Չվախենալ Պուտինից

1356

Հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Սա մի կառույց է, որ իրականում դեռևս գոյություն չունի: Բայց ենթադրենք, որ այն կայանալու է, ենթադրենք Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ներուժը հնարավորություն է տալու, որպեսզի տարածքով մոլորակի ամենամեծ այս տերությունը Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և (հավանաբար մայիսից) Ղրղզստանի հետ ստեղծի տնտեսական ընդհանուր տարածք:

Հայաստանում ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակիցները, այդ թվում՝ երկրի իշխանությունները, պնդում էին կամ հասկացնել տալիս, որ Հայաստանը այլընտրանք չուներ և չէր կարող «ոչ» ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ եթե «ոչ» ասեր, ապա դրա դիմաց շատ թանկ կվճարեր և այդ գինը մոտավորապես կլիներ այն, ինչ այսօր վճարում է Ուկրաինան: Հայաստանի անվտանգությունը և ապագան Ռուսաստանի հետ կապողները (և ոչ միայն նրանք) հավատացած են, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը լուծում է առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ անվտանգության խնդիր:

Որ Հայաստանը, ավելի ճիշտ այսօրվա ղեկավարությունը այլընտրանք չուներ և չէր կարող «ոչ» ասել Պուտինին, հավանաբար ճիշտ է: Սակայն անհասկանալի է, թե ինչպես է Հայաստանը անվտանգության հարցեր լուծելու մի միության մեջ, որը տնտեսական է: Եթե ավելի պարզեցնենք հարցը, ապա կստացվի հետևյալը. քանի դեռ Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի կողմից ստեղծված ԵՏՄ-ին, Ադրբեջանը խիզախություն չի ունենա հարձակվել և նոր պատերազմ սկսել Հայաստանի և Արցախի դեմ:

Անկասկած, ԵՏՄ-ն քաղաքական կառույց է առաջին հերթին և ոչ տնտեսական միավորում: Սակայն ակնկալել, որ այդ միավորման մեջ մտնելով՝ Հայաստանը անվտանգության խնդիրներ է լուծելու, արդարացված չէ: Անվտանգության և պաշտպանության հարցեր լուծելու նպատակով, Հայաստանը հենվում է ներքին պաշարների (հայկական բանակ, ուժային այլ կառույցներ), ինչպես նաև՝ երկկողմ և բազմակողմ դիվանագիտության վրա (հայ-ռուսական ռազմական գործընկերություն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն):

Գետնի վրա, սակայն, գլխավոր դերակատարությունը վերապահված է հայկական բանակին: Սա անվիճարկելի ճշմարտություն է, որը ապացուցվել է ոչ վաղ անցյալի իրադարձություններով: Այսպես, 1991-1994 թթ. ռազմական գործողությունների, ինչպես նաև զինադադարի ավելի քան 20 տարիների ընթացքում, այդ թվում անցյալ տարվա ամռանը արձանագրված հայ-ադրբեջանական «մինի» պատերազմի օրերին, հենց հայկական բանակն էր, որ զսպում էր Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Անկասկած, Հայաստանը ավելի անվտանգ իրեն կզգար, եթե չունենար պատերազմի սպառնալիքներ հնչեցնող հարևան Ադրբեջան և շրջափակման քաղաքականություն վարող մեկ այլ հարևան՝ Թուրքիա:

Ամենից վտանգավորը հայության տարբեր շրջանակներում առկա այն միտումն է, որ եթե Հայաստանը մաս չկազմեր ԵՏՄ-ին, ապա Ռուսաստանը կպատժեր Հայաստանին և Արցախի հարցում կաջակցեր Ադրբեջանին: Այսինքն, Ռուսաստանը Հայաստանին կպատժեր Արցախով:

Այստեղ հարց է առաջ գալիս. եթե Ռուսաստանը Արցախի հարցը շահարկելով իր կրտսեր ռազմավարական գործընկեր Հայաստանին ստիպում է միանալ ԵՏՄ-ին, ապա ո՞րն է երաշխիքը, որ հետագայում նույնպես Մոսկվան չի շահարկի Արցախի հարցը և հայերի գլխավերևում ռուսական սուր չի ճոճի: Եվ ի՞նչ տարբերություն՝ Հայաստանը ԵՏՄ-ում է, թե ոչ: Եթե Մոսկվան անտեսում է հայ-ռուսական ռազմական գործընկերությունը, եթե անտեսում է բազմակողմ դիվանագիտությունը (Հայաստանի ՀԱՊԿ-ում անդամակցությունը) և հանուն ռուսական շահերի Հայաստանին տանում դեպի ԵՏՄ՝ շահարկելով Արցախի հարցը, ապա ինչո՞ւ նույն քաղաքականությունը չի շարունակելու, երբ Հայաստանը արդեն ԵՏՄ կազմում է, ընդ որում՝ առանց Արցախի:

Սա մի հարց է, գուցե ապագայի նոր մարտահրավեր, որին պետք է հայ քաղաքական և պետական միտքը պատասխան գտնի: Հակառակ դեպքում՝ Հայաստանի անկախությունից և ինքնիշխանությունից շատ բան չի մնա:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթի կայքում՝ 2015 թվականի հունվարի 6-ին