1920 թվին 600-ից 700 հազար թուրք զբաղեցնում էր Հայաստանի ամենալավ վայրերը. Ռուբէն

2145

Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից: Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

ԱՆԻ-ին հիշեցնում է, որ առանձին հոդվածների վերնագրերը ինքն է դնում, որոնք սովորաբար տեքստից վերցված նշանակալի հատվածներ են:

________________________

Խնամատարութեան եւ աշխատանքի բաժին՝ 1918-1920

Այս բաժնի աշխատանքների վրայից չի կարելի անուշադիր անցնել, որովհետեւ Հայաստանի անկախութեան սկզբնաւորութիւնը՝ իրօք Հայաստանը կը ներկայանցնէր անտուն եւ անտէր գաղթականների, որբերի, ցնցոտիների մէջ կորած մի սովահար ժողովրդեան կեդրոնացման բանակատեղի միայն: Ի զուր չէր, որ հանգուցեալ Ս. Մամաիկոնեանը Հայաստանը կը նմանցնէր մի փոքրիկ գերեզմաննոցի՝ մեծ ժողովրդի համար. ոչ միայն Տաճկահայ, այլ Կարսի, Շիրակի, Էջմիածնի, Երեւանի, Սուրմալուի, Շարուր-Նախիջեւանի եւ այլ վայրերի հայերը, տարագիր վիճակում, ամփոփուած էին Սեւանայ լճի շուրջը, ամայի լեռներում, անպտուղ աշխարհում, լքուած բոլորից եւ դատապարտուած մահուան եւ միայն իր մտքի ու աշխատասիրութեան վրայ յոյս դրած՝ կը սպասէր լաւ ապագային: Ով տեսել է Հայաստանի 1918-1919 թուականները, նա միայն կը հասկանայ այն կոշմարային ծանր կացութիւնը, որի մէջ կը գտնուէր ժողովուրդը եւ Հայաստանը եւ այդ յիշողը չի կարող չլցուել ինքնավստահութեամբ եւ հաւատքով դէպի մեր ժողովրդի եւ մեր ղեկավարների յամառ ու տոկուն աշխատանքը եւ նրա ստեղծագործական հնարքները:

Այդ ժամանակները՝ մեռնողը կը մեռնէր, իսկ ապրողը մեռելի կողքին ապրելու ձեւեր եւ պայմաններ կը մշակէր, առանց ազդուելու մեռնելու սարսափից: Այս կենաց եւ մահու պայքարի մէջ, ոչ կառավարութեան ձեռք առած միջոցները, ոչ Թիֆլիսից բերուած թղթէ բօները, ոչ Արամի նւէր ստացած 25,000 փութ ցորենը Խալիլ փաշայից, ոչ էլ բարեգործական նպաստները՝ միլիոնի չափ ժողովրդեան պիտի բաւարարէին նուազագոյն չափով:

Այս դրութեան հետեւանք պիտի համարել գնդապետ Սամարցեւի գազազութիւնը, երբ, ի տես ժողովրդեան սովահարութեան, ան առաջարկներ կը բերէր՝ յարձակուել ու վանել թուրքերը Երեւանան նահանգից եւ սովից մեռնելու փոխարէն՝ գնդակով մեռնել: Գազազութեան հետեւանքն էր եւ Եգորի խենթութիւնը, որ ի տես Սարդարապատի սովահարնների ոչնչացման, վերյիշում է Կարսի անկումը, Չխենկելիի ինքնագլուխ վարմունքը եւ համոզուած, որ եղած դրութեան պատճառը Կարճիկեանն է, նրան սպաննում է: Գազազութեան հետեւանք է ե՛ւ Սասունցոնց ե՛ւ միւսների յանդգնութիւնը, որոնք, ի տես տաճկաց զօրքերի, աւերում են իսլամ գիւղերը, նրանց հացին ու գոյքերին տիրանում եւ տասնեակ հազարաւոր իրենց գաղթականների ֆիզիքական գոյութիւնը ապահովում:

