյանի իշխանության երկարաձգման և ամրապնդման հիմքում Ղարաբաղի հարցում հնարավոր զիջումներն են։

Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) համագումարը, որը որոշում է ընդունել հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը

Լեռնային Ղարաբաղում 2017թ․ փետրվարին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարում նախագահական ուժեղ համակարգի, վերացվում է վարչապետի ինստիտուտը։ Գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․։ Մինչև 2020թ․, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, նախագահին կընտրի խորհրդարանը։

Երկու ժամկետ նախագահելուց հետո այժմ Բակո Սահակյանը հնարավորություն ունի երեք տարի նախագահել անցումային ժամանակահատվածում և ևս երկու անգամ հավակնել նախագահի պաշտոնին համապետական ուղղակի ընտրություններում։

Արցախում սովորաբար հակված չեն զիջումների, սակայն քաղաքական գործիչների մեջ այդ առումով ամենաթույլ օղակը Բակո Սահակյանն է: Արցախում սովորաբար հակված չեն զիջումների, սակայն քաղաքական գործիչների մեջ այդ առումով ամենաթույլ օղակը Բակո Սահակյանն է:

 

– Պարոն Խանումյան, Դուք մտավախություններ էիք հնչեցնում դեռ մինչև սահմանադրական փոփոխությունները, որ Սահմանադրությունը փոխվում է գործող նախագահի ղեկավարման ժամկետը երկարաձգելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այժմ ԱԺԿ-ի կողմից Բակո Սահակյանի թեկնածության առաջադրումը։

– Այո, դեռևս 2016թ. փետրվարից ես հրապարակայնորեն խոսում էի Բակո Սահակյանի նախագահության շրջանի երկարաձգման մասին: Այդպիսի դատողություններ անել ինձ թույլ էր տալիս Սահակյանի մերձավոր շրջապատի անձնական զրույցներում արտահայտած մտքերը: Որոշակի խումբ մարդիկ ուղղակի ուզում էին թագավոր ունենալ իրենց գլխին և նախագահի պաշտոնում որևէ կերպ չէին պատկերացնում մեկ այլ գործչի, քան Բակո Սահակյանն է, թեկուզ իրենց շրջապատից: 2016թ. օգոստոսին արդեն հստակ էր, որ Բակո Սահակյանը ցանկանում է մնալ նախագահի պաշտոնում: Արցախի կուսակցությունների հետ հանդիպմանը ես հստակ և ուղղակի հարց տվեցի նրան այդ մասին: Նշեմ, որ նման հարցերին ինքն արձագանքում էր ցավոտ, գործող նախագահն ու նրա շրջապատը նպատակ ունեին հնարավորինս ծածուկ պահել իրենց ցանկությունները: Շրջապատ ասելով՝ նկատի ունեմ ոչ կուսակցական, ոչ քաղաքական շրջապատին: Այնուամենայնիվ, Բակո Սահակյանի պատասխանն իմ հարցին ի վերջո դրական էր․ նա ասաց, որ ցանկանում է նախագահ մնալ նաև 2017-2020թթ.: Իմ հարցին, թե արդյոք նոր սահմանադրության ընդունումից հետո ինքը կարող է առաջադրվել նաև 2020 և 2025 թվականների համապետական նախագահական ընտրություններում, սահմանդրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի պատասխանը նույնպես դրական էր: Այսպիսով, Բակո Սահակյանի առաջադրմանը մենք ականատես ենք լինում այսօր և ականատես կլինենք 2020 և 2025 թթ.: Սա միանշանակ հակասահմանադրական, հակաժողովրդավարական գործընթաց է, որը երկիրը տանում է դեպի թուլացում:

– Արցախի քաղաքական ուժերի մեջ արդյոք կա՞ հրապարակային կամ լռելյայն կոնսենսուս, որ Բակո Սահակյանը շարունակի ղեկավարել երկիրը։ Արցախում իշխող ուժը ներկայում «Ազատ հայրենիք» կուսակցությունն է, որը ղեկավարում է վարչապետը։ Սակայն Սահակյանի թեկնածությունը առաջադրեց խորհրդարանի մեծությամբ երրորդ ուժը։ Սա ինչ-որ բան նշանակո՞ւմ է։

