Թուրքիա մտնելու հայ-բրիտանական ծրագիրը 1919-1920-ին. վարչապետ Ալեքսանդր Խատիսյան

2646
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:
ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

_______________________________

Տասներորդ գլուխ

«Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում

Անգլիակա զինվորները՝ հնդկաստանցի գուրկոսները, շատ լավ էին վերաբերում մեր ժողովրդին, և չեղավ ընդհարման ոչ մի դեպք: Այլ ազգերի զինվորներ Հայաստանում չեղան, բացի երեք-չորս զինվորների, որոնք կային ֆրանսիական ներկայացուցչությունում:

Անգլիական անվան և դրոշակի վարկը շատ բարձր էր, և մենք նրա վրա հույսեր էինք դնում, երբ կազմում էինք դեպի թուրքական սահմանը առաջանալու ծրագիրը՝ Սևրի դաշնագրով մեզ տրված սահմաններին տիրանալու համար: Զորավար Բիչի, զորավար Նազարբեկյանի և Դրոյի հետ մենք մշակեցինք Թուրքիա մտնելու ծրագիր, որոշեցինք սննդատու կայանների կետերը, զորքերի տեսակները ու կազմը: Առաջին հերթին ենթադրվում էր առաջ շարժել 5000 հոգուց բաղկացած մի զորաբաժին 200 անգլիացի զինվորների ուղեկցությամբ, որի հետևանքով մեր գաղթականները աստիճանաբար պիտի մտնեին իրենց հայրենի երկիրը:

Այս ծրագրերը 1920թ. գարնանը բավանաչափ մշակված էին, բայց դրանց գործադրումը ձգձգվում էր Փարիզից և Լոնդոնից սպասված կարգադրության բացակայության պատճառով: Երևանում պարզ զգում էինք, որ մեր առջև կանգնած են հրատապ հարցեր՝ զինվորական ուժի կազմակերպության, թուրքերի հեռացման և գաղթականների վերահաստատման վերաբերյալ: Մենք այդ խնդիրներով Դաշնակիցներին դիմում էինք և՛ գրավոր, և՛ բերանացի: Իբրև նազմաթիվ այդպիսի դիմումների նմուշ եկ կբերեմ այն հուշագիրը, որ տրվց ֆրանսիական ներկայացուցիչ կապիտան Պուատեպարին՝ ֆրանսիական կառավարությանը ուղարկելու համար:

«Երևան, 6 Մարտի 1919

Թիվ 470

ՀՀ արտգործնախարարություն

Հուշագիր, տրված կապիտան Պուատեպարին, ֆրանսիական առաքելության ներկայացուցչին Երևանում՝ ֆրանսիական կառավարությանը ներկայացնելու համար:

  1. Անհրաժեշտ է արագ կարգադրություններով և եռանդուն միջոցներով հայկական հողամասերից հեռացնել թուրք զինվորներին և սպաներին, որոնք դեռևս գտնվու են այնտեղ: Մինչև այժմ օսմանյան զորացրումը Հայաստանու չի իրագործվել և մեծաքանակ զինված խմբերր թուրք սպաների ղեկավարությամբ գտնվում են Ախալցխայի, Ախալքալաքի, Կարսի, Արդահանի, Նախիջևանի շրջաններում՝ հասնելով մինչև Էրզրում, Երզնկա, Ալաշկերտ, Բիթլիս, Վան:
  2. Բացել Հայաստանի ճանապարհները և այնտեղ հաստատել կանոնավոր հաղորդակցություններ, գլխավորապես Տրապիզոնի, Էրզրում-Երզնկայի, Կարս-Ալեքսանդրապոլ-Էրզրումի, իգդիր-Բայազետի և Վանի միջև:Այս նպատակով, պետք է կարգի բերել ճանապարհները, կամուրջները, նրանց վրա զինվորական պահապաններ նշանակել, ձեռք բերել տեղափոպության միջոցներ (ավտոմոբիլներ):
  3. Կազմակերպել հայկական զինված ուժ Հայաստանում, նրան միացնել այն զորաբաժինները, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, դնել այդ զորքերը ֆրանսիական սպաների հրամանատարության տակ և նրանց համար հայթայթել ռազմամթերք, հագուստ և բոլոր զինվորական անհրաժեշտ միջոցները, ինչպես և պաշարը:

Ապագա Հայաստանի կազմակերպությունը անհնար է առանց այս երեք հիմնական խնդիրների լուծման:

Բացի դրանցից, իբրև անհետաձգելի խնդիր, կազմակերպել, որքան հնարավոր է շուտ, հայ գաղթականների վերադարձը, որպեսզի կարելի լինի արագությամբ վերականգնել տնտեական կյանքը:

Աչքի առաջ ունենալով, որ այն շրջանները, որտեղ պետք է ուղարկվեն գաղթականները, բոլորովին ավերված են, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետևյալ հարցերի լուծման համար. ա) մատակարարումը, բ) քանդված տների և ավերված գյուղերի վերականգնում և վերաշինություն տեխնիկական տեսակետից (երկրագործական մեքենանար, արհեստների գործիքներ և այլն), գ) առողջապահական միջոցների կազմակերպություն:

Ա. Խատիսյան»:

Նույնանման հուշագրերով Հայաստանի կառավարությունը իր պատվիրակության միջոցով դիմել էր Փարիզի վեհաժողովին: Պատվիրակության գործերում կարելի է գտնել նման բովանդակությամբ բազմաթիվ հուշագրեր, բայց ամբողջ դժբախտությունն այն էր, որ մեծ պետությունները 1919թ. և 1920թ. մի մասի ընթացքում ամբղջապես զբաղված էին գերմանական հարցով, և այդ միջոցին թուրքերն ու բոլշևիկները կարողացան կազմակերպել բանակ և կազմել ծրագրեր, որոնց նպատակակետն էր Կովկասյան հանրապետությունների վերացումը: Եվ երբ հերթը հասավ Թուրքիայի հետ կնքվելիք դաշնագրին և Հայկական հարցին, Փարիզի վեհաժողովն արդեն կորցրել էր իր հեղինակությունն ու հմայքը:

Դրա հետ միաժամանակ Կովկասում անկում էր ապրում նաև նրա հեղինակությունը, որտեղ, ինչպես և ամենուր, նախ և առաջ գնահատվում է ուժը: Այդ տեսակետից շատ բնորոշ է մի միջադեպ, որ ինձ պատմել է զորավար Բիչը:

Անգլիական կառավարությունը նրան հանձնարարել էր գնալ պարսկական Ադրբեջան, անցնել Խոյ, Սալմաստ և տեսնել քրդական ցեղերին ու հայտնի քուրդ ցեղապետ Սմկոյին և համոզել նրան՝ ենթարկվելու նահանգապետին: Երբ զորավար Բիչը խոսք է բացում այդ մասին, Սմկոն պատասխանում է. «Չեմ հասկանում մի բան՝ ի՞նչ է նշանակում նահանգապետ: Ինչո՞ւ նա չի ձերբակալում ինձ: Չէ՞ որ ես իրեն չեմ հպատակվում և նա պարտավոր է ինձ ձերբակալ: Իսկ եթե նա չի կարողանում ինձ ձերբակալել, ուրեմն ուժ չունի, և այն ժամանակ էլ ինչ նահանգապետ և ինչո՞ւ պետք է հպատակվեմ իրեն»:

Խոսակցությունը տեղի է ունեցել երեկոյան, իսկ առավոտյան Սմկոն ցույց է տվել իր զորքը՝ 800 զինված ձիավորներ: Եվ զորավար Բիչը հասկացել է Սմկոյի պատճառաբանությունը:

Երբ ես հարցրեցի զորավար Բիչին, թե ի՞նչ էր պատասխանել Սմկոյին, նա ասաց, որ նրա պատճառաբանությունը համարել էր հիմնավոր և նրան նվիրել էր 800 անգլիական ոսկի:

Սկզբներում՝ 1918 և 1919 թվականներին, թուրքերը այդ ուժը զգում էին հանձին անգլիական զորքերի, իսկ 1920թ. անգլիացիները սկսեցին հեռանալ Կովկասից, և միայն դատարկ հրամաններն ու սպառնալիքները դադարեցին ազդեցություն գործելուց: Սկսվեց Անգլիայի ազդեցության անկումը: Ինչո՞ւ հեռացան անգլիական զորքերը: Ես չգիտեմ ուրիշ բացատրություն, քան խաղաղասիրական հոսանքի ծավալվելը Անգլիայում, բանվորական շարժման ուժեղանալը, որը պահանջում էր զորացրում և զինվորական ծախսերի կրճատում:

Երբ Անգլիայում վճռվեց Կովկասը դատարկելու հարցը, մենք ամեն միջոց ձեռք առանք, որպեսզի Հայաստանում անգլիական զորքերը որոշ ժամանակ ևս մնան, բայց չհաջողեցինք որևէ լուրջ արդյունքի հասնել:

Հարց էր բարձրացված 40 հազար իտալական զորքեր ուղարկելու մասին: Ես առաջարկություն ստացա Հայաստանում բնակարաններ պատրաստել 8000 իտալական զորքերի համար, բայց այդ զորքերը չեկան: Ինչպես հետո իմացանք, պատճառները նույնն էին: Իտալիայում բանվորները հրաժարվում էին Բաթում գնացող շոգենավերը բեռնել: Սկսվել էին բողոքի գործադուլներ: Հյուսիսային Իտալիայում ուժողանում էր բոլշևիզմը : Այսպես փոխվեց զորքեր ուղարկելու կարգադրությունը, և Հայաստանը մերկացավ դաշնակից զորքերից:

Իտալիան, առհասարակ, ավելի հետաքրքրվում էր Վրաստանով, քան Հայաստանով, այտեղ գտնելով իր համար հարկավոր անտառը, քարածուխը և մանգանը: Ծերակուտական Կոնտիի իտալական առաքելությունը այդ մասին ինձ բացահայտ հայտարարեց: Հայաստանու  չկային մեծ հարստություններ, որոնք կարողանային գրավել Իտալիան և եվրոպական այլ երկրների դրամատիրական շրջանակները:

Ֆրանսիական զինվորական գործիչները՝ գնդապետ Շարդինին և կապիտան Պուատեպարը անձնապես միշտ կողմնակից էին ֆեդերատիվ սկզբունքի և մեզ միշտ համոզում էին պահպանել, որքան հնարավոր է, սերտ կապը Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի քաղաքացիական գործակալները նույնպես բաժանում էին այդ կարծիքները: Այստեղ արտահայտվում էր Ֆրանսիայի զգտումը՝ տեսնել հզոր Ռուսաստան, իբրև դաշնակից Գերմանիայի դեմ: Անկախ Կովկասի գաղափարը նրանց չէր ոգևորում: Կովկասի անջատման մեջ նրանք տեսնում էին Ռուսաստանի թուլացումը և անկեղծորեն հավատացած էին, որ Արևելքի փոքր ազգերը մեծ ազգերի կողմից պաշտպանության կարիք ունեն:

Այդ պատճառով, ֆրանսիական քաղաքականությունը անգույն էր և ոչ գործուն: