Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի սղագրված տարբերակը խեղաթյուրված է ներկայացրել:
51 րոպե տևողությամբ այդ հարցազրույցը աղմկահարույց էր նրանով, որ Սերժ Սարգսյանը խոստովանել էր, որ 2011-ին Կազանում «հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:
Փաստացի, Սերժ Սարգսյանը դարձել էր Հայաստանի նախագահներից առաջինը, ով հրապարակավ խոսել էր Ադրբեջանին «7 շրջաններ» վերադարձնելու իր պատրաստակամության մասին՝ դա ներկայացնելով Կազանյան փաստաթղթի շրջանակներում պայմանավորվածություն հակամարտության կողմերի և միջնորդների միջև: Նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, նրանց արտգործնախարարները ևս բազմիցս հրապարակավ խոսել էին տարածքներ վերադարձնելու պատրաստակամության մասին, բայց երբեք չէին խոսել բոլոր 7 շրջանները վերադարձնելու մասին:
Հարցազրույցի օրերին իշխանական լրատվամիջոցները, փորձագիտական ու քաղաքագիտական հանրությունը ուղղակի լռության մատնեցին Սերժ Սարգսյանի այդ հարցազրույցը, կարծես ոչինչ չէր եղել:
Եվ ահա երեկ ես պատահաբար հայտնաբերեցի, որ Բաղրամյան 26-ը համարձակվել է խեղաթյուրված ներկայացնել այդ հարցազրույցի սղագրված տարբերակը: Նախագահականի կայքում ներկայացված սղագրության մեջ Սերժ Սարգսյանի «7 ադրբեջանական շրջաններ»-ից 7-ը դուրս են թողել: Բաղրամյան 26-ը, բնականաբար, չէր կարող տեսանյութը մոնտաժել, որպեսզի Սերժ Սարգսյանի շուրթերից հեռացնի յոթ թիվը: Իսկ ահա սղագրության ժամանակ դժվարություն չի ներկայացրել այդ յոթ թիվը հանել:
Աղմկահարույց այդ հարցազրույցի սղագրությունը նախագահականի կայքում դրված է հայերեն և ռուսերեն լեզուներով և երկու տարբերակներում էլ յոթ թիվը հանված է, ինչը նշանակում է, որ հատուկ հրահանգով է այդ թիվը հանվել: Հատկանշական է նաև, որ ռուսերենով հարցազրույցի տեսագրությունը ևս չի դրվել նախագահականի կայքում:
Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի հարցազրույցի ռուսերեն տեսագրությունը ամբողջությամբ, սղագրված այն հատվածը, որտեղ Սարգսյանը խոսում է «7 շրջաններ» վերադարձնելու մասին, ինչպես նաև Բաղրամյան 26-ի սղագրված տարբերակները երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Անգլերեն սղագրություն նախագահականի կայքում դրված չէ:
Ահա այդ հատվածի ճշգրիտ հայերեն թարգմանությունը. «Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:
Բաղրամյան 26-ը այսպես է սղագրել. «Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում»:
Ահա ռուսերեն տարբերակը, կրկին խեղաթյուրված և առանց յոթի. «А именно: армянские стороны, то есть Нагорный Карабах и Армения, оставляют те территории, которые сейчас заняты как зона безопасности, те территории, о которых азербайджанцы говорят, что они оккупированы».
Թաթուլ Հակոբյան
Կարդալ նաև՝
https://www.aniarc.am/2016/08/08/serzh-sargsyan-bio-changes-1993-defense-minister/
https://www.aniarc.am/2016/04/18/aghdam-baku-serzh-sargsian-bio-new-mistakes/