– Ես կարծում եմ, որ առաջիկայում Բակո Սահակյանի թեկնածությունը կառաջադրի նաև խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը` «Ազատ Հայրենիք» կուսակցության ձևավորած «Հայրենիք» խմբակցությունը: Մեծությամբ երկրորդ խմբակցությունը` Դաշնակցությունը, եթե չառաջադրի, ապա կպաշտպանի Բակո Սահակյանի թեկնածությունը: ԱԺԿ-ի կողմից այս հարցում առաջնությունը ստանձնելը պայմանավորված է այդ կուսակցության առանձնահատկությամբ: Թեև այդ կուսակցությունը խորհրդարանի մեծությամբ երրորդ ուժն է, սակայն երկրի կարևորությամբ երկրորդ պաշտոնը` ԱԺ նախագահի պաշտոնը, զբաղեցնում է այս կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը: Դրա համար էլ վերջինս, չլինելով որոշում կայացնող և որոշումների վրա ազդող գործիչ,  ջանք ու եռանդ չի խնայում հիմնական որոշումներ կայացնողներին ծառայություններ մատուցել: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ Բակո Սահակյանը քարոզարշավին չմասնակցեց, այդ «բեռը» մեծամասամբ իր վրա վերցրեց Աշոտ Ղուլյանը` վարելով անընդունելի քարոզարշավ, որտեղ հիմնական նպատակը ընտրողին ու արցախցիներին խաբելն էր:

Իմ կարծիքով՝ ԱԺ նախագահն Արցախում ամենաշատ օրենք խախտող քաղաքացին է: ԱԺ գրեթե բոլոր նիստերը նա վարում է կանոնակարգի խախտումներով։ Նպատակը մեկն է` ապահովել նախագահականի համար ընդունելի արդյունք, հնարավորինս սպանել տարբեր քաղաքական նախաձեռնությունները: Կարծում եմ, որ հենց նրա ակտիվ միջամտությամբ է, որ հանրային հեռուստատեսությունը խիստ միակողմանիորեն է մեկնաբանում ԱԺ աշխատանքները` դրանք հիմնականում վերածելով ԱԺ նախագահի գործունեության լուսաբանման:

Ինչ վերաբերում է մեծությամբ ամենամեծ խմբակցությանը` վարչապետի գլխավորած կուսակցության հավակնություններին, ապա դրա հարցը լուծվել է դեռ սահմանդրական փոփոխությունների ժամանակ: Որպեսզի տեսականորեն բացառեն Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալու հնարավորությունը, Սահմանադրության մեջ մտցվել է կետ, որով անցումային շրջանի համար նախագահ ընտրվում է ԱԺ ձայների 2/3-ով՝ 22 ձայնով, իսկ «Ազատ Հայրենիքն» ունի ընդամենը 15 պատգամավոր: Հետևաբար, փոփոխված սահամանդրության նախագիծ կազմողները ժամանակին այս տեսական հնարավորությունը նույնպես հաշվի են առել և քայլեր ձեռնարկել:

– Մեկ մարդու պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Ձեր կարծիքով՝ այժմ գործնականում անշրջելի՞ է Արցախում այս գործընթացը։

– Եթե խորհրդարանի մեծությամբ երեք կուսակցություններն էլ պաշտպանեն Բակո Սահակյանի թեկնածությունը, ապա այո, գործնականորեն, դա անշրջելի է, քանզի «Ազգային վերածնունդ» և «Շարժում-88» կուսակցությունները խորհրդարանում միասին ունեն ընդամենը 4 պատգամավոր, իսկ անկախ պատգամավորն էլ սովորաբար քվեարկում է մեծամասնության նման: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա դա ամենաքիչն է, որ հետաքրքրում է Բակո Սահակյանին և նրա շրջապատին:

Ժողովրդավարությունը ամենաքիչն է, որ հետաքրքրում է Բակո Սահակյանին և նրա շրջապատին

– Տեսակետներ են հնչում նաև, որ Բակո Սահակյանի իշխանության երկարաձգումը և ուժեղացումը տեղի է ունենում հակամարտության հնարավոր կարգարվորման դեպքում զիջումներ պարտադրելու համար։ Որքանո՞վ են, ըստ Ձեզ, այս պնդումները հիմնավոր։

– Ամենահավանական տարբերակներից է: Արցախում սովորաբար հակված չեն զիջումների, սակայն քաղաքական գործիչների մեջ այդ առումով ամենաթույլ օղակը Բակո Սահակյանն է: Կա նաև հարցի մյուս կողմը: Բակո Սահակյանի կողմից հակասահմանադրական իշխանության հաստատումն էականորեն թուլացնելու է Արցախը, զգացնելու է արդարության ճգնաժամ, ինչը հանգեցնելու է արտագաղթի, տնտեսական դրության վատացման: Իսկ սրանք չեն կարող դրականորեն ազդել կարգավորման գործընթացում մեր դիրքերի ամրապնդման վրա:

Զրուցել է Կարեն Հարությունյանը