1920-ին Մեծ Բրիտանիան Հայաստանին տրամադրեց 1.2 միլիոն ֆունտի զենք և ռազմամթերք

1322
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:
ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

_______________________________

Տասներորդ գլուխ

«Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում

Գնդապետ Շաթելուորթը սկսեց նրանով, որ առաջարկեց Անդրանիկին՝ թողնել Զանգեզուրը, որտեղ նա մտել էր Նածիջևանից՝ վերադառնալով Պարսկաստանից: Անդրանիկը հեռացավ անգլիացի կապիտան Գիբբոնսի ուղեկցությամբ: Գնդապետ Շաթելուորթը եկավ Գորիս, և այդ միջոցին անգլիական հրամանատարությունը խնդրց ինձ՝ կառավարության կողմից այնտեղ ուղարկել մի լիազոր՝ համոզելու հայ ազգաբնակչությանը հանգիստ մնալ:

Ես Գորիս ուղարկեցի իշխան Հովսեփ Արղությանին: Իշխանը Ղարաբաղի և Զանգեզուրի խնդրում առհասարակ չափավոր տեսակետներ ուներ: Նա յան կարծիքին էր, որ պետք է Ղարաբաղն ու Զնգեզուրը պետք է բաժանել Զաբուղի գծով: Բայց նա ժողովրդի կողմից այնպիսի թշնամության էր ականատես եղել դեպի գնդապետ Շաթեալուորթի առաքելությունը, որ վերադառնալով, կառավարությանը զեկուցեց, որ ազգաբնակչությունը լսել անգամ չի ուզում Ադրբեջանի հետ միանալու մասին: Ժողովուրդը ուղղակի սպառնում էր Շաթելուորթին:

Անգլիացիների հոգեբանության մեջ ներկա պարագայում դեր էին խաղում երկու հանգամանք: Դա ասում եմ, հիմնվելով անգլիացի զորավարների խոսքերի վրա:

Նախ, նրանք ակնարկում էին այն ահագին հողամասերի վրա, որ Հայաստանը պիտի ստանար Թուրքահայաստանի վեց վիլայեթներում, այնինչ Ադրբեջանը ոչ մի կողմից չէր կարող ընդարձակվել, բացի Ղարաբաղը: Երկրորդ, Ղարաբաղի լեռները Ադրբեջանի բնական սահմաններն են, որովհետև Հայաստանի անցքերը դեպի Քռի հովիտը Շուշիի և Ասկերանի վրայով ուղղակի սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը: Իսկ հայերը գտնում էին, որ Ղարաբաղի ժողովուրդը իր պատմական անցյալով և ուժեղ, քաջ ու անկախ հոգով Հայաստանի ողնաշարն էր ներկայացնում:

Այդ վեճերի հետևանքն էր ապստամբությունը և գրեթե բացարձակ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Մնացած հողային խնդիրներում անգլիական քաղաքականությունը չէր տարբերվում հայկականից: Անգլիացիները, ինչպես ասացի, հաջողացրեցին, որ մենք տիրանանք բազմաթիվ մահմեդական շրջանների, որոնք այն ժամանակ բոլորովին զրկված էին հայ ազգաբնակչությունից:

Երևանի հայ քաղաքական շրջանակներում երբեմն շփոթում էին անգլիացիների քաղաքականությունը Ղարաբաղում առհասարակ նրանց մեհմեդական քաղաքականության հետ: Կարծում էին, որ միշտ և ամենուրեք անգլիացիները պաշտպանում էին մահմեդականներին, բայց դա սխալ է: Նրանք մահմեդականներին պաշտպանում էին այնտեղ, որտեղ, իրենց կարխիքով, այդ էին պահանջում Ադրբեջանի կենսունակության պայմանները:

1920թ. Անգլիայի աջակցությունը Հայաստանի հանդեպ արտահայտվեց Հայաստանի բանակի համար 40 հազարանոց  զենք ու ռազմամթերք ուղարկելով, որը այն ժամանակվա գներով արժեր 1.2 միլիոն ֆունտ սթեռլինգ: Հայերը անգլիացներին մեղադրում էին այն բանում, թե այդ զենքը հասավ շատ ուշ, թե զենքը այն տեսակից չէր, որին սովոր էին հայ զինվորները, և այդ մեղադրանքներն ու դժգոհությունը զուգադիպեցին 1920թ. աշնանը հայ-թուրքական պատերազմի անհաջող ելքի հետ:

Երբ ուշի ուշով ուսումնասիրում ես այն ժամանակվա անգլիական քաղաքականությունը, պարզ տեսնում ես, որ Անգլիան ուզում էր, որ հայերը, ինչպես և կովկասյան մյուս ազգությունները, կարողանային հետ մղել բոլշևիկյան առաջխաղացումը և տիրել Թուրքիայի հայկական վիլայեթներին: Իրենց ուժերով, իրենց սեփական ուժերով, հայերը չկարողացան անել դա: Եվ երբ անգլիացիները սկսեցին հասկանալ, որ հայերը չեն կարող իրագործել առաջադրված նպատակները, սկսեցին պաղել հայերից:

Անգլիական բարձր կոմիսարը այդ առիթով ասաց անգլիացիների համար բնորոշ մի նախադասություն. «Անգլիան խաղադրույք կատարեց անհաջող ձիու վրա», այսինքն, որ Հայաստանի և հայերի վրա դրած թուղթը չշահեց, քանի որ հայերը անկարող եղան իրագործել այդ դժվարին խնդիրը, որ վեր էր նրանց ուժերից:

Ինչ վերաբերում է անգլիացիների տեսակետին հայերի քաղաքական պահանջների, Հայաստանի սահմանների, նրա ծովային ելքի մասին, պետք է ասել, որ այդ խնդիրների քննությունը և լուսաբանությունը հանձնված էր զորավար Բիչին, ով վարում էր անգլիական անդրկովկասյան զորաբաժնի քաղաքական մասը: Նա երկար խորհրդակցություններ ունեցավ ինձ հետ այդ խնդիրների շուրջ, հավաքեց շատ թանկագին նյութեր, կազմեց ճիշտ, մանրամասն վիճակագրություն և ներկայացրեց Հայաստանի սահմանների մասին իր նախագիծը, որը շատ մոտ էր նախագահ Վիլսոնի որոշած սահմաններին:

Այն տեղեկությունները, որ ես այն ժամանակ ունեի, ցույց էր տալիս, որ զորավար Բիչը հավատացած էր, թե գրեթե բոլոր հայերը, որտեղ էլ որ գտնվեն, հետզհետե պիտի գան և հաստատվեն Միացյալ Հայաստանում: Ես կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, հայերի գոնե խոշոր մեծամասնությունը իսկապես պետք է գնային Հայաստան:

Լուսանկարում՝ Կարսը մեր օրերում