Բայց դրա կողքին ստեղծագործ աշխատանքի է ձեռնարկւում եւ չճանաչուած ու աննշան համարուած մարդկանց միջոցով՝ մեծ մեծ ձեռնարկների հիմքն է դրւում: Իբրեւ օրինակ հոս յիշեմ հարիւրից մինը. Հայաստան էր ապաստանած Մշոյ մի հասարակ ուսուցիչ՝ Կռնչոյանը. նա, նախ անհատապէս, մի քանի գաղթականներ իր շուրջը հաւաքած, ձեռնարկում է մի երկու նահապետական ջուլհականոցի կազմելուն, մի քանի գաղթականի հետ էլ կազմակերպում է կօշկարանոց: Այս ձեռնարկները Կ. Կոմիտէի ուշադրութիւնը կը գրաւեն, Խորէնին մասնաւորապէս ոյժ է տալիս դրանց, կառավարութեան ուշադրութիւնը կենդրոնանում է այս գործի վրայ, որ շուտով զարգանում է. մի քանի ամիսէն՝ 29 վայրերում հարիւրաոր ջուլհականոցներ կ’աշխատէին մօտ 3,000 ընտանիք պահելով եւ զօրքին ու որբին հագուստ հայթայթելով: Կաշին՝ չարուխի փոխարէն, նախ դառնում է սոլ եւ յետոյ կօշիկ, եւ այդպիոսվ մի հոծ բազմութիւն գաղթականների ապրուստ են ճարում: Չպիտի  սխալուինք եթէ Կռնչոյաններին ու Խորէնիներին համարենք աշխատանքի հիմք դնողները 1918ից, թէեւ ոչ դրամատէր էին, ոչ էլ պաշտօն ունէին, այլ լոկ ցանկութիւն եւ հնարամտութիւն՝ ժողովուրդը փրկելու: Միւս ասպարէզներում՝ այգեգործութեան, գիւղատնտեսութեան մէջ, նոյն մրջնային աշխատանքը կը կատարուէր, որը, վերջերը հասած ամերիկեան ալիւրին ու նպաստին հետ միասին՝ ազատեց ժողովուրդը եւ 100,000 որբերն ու այրիներն անկասկած մահից:

1919ին, դրութիւնը աւելի նպաստաւոր էր. երկիրը լայնացած, Կարսի նահանգի, Սուրմալուի, Էջմիածնի եւ Երեւանի մասերու մուտք ունէր հայ ժողովուրդը, որով ռուսահայ գաղթականների մեծ մասը տեղ ու տուն էր գտնելու եւ իր աշխատանքին ասպարէզ: Խնամատարութիւնը այլեւս այն բնոյթը չէր ունենալ ինչ մի տարի առաջ, երբ գաղթականին օրական մի չոր հաց հարկաւոր էր՝ չմեռնելու համար: Այժմս Խնամատարութիւնը այդ պարտականութիւնը մասամբ պիտի կատարէր, իսկ իր աշխատանքի մեծ մասը պիտի դառնար հայթայթել սերմ, լծկան եւ մի փոքր օգնութիւն մինչեւ նոր հունձքը: Այդպիսով խնամատարութեան եւ երկրագործութեան նախարարութեան պաշտօնեաները կը նոյնանային եւ խնամատարութեան հոգսի մեծ մասը փոխանցւում էր Երկրագործութեան նախարարութեան: Մենք տեսանք Երկրագործութեան նախարարութեան գործունէութիւնը քննելիս, որ նա այդ պարտականութիւնները  կատարած էր բաւարար չափով՝ մօտ 323,000 փութ՝ միայն սերմնացու բաժնելով: Խնամատարութեան նախարարութեան աշխատանքի 60 առ հարիւրովը մօտաւորապէս կը կրճատուէր, քանի որ ցանուած սերմը բերք տալուց յետոյ գաղթականների մեծ մասը ազատ պիտի լինէր ողորմութիւն խնդրելուց: 1919ի աշնանը բերքը լաւ էր եւ դա էլ աւելի պիտի թեթեւացնէր բուն խնամատարութեան գործը:

Աշխատանքի բաժինը, որ ծնունդ առաւ անհատներից եւ սեփականացուեց, հսկայ քայլեր էր անում: Երկիրը լեցուեց ջուլհականոցներով, եւ Ալեքսանդրապոլ, Ջալալօղլի, Դիլիջան, Վաղարշապատ, Աշտարակ, Գորիս, Բայազէդ եւայլն՝ գաղթականները հարիւրներով եւ հազարներով կ’աշխատէին եւ իրենց քրտինքով շահած հացն է որ կը ստանային Խնամատարութիւնից. միայն Երեւանում 30 պետական արհեստանոցներ կային (մանարան, կօշկակարութիւն, գորգագործութիւն, ոսկերչութիւն, ատաղձագործութիւն, կաւեղէնի արհեստանոցներ եւայլն): Սարիղամիշ ու Դիլիջան կային սղոցարաններ, կահագործարաններ, փայտեղէնի արհեստանոցներ եւայլն. փայտից քաշւում էին ալքոհոլ եւ այլ նիւթեր:

Այսպիսով Խնամատարութիւնը կերպարանափոխւում եւ դառնում էր Աշխատանքի նախարարութիւն, որը վերջնականօրէն բաժանուեց եւ ձեւաւորուեց իբրեւ այդպիսին՝  1920ին, ու անցկացրեց իր նոր օրէնքները աշխատանքի, համապատասխան մեր ծրագրի, 8 ժամեայ բանուորական աշխատանքով: Գաղթականներից կերպարանափոխուած բանուորները կազմակերպուեցին կուսակցութեան ձեռքով եւ արհեստակցական միութիւններ կազմուեցին, որոնք ունեցան իրենց համագումարը եւ իրենց վարչութիւնը: Տարաբախտաբար, այս միութիւնները ընկան մեր ընկերներից այնպիսիների ձեռքը, որոնք, չունենալով ոչ համապատասխան պատրաստութիւն եւ ոչ կուսակցական բարոյականութիւն եւ ոգի, ի չարը գործադրեցին կուսակցական շարքերի վստահութիւնը (Աւալեան, Շահինեան եւայլն):

Յիշածս գործունէութեան համառօտ նկարագրից, դեռ մի կողմ թողած բժշկական, առողջապահական աշխատանքները, բազմաթիւ սննդատու կայանները, որբերի, ընկեցիկների խնամքները եւայլն, որոնք տասնեակ հազարաւոր մարդկանց կեանք փրկեցին, պիտի եզրակացնել իրաւացիօրէն որ Խնամատարութիւնը մեծ գործ է կատարած: Մահուան դատապարտուած մի ամբողջ երկիր, իր միլիոնից աւելի ազգաբնակչութեամբ, ոչնչից կարողացաւ աշխատանք ստեղծել, շնորհիւ Խնամատարութեան նախարարութեան եւ Ամերիկայի բարեգործական ընկերութիւնների, դիակները ոտքի էին կանգնում եւ իբրեւ մարդիկ կ’ապրէին իրենց քրտիօնքով: Դա եթէ մեծ մասով մեր ժողովրդեան տոկունութեան եւ հնարամտութեան պարտական ենք, բայց պարտական ենք եւ Ամերիկայի Ռիլիֆին եւ մանաւանդ Խնամատարութեան նախարարութեան պաշտօնէութեան. ոմանք հմուտ էին այդ գործին եւ ունէին փորձառութիւն, իսկ ոմանք էլ խիստ սրտացաւ եւ հայրենասէր էին:

Բայց, այսպէս լինելով հանդերձ, կա՞ր Հայաստանում դժգոհութիւն եւ բողոք այդ նախարարութեան դէմ.- Այո՛, կար: Եւ երբեմն բողոքներ կը լինէին որ ըմբոստութեան աստիճանի կը հասնէին: Արժէ մի քանի խօսք ասել այդ դժգոհութեանց մասին, որովհետեւ դրանք չէին բխում ոչ նախանձի, ոչ անհատական հաշիւներից եւ ոչ էլ ապերախտութիւնից:

Դժգոհութիւնը կարելի է բաժանել երկու տեսակի. մի տեսակը այն էր, թէ Խնամատարութեան բաժինը ապիկար է, թէ զեղծումներ կը լինեն, ու դրա հետեւանքով ժողովուրդը կը փճանայ եւ կը մահանայ: Այս մեղադրանքը հիմքով անարդար էր: Չեմ ասում թէ զեղծարարներ բնաւ չկային, անշուշտ գիւղը առանց շան չի լինելու. կային գուցէ մարդիկ, որոնք որբի, սովածի հացը կը գողանային: Բայց  այդպիսի անխուսափելի, փոքրիկ չարիքներ չէին, որ պիտի պատճառ դառնային թշուառութեան եւ կամ դրանց վերացումով պիտի բարեկարգուէր եղած թշուառութիւնը. որովհետեւ ի՞նչ էր եղած զեղծումըւ, որ երբեմն կը բացուէր – մի տուփ խտացած կաթ, մի փութ հաց, մի քանի ֆունտ չամիչ…: Չէր կարող մեծ քանակով գողութիւն լինել,  քանի որ 100,000 սոված աչքեր կը հետեւէին եւ լաւ գիտէին, թէ որքան նիւթ կայ իրենց բաժանելու համար: Բայց եթէ  մի լաւ քննելու լինէինք զեղծումների ձեւերն ու պատճառները, շատերի համար այդ մեղքը՝ մեղք լինելուց պիտի դադարէր: Զեղծումների մեծ մասը այսպէս էր որ կը կատարուէր. պաշտօնեաները իրենք եւս նպաստընկալ լինելով, իրենց ընտանիքը, օրինակ չորս հոգիի փոխարէն՝ ցուցակագրում էին 6-8. այսպիսով 2 ֆունտ պարէն ստանալու տեղ, ստանում էին 3-4 ֆունտ: Այդ զեղծուրմին դժուար էր հետեւել եւ երբ բռնուէր ու քննուէր, կը տեսնուէր որ պաշտօնեան իր զեղծումով իսկ՝ նորից սոված է, միայն մի քիչ աւելի կուշտ եղած քան միւսները: Ճիշդ է, միայն կային եւ այնպիսիք որ սոված, կիսաքաղց չէին մնում, բայց  այնքան դժուար էր արմատախիլ ընելը այս չարիքը եւ դրանց չափը այնքան էր փոքր, որ իմաստակութիւն պիտի համարել շատ խիստ յուզուելը: Բոլոր այդպիսի զեղծումների գումարը եթէ հաշուելու լինենք, ընդամէնը հազիւ թէ հասնէր մեր արտասահմանեան մի պաշտօնեայի ամբողջ ռոճիկին:

Երկրորդ պատճառը դժգոհութեան՝ հիմնաւոր էր, ունէր իր պատճառները, բայց, թիւրիմացութեամբ էր որ Խնամատարութեան բաժինն էր քաւութեան նոխազ դառնում:

Որքան մեծ ճիգեր էլ թափէին Խնամատարութեան ու Աշխատանքի բաժանմունքները, նրանք պիտի չկարողանային ամբողջ գաղթականութեան օթեւան գտնել, աշխատանք ստեղծել, հաց ու թացան ճարել: Ճիշդ է, որ Հայաստանի ընդլայնացումով՝ Կարսի, Շիրակի, Երեւանի, եւ Էջմիածնի ազգաբնակչութիւնը, գաղթականի, նպաստընկալի վիճակից մասամբ ելած էր, բայց դեռ կար մի մեծ բազմութիւն որ ո՞ւր գնալը, ի՞նչ սկսելը դեռեւս չգիտէր: Ամբողջ տաճկահայութիւնը, Նախիջեւանի, Շարուրի, Սուրմալուի, Կաղզուանի հայ ժողովրդեան մի խոշոր մասը դեռ աստանդական վիճակում կը գտնուէր. դրա վրայ պիտի աւելացնել Ադրբեջանից ճողոպրած նուխեցին, շամախեցին, զաքաթալցին եւ մասամբ Վրաստանի ախալքալակցին, որոնք ոչ մի ապաստան չունենալով, դժողքից փախած՝ թոնիրն էին ինկած Հայաստանում: Դեռ Հայաստանի գաղթականների ծանր հոգը մի կողմ թողած, Խնամատարութեան նախարարութիւնը պիտի մտածէր եւ Վրաստանում գաղթական դարձած Ախալքալաքի, Զաքաթալայի եւ այլ տեղերի հայերի մասին, որոնք մեռնում էին, աւելի շուտ մեռցւում էին վրացիների ձեռքով, Բագուրեանում կամ Թիֆլիսի շրջակայքում: Դաշնակցութիւնը եւ նրա կառավարութիւնը այն ժամանակները չէին մտածեր այսօրուան կառավարութեան նման: Որտեղ որ հայը մահուան վտանգին էր ենթակայ քաղցից ու սովից, կառավարութիւնը իր բերնի չոր հացը կտրելու եւ տալու պարտքը դեռ կը զգար:

Այս ծանր բեռը, որ թէ Խնամատարութեան վարչութիւնը, այլ ով էլ որ լինէր, եղած քաղաքական տնտեսական միջոցներով պիտի չկարողանար տանել: Բայց սա  դատողութիւն է, որ արժէք չունի ոչ ամբոխի, ոչ զգայուն մարդկանց եւ ոչ էլ փորը վեց-վեց անողների համար: Սոված ժողովուրդը փրկութիւն էր հայցում կառավարութիւնից եւ նախ եւ առաջ Խնամատարութեան բաժնից:

Կառավարութեան եւ Խնամատարութեան անկարողութիւնը, նրա «չկայ»ն առաջ է բերում հիասթափութիւն, իսկ հիասթափութիւնը՝ դժգոհութիւն: Բողոքները կը տեսնէք մամուլում, լսած պիտի լինէք քանիցս ե՛ւ հաւաքոյթներում, ամբոխային ցոյցերում ե՛ւ խորհրդարանում: Եւ պիտի ասել, որ որքան էլ սովի պատճառը միշտ չէր կարելի զայն մտածուած ու չափուած դատողութեամբ դէմ դիմաց նայել: Պարզելու համար հեռու չգնանք: Ուրիշներին չմեղադրելու համար, ես ինձ մեղադրեմ. ես էլ, գիտնալով հանդերձ դրութիւնը, խելքի եւ բանականութեան սահմանից ընկայ զգացմունքի մէջ եւ անախորժութիւն պատճառեցի ինձ շատ սիրելի բժիշկ Տէր-Միքայէլեանին: Բնորոշ է այդ դէպքը ե՛ւ ընդհանրութեան համար, ուստի համռօտ պատմեմ:

Աղբալեանը իմ մօտ էր ապրում. մի առաւօտ մենք թէյ էինք խմում չամիչով եւ մի կտոր չոր հացով. Նիկոլը ըստ սովորութեան Սաղմոսի փոխարէն Բոդլէր էր կարդում: Յանկարծ պատշգամբում սուր ճիչ է լսւում. վախեցած դուրս եմ թռնում: Ճաղից մի կտրուած չուան է կախուած, իսկ  չուանի տակը մի մարդ է փռուած, մի երիտասարդ գաղթական, որ փորձ է արել ինքզինք կախել պատահած պատշգամից. Աննան, կինս, տեսնելով կախուած մարդուն խրխռալիս, դանակով կտրում է պարանը՝ նրան ազատում, յետոյ ինքը վախից ուշաթափ լինում: Աչքերը դուրս թռած մարդու վզիցը պարանը քանդում ենք, թեւերին ընկած՝ սենեակ ենք բերում: Ցնցոտիների մէջ կորած թշուառականը հազիւ է խօսում եւ աչքերը սեղանի հացին է ուղղում: Հացը տալիս ենք, ուտել չի կարող, աչքով է ուտում. չուտելուց կոկորդը չի բանում: Թէյը մի բաժակ խմում է եւ նրա սարսափելի դէմքը մարդու գոյն է առնում: Նա մեզ պատմում է.

-Օրեր շարունակ անօթի էի եւ ճարս կտրուեց, ասացի մեռնեմ…

Դէպքը վրաս ազդում է. գնում եմ փողոց. խանդարի (շուկայի) տակը սոսկալի է, մարդիկ օր-ցերեկով մեռնում են սոված, ոմանք նուաղած ձայներ են քեզ ուղղում, ոմանց բաց ուռած փորերը վեր են ցցուած, իսկ աչքերը անփայլ գերեզմանի պէս քեզի կը նայեն: Աւելի սարսափելի են երեխաները. ցեխերի մէջ տիղմ են հաւաքում եւ ինչ որ կայ, կեղտոտ ձեռքերով, կեղտն են ներս տալիս. ոմանք կու լան, ոմանք անտարբեր, իբրեւ ոսկրից շինուած արձաններ կը դիտեն քեզ: Սարսափ, որը չի ասուի եւ ոչ էլ կը գրուի: Քաջբերունին եւ Խորէնին միանում են ինձ. Խորէնին տաքացած հայհոյում է ամբողջ աշխարհին, իսկ Քաջբերունին փնթփնթում է: Վեր ենք բարձրանում մինչեւ Աղստաֆեան. ամէն տեղ նոյն տեսարանն է: Մի կիկ է ընկած ուժասպառ, շարժուելու անկարող է, իսկ մի քանի քայլի վրայ կանաւում ընկել է նրա փոքրիկը, որ ոյժ է գործ դնում բայց իր մայրիկին չի կարող մօտենալ:

Այդ միջոցին կառքով մեր առջեւից անցնում է Խնամատարութեան վարիչներից բժ. Տէր-Միքայէլեանը: Սատանայից խլուածի մնամ, յանկարծ գոռում եմ փողոցի մէջ.

«Կանգնիր, սրիկայ»…

Եւ առանց սպասելու, չգիտեմ ինչպէս, ինձ տեսնում եմ կառքի մէջ: Թէ ի՞նչ եմ ասում եւ ի՞նչ եմ գոռում, ինքս էլ չգիտեմ, բայց խեղճ բժիշկը շշմած եւ բարի դէմքը ինձ զգաստացնում է: Լաւ է որ իմ յիմարութեան այդ վայրկեանին ոչ ոք չդիմադրեց, երեւի մարդ սպաննած կը լինէի: Հանգստացայ երբ կնոջն ու երեխային կառքը դրին եւ տարան: Խենթացած՝ ինձ տուն գցեցի:

Մի քանի ժամ յետոյ խիստ ամօթ եւ ցաւ զգացի, կը հասկանայի որ վատ բան եմ արել, եւ անտեղի կերպով ամենաբարեխիղճ իմ բարեկամին, առանց պատճառի, անմեղ տեղը վիրաւորել: Չեմ կարող ես ինձ արդարացնել, թէեւ միւս օրն իսկ նախկին բարեկամներ էինք. նա իմ աչքերում աւելի բարձրացած էր, իսկ ես նրա աչքերում կատաղի մի խենթ էի դարձած:

Ինչպէս էլ դատապարտելու լինէինք այդ իմ վատ արարքը, բայց դա յատուկ չէր միայն ինձ. մի քիչ աւելի մեղմ, մի քիչ աւելի կոպիտ ձեւերով քան ինձ հետ պատահեց, դա կրկնւում է ամէն օր թէ՛ մամուլի, թէ՛ հասարակութեան մէջ, լինի՛ անհատապէս, լինի՛ խմբական ձեւով: Դրա մղիչ պատճառը դատողութիւնը չէր, այլ կեանքի դառնութիւններից առաջ եկած զգացմունքը: Դա անճարակութեան արտայայտութիւնն էր, մի որոնում՝ մթութեան մէջ մի ելք գտնելու:

Եթէ Խնամատարութեան նախարարութիւնը անկարող էր փրկել դրութիւնը, եթէ նրա պահեստները դատարկ էին, եթէ նրա անկելանոցները, որբանոցները, հիւանդանոցները լցուած էին թշուառներով, որոնց անհնար էր բաւարարել, եթէ դրամ եւ բաւականաչափ աշխատանք չկար, եթէ չկար հող եւ տուն – կա՞ր մի ճանապարհ այդ դրութիւնից դուրս  ելնելու: Այո, կար: Ոմանք առաջարկում էին հաւասարացնել ամբողջ ժողովրդի կարողութիւնը. բայց այդ բոլշեւիկեան միջոցը միայն հայերի վրայ պիտի կիրարկուէր եւ շատ կարճ պիտի տեւէր, որովհետեւ հայերը ամբողջ համարեա աղքատացած էին: Հաւասարացնել աղքատներին թշուառների հետ, դա կը նշանակէր թշուառների կեանքը շատ կարճ ժամանակով միայն երկարացնել:

Բայց կար մի հիմնական միջոց ապրելու համար:

Երբ Նիկոլի հետ պատից կախուած քարտէսը կը դիտէինք՝ թուրքը կապոյտ, հայը կարմիր, կը տեսնէինք անկախ Հայաստանի երկրում կապոյտը բռնում էր երեք չորրորդը, եւ կարմիրը միայն մէկ-չորրորդը: Կապոյտի ազգաբնակչութիւնը քիչ է՝ 600,000-700,000 հոգի, բայց նա  բռնած էր ամենալաւ վայրերը, միջի կարմիրներին ոչնչացրել, քշել էր. լի էին նրանց ամբարները, հացը կը փտէր, միսը, կարագը ու պանիրը կը հոտէին. թաթարը չգիտէր  ինչպէս սպառել իր հացն ու բարիքը, իսկ հայը, երկրի տէրը, սոված կը չարչարուէր:

Մտքիցս կ’անցնէր «պիտի հաւասարեցնել, բայց ոչ մեր մէջ, այլ կապոյտը ջնջել, կարմիրը տարածելով»: Այդ դժուարին էր, եւ սարսափելի՝ Թալէաթի ծրագրին նման, բայց  պէտք էր անել եթէ կ’ուզէինք Հայաստանը գերեզման չդարձնել, եթէ կ’ուզէինք կուշտ եւ ապահով լինել: Բայց դրա անողը չէր կարող լինել ոչ Խնամատարութեան նախարարութիւնը եւ ոչ էլ Աբաս Կուլի բէկին ազատող մեր կառավարութիւնը, որ օրէնքով եւ սիրով կ’ուզէր գայլն ու գառները իրարու հետ համերաշխացնել: Լուծելու համար տնտեսական մեր ծանր խնդիրը, հաստատելու համար իրական անկախութիւնը՝ պէտք էր մի ոյժ որ նախապաշարումներից վեր կանգնած լինէր, մի ոյժ որ հրով ու սրով քանդէր որջը ըմբոստ գայլերի: Պէտք էր մի ոյժ, թէկուզ դաժան, բայց հիմնականօրէն վճռական: Եւ այս ոյժը կարող էր լինել միայն՝ Դաշնակցութիւնը: Մեր գորդեան հանգոյցը կտրելու համար է, որ պիտի ստեղծուէր շուտով Բիւրօ Կառավարութիւնը: