Հնարավոր է՞ր լեզու գտնել Աթաթուրքի և Կարաբեքիրի հետ. Հայաստանը և Քեմալական շարժումը 1919-1920 թթ

2875

Առաջին պետությունը, որ 1918-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, Օսմանյան կայսրությունն էր՝ անկում ապրող մի տերություն, որի առաջնորդները ընդամենը երեք տարի առաջ հղացել, կազմակերպել ու իրագործել էին Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագիրը: Պետականության կորստից 600 տարի անց միջազգային դիվանագիտական առաջին փաստաթուղթը, որ այդպես էլ չվավերացվեց, 1918-ի հունիսի 4-ին Բաթումի Բարեկամության և հաշտության դաշնագիրն էր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև:

Ճակատագրի հեգնանքով, Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվելուց առաջ իր վերջին պայմանագիրը նույնպես կնքեց թուրքերի հետ Ալեքսանդրապոլում՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։

Այդ պայմանագիրը, որը ստորագրման պահից օրինական ուժ չէր կարող ունենալ և, բացի այդ, այդպես էլ չվավերացվեց, հայկական կողմից ստորագրեց նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, քեմալականների կողմից՝ Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան, որի զորքերը 1920-ի հոկտեմբեր-նոյեմբերին գրավել էին Կարսը, Ալեքսանդրապոլը, Շիրակի դաշտավայրը։

Որոշ պատմաբաններ և հետազոտողներ կարծում են, որ եթե Հայաստանի այն օրերի ղեկավարները ավելի շրջահայաց և խոհեմ քաղաքականություն վարեին, ապա հնարավոր կլիներ պահպանել ոչ միայն տարածքները, այլ Հայաստանի անկախությունը։ Նման պնդումները հիմք կարող էին ունենալ միայն այն դեպքում, եթե հարևան Վրաստանը և Ադրբեջանը կորցրած չլինեին իրենց անկախությունը։ Բոլշևիկները 1920-ի ապրիլին խորհրդայնացրեցին Ադրբեջանը, իսկ 1921-ի սկզբին՝ Վրաստանը։ Ընդամենը երկուսուկես տարվա պետականություն ունեցող Հայաստանը դժվար կարողանար կանգուն մնալ քեմալ-բոլշևիկյան հարվածների տակ։ Գուցե Հայաստանը կարողանար որոշ տարածքներ պահել, եթե խորհրդայնացումն ավելի շուտ լիներ կամ հնարավոր լիներ պայմանավորվել քեմալականների հետ։ Բայց նաև մենք չունենք որևէ փաստ, համաձայն որի քեմալականները Հայաստանին քիչ թե շատ ընդունելի պայմաններ առաջարկած լինեին, և հայերը մերժած լինեին։

Երբ 1918-ի աշնանը Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց Առաջին աշխարհամարտում և զորքերը դուրս բերեց գրավյալ հայկական տարածքներից, սկսվեց Հայաստանի ընդարձակումը։ Տարբեր ճանապարհներով, այդ թվում բրիտանացիների ռազմական օգնությամբ, Հայաստանի մաս կազմեցին Լոռին, Շիրակի դաշտավայրը, Սուրմալուն, Նախիջևանը, Կարսը։

Անդրկովկասում հայերի նոր դաշնակից դարձան Անտանտի երկրները՝ գլխավորությամբ Մեծ Բրիտանիայի։ Բրիտանացիները, սակայն, կարճ ժամանակ անց հեռացան Անդրկովկասից՝ Հայաստանին թողնելով վեր բարձրացող և դեպի Կովկաս արշավող բոլշևիկների ու քեմալականների քմահաճույքին։ Բոլշևիկների ու քեմալականների հարվածների տակ, Հայաստանը ստիպված եղավ, առանց կրակոցի՝ 1920-ի դեկտեմբերի 2-ին իշխանությունը հանձնել Բաքվում ձևավորված Հայհեղկոմին, որի կորիզը Շուշիի դպրոցն անցած բոլշևիկներն էին Սարգիս Կասյանի գլխավությամբ։

Հայաստանի ղեկավարությունը, իհարկե, տեսնում էր և՛ բոլշևիկյան վտանգը, և՛ քեմալական սպառնալիքը։ Այդ նպատակով, 1920-ի մայիսին Լևոն Շանթի պատվիրակությունը մեկնեց Մոսկվա և այնտեղ մնաց մինչև օգոստոս։ Այդ նույն շրջանում արդեն ռուսներն ու թուրքերը պայմանավորվել էին Հայաստանի խորհրդայնացման և բաժանման շուրջ։

