Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Հայրենիքի փրկության կոմիտեի (1921 թ. փետրվարի 18-ապրիլի 2) և քեմալականների հետ հարաբերությունների մասին գրություն, որի հեղինակը Կոմիտեի ղեկավար, Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է: Այս նյութը տեղ է գտել Վրացյանի «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ. դեպքեր, դեմքեր, ապրումներ» վեցհատորյակի Զ հատորում (Բեյրութ, 1967, տպագրություն Համազգային) «Արտաքին հարաբերություններ» (էջ 38-54) խորագրի տակ: Այսօր ներկայացնում ենք հրապարակման այն հատվածները, որոնք վերաբերում են քեմալականներին:
________________________
Տրամաբանորեն, [1921թ] փետրվարի 18-ի հեղափոխությունը պետք է գլխավորեր Համո Օհանջանյանը՝ իբրև Բյուրո կառավարության վարչապետը: Իմ կառավարությունը եղավ փոխանցման կառավարություն, որ անկախ պետությունը հանձնեց խորհրդային իշխանությանը, բայց այդպես չեղավ: Համոն շատ հոգնած, ընկճված էր: Նրա բանտարկությունը սպառել էր իր ուժերը: Նրա փախուստը Հայաստանից և ձերբակալությունը չէին նպաստել նրա վարկի բարձրացմանը ժողովրդի աչքին…
Որոշվեց միաձայնությամբ, որ կառավարությունը պետք է կրի Հայրենիքի փրկության կոմիտե անունը՝ իմ նախագահությամբ.
Վարչապետ, արտգործնախարար և գյուղատնտեսական գործերի վարիչ՝ Սիմոն Վրացյան,
Զինվորական նախարար՝ Արշակ Հովհաննիսյան,
Ներքին գործերի նախարար՝ Կարո Սասունի,
Ելևմտական (ֆինանսների) նախարար՝ Համբարձում Տերտերյան,
Պարենավորման նախարար՝ Հակոբ Տեր-Հակոբյան,
Խնամատարության նախարար՝ Ս. Եղիազարյան,
Պրոպագանդայի և աշխատանքի նախարար՝ Հ. Սարգիսյան:
Բանակի ընդհանուր հրամանատար նշանակվեց Կուռո Թարխանյանը, սպայակույտի պետ՝ Գարեգին Սարգիսբեկյանը, Երևանի քաղաքագլուխ նշանակվեց Արշալույս Աստվածատրյանը:
Նույն ժողովում որոշվեց հեռագրեր տալ Մոսկվա, Անգլիա, Թիֆլիս, Բաքու, Եվրոպա՝ ՀՀ Պատվիրակությանը, պարզելով Հայաստանում կատարված հեղաշրջման իսկական իմաստը…
Մոսկվա՝ Լենինին հեռագրում էինք, որ Հայաստանի հեղաշրջումը ուղղված չէր Խորհրդային Ռուսաստանի դեմ, այլ հետևանք էր Հեղկոմի վայրագ քաղաքականության: Հակառակը, ազատագրված Հայաստանը ուզում է բարեկամ մնալ և հույս ունի բարեկամությունը վայելել Խորհրդային Ռուսաստանի:
Միևնույն ժամանակ, Չիչերինին հեռագրվեց, որ «Հայաստանի ժողովուրդը, տապալելով իր վրայից բոլշևիկյան լուծը, նպատակ չունիՌուսաստանի դեմ թշնամական ակտ կատարելու, հակառակը՝ նրա բաղձանքն է հաշտություն և տևական բարեկամություն հաստատել մեծ Ռուսաստանի և փոքրիկ Հայաստանի միջև»:
Անկարա, Ազգային Մեծ ժողովին հեռագրում էինք, որ Հայաստանը ձգտում է խաղաղ և բարեկամական հարաբերություն թուրքերի հետ:
Եվրոպա մենք հայտնում էինք հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու կամքը…
Մի քանի օր հետո մենք ուղարկեցինք արտասահմանի Պոլսի, Ամերիկայի և Եվրոպայի մեր ներկայացուցիչներին հետևյալ գրությունը, որ Հայրենիքի Փրկության կոմիտեի հանձնարարությամբ գրել էր Հովհաննես Քաջազնունին.