Հայ պատմաբանների ու հետազոտողների համար շարունակում է վեճի թեմա մնալ՝ արդյոք հնարավոր չէ՞ր լեզու գտնել Քեմալականների՝ Մուստաֆա Քեմալի ու Կարաբեքիրի հետ, երբ վերջիններս 1919-ին նոր-նոր էին կարևոր ուժ դառնում Օսմանյան կայսրության փլատակների մի մասի վրա։ Որոշները, այդ թվում, Հայաստանի Հանրապետության ղեկավարներից, հետագայում գրեցին, որ պետք չէր տարվել Սևրի սին խոստումներով և պետք էր փորձել համեստ սահմաններով Հայաստան ունենալ, որը բնական հարաբերություններ կունենար Քեմալական Թուրքիայի հետ։

1920-ի ամռանը բռնկված հայ-թուրքական բախումները (հայ իրականության մեջ վեճի թեմա է, թե ո՞վ սկսեց պատերազմը և եթե չլիներ այդ պատերազմը, ապա հնարավոր չէ՞ր լինի տարածքային նվազագույն կորուստներ կրել) սեպտեմբերի վերջին վերածվեցին պատերազմական գործողությունների։ Մի քանի շաբաթվա ընթացքում Կարաբեքիրի զորքերը գրավեցին շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր հայկական շրջաններ՝ ավեր ու սպանդ սփռելով շուրջբոլորը։

Նոյեմբերին Հայաստանը ստիպված եղավ հաշտության պատվիրակություն ուղարկել Կարաբեքիրի կողմից գրավված Ալեքսանդրապոլ։ Այդ բանակցությունները և դաշնագիրը, որը, կրկնենք, ստորագրման պահից անօրինական էր, մեկ առանձին ուսումնասիրության կամ դրամայի թեմա է։

Հայաստանի իշխանությունների տեսակետներն արտահայտող «Յառաջ» թերթը 1920-ի նոյեմբերի 23-ին «Դեպի հաշտություն» վերնագրված խմբագրականում գրեց. «Մենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել Մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո համոզվեցինք, թե որքան խաբուսիկ և վնասակար էին այդ մեծ հույսերը: Եվ եթե մենք լինեինք իրական քաղաքագետներ և ժամանակին ընդունեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ` հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա և եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտք է ձգտեինք ստեղծել Մեծ Հայաստան: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք մինչև այժմ անկարելի են դարձնում հայ-թուրքական բարեկամությունը»:

Նոյեմբերի 24–ին, Հայաստանում կազմվեց նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նույն օրը Վրացյանի ստորագրությամբ հրապարակվեց կառավարության հռչակագիրը, որում մասնավորապես ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:

Վրացյանը հեռագիր հղեց Մուստաֆա Քեմալին, որին ի պատասխան, նոյեմբերի 29–ին Քեմալը պատասխանեց. «Գոհունակությամբ ստացա Ձեր հեռագիրը, որով հայտնում եք, որ ցանկանում եք բարեկամական հարաբերություններ ունենալ դրացի պետությունների հետ և տեսնել, որ Ալեքսանդրապոլում սկսված բանակցությունները կհանգեն երկու կողմերի փոխադարձ շահերը ապահովող ելքի»:

Վրացյանը՝ վերջին վարչապետը, որ կառավարեց 8 օր, 1920-ի դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամը 5-ին իր նախարարների հետ փակեց գրասենյակների դռները և լքեց կառավարության շենքը: Հայաստանում հաստատվեց բոլշևիկյան իշխանություն:

Հետագայում Վրացյանը այդ երեկոն այսպես է հիշել. «Մենք հանգիստ ցրվեցինք մեր տներով: Հանգիստ ու խաղաղ էր նաև քաղաքը: Խաղաղ էր նաև Արարատը՝ փաթաթված հաստ ամպերով՝ մտորելով աշխարհի դատարկության վրա: Այդ երեկոյան եկան Հայր Աբրահամն (Ավետիք Սահակյան) ու Պապաշան (Լևոն Թադևոսյան): Նրանք անասելի տխուր էին: Նստեցին, առանց բառ ասելու: Նստած իմ գրասեղանի մոտ, ես էլ լուռ էի: Իմ ձախ կողմում, պատին կախված նկարիչ Երկանյանի նվիրած կտավը՝ սուր աչքերով, սիրունատես Տրապիզոնի աղջիկը, մեզ էր զննում: Լայն պատուհանից՝ մայրամուտին Արարատի սիլուետն էր գծագրվում: Լռությունը պարուրել էր սենյակը, ինչպես մեր հոգիները»:

Թաթուլ Հակոբյան,

հունիս 22, 2017թ