«Անցյալ տարվա նոյեմբերի վերջերին մեր պատերազմը Թուրքիայի հետ վերջացավ մեր պարտությամբ: Կարսը և Ալեքսանդրապոլը ընկան, և վտանգվեց Արարատյան դաշտը, այսինքն՝ Հայաստանի գոյությունը: Մեր կառավարությունը ուրիշ ելք չուներ, ստիպված էր հաշտության բանակցություններ սկսել և դաշն կապել, որքան էլ ծանր լինեին թելադրված պայմանները: Բանակցությունները տեղի ունեցան Ալեքսանդրապոլում, այնտեղ էլ ստորագրվեց խաղաղության դաշնը: Թուրքերի պահանջները շատ ծանր էին, բայց քանի որ մենք հաղթված էինք և պատերազմը շարունակելու ոչ մի հնարավորություն չունեինք, խոնարհվեցինք հաղթողի կամքի առաջ:
Ալեքսանդրապոլի պայմանները, որքան ծանր էր մեզ համար, այնուամենայնիվ, ապահովում էր Հանրապետության գոյությունը, ապա հնարավորություն էր տալիս ժողովրդին մի քիչ շունչ քաշել, ուժերը հավաքել և վերաշինել երկիրը, թեև շատ նեղ սահմաններում, ու վերականգնել ավերված տնտեսությունը: Կառավարության որոշումն էր՝ կատարել ամենայն ճշտությամբ հաշտության դաշնը, առիթ չտալ նոր պատերազմներին, հաստատել Թուրքիայի հետ բարի դրացիական, նույնիսկ՝ բարեկամական կապեր, վերսկսել առևտրական հարաբերությունները և խույս տալ ամեն տեսակի նոր բարդություններից
Դժբախտաբար, այս ծրագիրը չիրագործվեց:
Նույն ժամին, երբ մեր լիազոր պատվիրակները ստորագրում էին Ալեքսանդրապոլում խաղաղության դաշնը, նույն ժամին Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչը Երևանում՝ Լեգրանը, հայտնեց մեր կառավարությանը, որ Ադրբեջանի սահմաններից, Ղազախի և Դիլիջանի վրայով, մտել է Հայաստան ռուսական Կարմիր բանակը՝ հետը ունենալով Հայաստանի Հեղկոմին՝ կազմված դրսից եկած հայ բոլշևիկներից: Պարոն Լեգրանը … պահանջում էր Հայաստանը դարձնել Խորհրդային:
Հայաստանին սպառնում էր մի նոր պատերազմ, այս անգամ Սովետական Ռուսաստանի հետ:
Այսպիսի պատերազմ վարելու կամ առհասարակ որևէ ընդդիմադրություն ցույց տալու ոչ մի հնարավորություն չուներ մեր կառավարությունը, ուստի պատասխանեց, որ հաշվի է առնում իր դեմ ելած գերազանցորեն մեծ ուժը և, խուսափելով անիմաստ արյունահեղությունից, տալիս է իր տեղը եկվորներին…
Մեր արտասահմանի բարեկամները հաճախ խոշոր սխալներ են անում՝ անտեղյակ լինելով կամ հաշվի չառնելով մեր իրական դրությունը:
Բոլշևիկների դեմ կռվելու և ընդհանրապես մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պատք ունենք հարևան Թուրքիայի բարեկամությունը, նույնիսկ՝ աջակցությունը: Ամեն մի քայլ այդտեղ՝ արտասահմանում, որ հակառակ է մեր՝ Թուրքիայի հետ բարյացակամ կապերը հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Այսօր մենք երկու իրական ուժ ունենք մեր կողքին, մեկը Սովետական Ռուսաստանն է, մյուսը՝ Թուրքիան: Մյուս ուժերը մեզանից շատ հեռու են: Առաջինի հետ, ինչպես ցույց տվեց դառը փորձը, հաշտվել չենք կարող: Մենք պետք է հաշտվենք և բարեկամանանք մյուսի հետ: Դա անհնար չէ, քանի որ մենք և թուրքերը ունենք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով: Բոլշևիկի վերադարձը նույնքան անցանկալի պետք է նկատել Թուրքիայի համար, որքան և մեզ համար: Բոլշևիկների վերադարձը նշանակում է ոչ այլ ինչ, քան Հայաստանի կցումը Ռուսաստանին: Այդ դեպքում, Թուրքիան իրեն սահմանակից կունենա դարձյալ իր դարավոր թշնամին, մեծ ու ագրեսիվ Ռուսաստանը: Ագրեսիվ, որովհետև ամենքի համար պարզ է, որ Սովետական Ռուսաստանը նույնքան իմպերիալիստական է, որքան եղել է իր ժամանակին ցարականը:
Պահած ունենալով իր ձեռքում Ադրբեջանին, ամրանալով Վրաստանում և նվաճելով Հայաստանը, Սովետական Ռուսաստանըհետևյալ հերթին պիտի հարձակվի նաև Թուրքիայի վրա: Հասկանալի է, Թուրքիայի համար որքան ձեռնտու է ունենալ իր և Ռուսաստանի միջև այնպիսի անկախ պետություններ, ինչպիսին Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը: Այդ նորակազմ, փոքր պետությունները ոչ մի սպառնալիք չեն կարող ներկայացնել Թուրքիային, բայց, միևնույն ժամանակ, բավականին ապահովություն են Ռուսաստանի ոտնձգությունների դեմ: Եթե Թուրքիայի և Ռուսաստանի միջև ծագեն անհամաձայնություններ, որ անխուսափելի է, հակաբոլշևիկյան հայությունը հանդիսանում է թուրքերի բնական դաշնակիցներից մեկը: Այս հողի վրա մենք հաշտությամբ կորող ենք համաձայնության գալ թուրքերի հետ՝ նրանց և մեր օգտի համար:
Բայց սրա համար անհրաժեշտ է, որ արտաքին գործոնները անհնարին չդարձնեն հայ-թուրքական մերձեցումը: Ամենամեծ քաղաքական գործոնը այսօր Լոնդոնի կոնֆերանսն է և նրա որոշումները Մերձավոր Արևելքի նկատմամբ: Ստացել ենք Ամատունիից հեռագիր Պոլսից, բայց և այնպես, չգիտենք հաստատ, թե ձևակերպվել է՞ վերջնականապես մեր և թուրքերի միջև եղած դատի որոշումը և եթե ձևակերպվել է՝ ի՞նչ է այդ ձևակերպումը: Բայց մենք գիտենք մի ուրիշ բան ու շատ ենք ցանկանում՝ պահանջում ենք ամենակտրուկ կերպով, որ դուք ևս իմանանք այդ նույն բանը, այն է՝ այդ որոշումները փոխանակ մեր հոնքը շինելու, աչքն էլ չփչացնեն:
Մեր այսօրվա և վաղվա իրական դրությունը պահանջում է հաշտ և բարեկամական կենակցություն մեր հարևան Թուրքիայի հետ: Ուրեմն, մեր արտասահմանի բարեկամները, եթե նրանք իրոք բարեկամ են մեզ, չպիտի դնեն Թուրքիայի այնպիսի դրության մեջ, որ նա նկատի մեզ իբրև իր դժբախտության պատճառը և լցվի ատելության և վրեժխնդրության զգացումներով՝ հանդեպ մեզ: Կոնֆերանսի որոշումները մեր վերաբերյալ ընդունելի պիտի լինեն նաև Թուրքիայի համար. ահա մեր պահանջը…
Հայաստանի Փրկության կոմիտեի նախագահ՝ Ս. Վրացյան»:
Լուսանկարում՝ Սիմոն Վրացյան