Բրիտանացիները Ղարաբաղի և Զանգեզուրի հարցում պաշտպանում էին Ադրբեջանին. 1919թ

1762
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:
ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

_______________________________

Տասներորդ գլուխ

«Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում

Ուրեմն, Դաշնակից ուժերի կենտրոնը՝ քաղաքական և վարչական, գտնվում էր Թիֆլիսում։ Գլխավոր տարրը, որ գերիշխում էր զինվորական ուժով և քաղաքական ազդեցությամբ, անգլիականն էր։ Գործերը ղեկավարում էր անգլիական բարձր կոմիսարը։ Սկզբում զորավարներ Ֆորիսթեր Ուոքերը, Քըրբին, Ասըրը, Բիչը, հետո եկավ քաղաքական անձ՝ Ուրոդրոպը, իսկ նրանից հետո գնդապետ Սթոքսն էր՝ վերջին գերագույն կոմիսարը։

Քանի որ ինձ հաճախ միևնույն խնդրի մասին առիթ էր ներկայանում խոսելու բոլոր գերագույն կոմիսարների հետ, կարող եմ վկայել, որ շատ անգամ ամենաէական խնդիրների վերաբերյալ նրանց մեջ կատարվող համաձայնություն գոյություն չուներ և նրանք միմյանց հետ վիճում էին, մանավանդ Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուիչները։  Իտալիայի ներկայացուցիչը ավելի կրավորական ընթացք ուներ և շատ քիչ ազդեցություն գործերի վրա։ Այսպիսով, Կովկասում անգլիական քաղաքականության մասին կարելի է խոսել ավելի մեծ իրավունքով, քան Դաշնակիցների՝ ընդհանրապես։ Քանի որ այդ քաղաքականության արտահայտությունները բազմաթիվ էին և անհնարին է կանգ առնել բոլորի վրա, ես գերադասում եմ տալ նրանց գլխավոր գծերը միայն։

Ի՞նչ էր փնտրում և ինչի՞ ձգտում անգլիական քաղաքականությունը Կովկասում։ Անգլիացիների երևալու առաջին վայրկյանից, այսինքն՝ 1918թ․ վերջին օրերից և 1919թ․ սկզբի ամիսներին, նրանք, անկասկած, ուզում էին հաջողեցնել երկու նպատակ․նախ՝ ամրացնել անդրկովկասյան հանրապետությունների անկախությունը՝ օգտվելով միաժամանակ Բաքվի նավթից, և երկրորդ՝ ադրբեջանական մահմեդական հանրապետությունը դարձնել ուժեղ և կենսունակ։

Այդ քաղաքականությունը Բաքվում տանում էր զորավար Թոմսոնը՝ առաջին անգլիական զորավարը, որ Բաքու էր մտել Միջագետքից և Պարսկաստանից։ Նրա հրահանգները Ղարարաբաղում և Զանգեզուրում իրագործում էր գնդապետ Շաթելուորթը։

Այդ երկու նպատակների մեջ զուգընթացաբար անգլիացիք այն ժամանակ աշխատում էին անպայման ազատել Կովկասը թուրքական գրավումից և խիստ միջոցներով ցույց տալ թուրքերին, որ նրանք իսկապես և փաստորեն պարտված էին։ Ուժեղացնելով մահմեդական Ադրբեջանին, նրանք թուլացնում էին մահմեդական Թուրքիան։ Այսպիսով, դա ոչ զուտ մահմեդական քաղաքականություն էր, այլ քաղաքականություն, որի նպատակն էր ուժեղացնել Ռուսաստանի սահմանի մեջ գտնված և հարուստ նավթահորերի տեր երիտասարդ պետությունը։ Հյուսիսային Կովկասի սահմաններում՝ Դաղստանում և Չեչնիայում, անգլիացիները այնքան էլ գործունյա չէին։ Այնտեղ չկային անգլիական զորքեր, կային միայն առանձին սպաներ։

Անգլիական գործուն քաղաքականության առաջին քայլերը Կովկասում եղան, մի կողմից ամեն տեսակի ջանքեր Ադրբեջանի սահմանների մեջ մտցնել Ղարաբաղի և Զանգեզուրի հայկական շրջանները, այնտեղ ամրացնելու նահանգապետի պաշտոնով նշանակված դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովի հեղինակությունը և մյուս կողմից՝ զորավար Շյուքրիի հրամանատարության տակ գտնված թուրքական զորքերի հեռացումը Կարսի շրջանից։

Որքան երկրորդ նպատակը՝ թուրք զորքերի հեռացումը ողջունվում էր հայերի և հայկական կառավարության կողմից, նույնքան առաջին նպատակը ջղայնացնում և նույնիսկ զայրացնում էր հայ ժողովրդի բոլոր խավերը և կուսակցությունները։

1919թ․ սկզբին՝ փետրվարի 24-ին, զորավար Ասըրը, անգլիական բարձր հրամանատարության ներկայացուցիչը Երևանում, հետևյալ գրությունը ուղղեց Հայաստանի արտաքին գործերի նախարարին․

«Ձերդ գերազանցություն,

Պատիվ ունեմ Ձեզ հաղորդել հետևյալ ռադիոգրի թարգմանությունը, որ մենք ստացանք զորավար Ֆորիստիեր Ուոքերից։

«Զորավար Թոմսոնը Բաքվից հեռագրում է, թե դոկտոր Սուլթանովը գնում է Շուշի իբրև ընդհանուր նահանգապետ Զանգեզուրի, Շուշիի և Ղարաբաղի շրջանների։

Նա այդ անում է առանց դնելու որևէ պահանջ ապագայում ադրբեջանյան վարչության վերաբերյալ․ նա այնտեղ է գնում միայն օրենքը և կարգը պահպանելու համար։

Նրան թույլ չի տրված զինվորական ուժի դիմելու և հայտարարված է, որ եթե նա չաշխատի modus vivendi հաջողացնելու համար և չսահմանափակի ազգամիջյան վեճերը, նա կհեռացվի պաշտոնից։ Նա ընդունակ մարդ է և եթե ցանկանա, կարող է շատ բան անել այդ շրջաններում, ուր լավ ծանոթ է և որտեղ Մուսավաթ կուսակցության քաղաքական պարագլուխն է, բայց շատ հնարավոր է, որ չկատարի իր խոստումները։ Մայոր Մասսոնը Փենջափի 54-րդ գնդից, հսկողություն կունենա այդ խնդրում և, միևնույն ժամանակ, կկարգադրի Անդրանիկի զորքերի հեռացումը, որոնք պիտի գնան տեղավորվելու Աղդամ և Շուշի»։

Ընդունեք, Ձերդ գերազանցություն, իմ անկեղծ համակրության զգացմունքները

Վ․ ԱՍԸՐ

Բրիտանական Գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Երևանում

Նորին գերազանցություն

Արտաքին գործերի նախարարին։

Երևան, 24 փետրվար, 1919»։

Զորավար Ասըրի այս հաղորդագրությանը Հայաստանի կառավարությունը անմիջապես պատասխանեց հետևյալ պաշտոնական գրությամբ․

«Փետրվար, 1919

Նորին գերազանցություն զորավար Ֆորիսթիեր Ուոքեր

Բրիտանական ուժերի հրամանատար Անդրկովկասում, Թիֆլիս

Բրիգադ-զորավար Ասըր,

Անգլիական ներկայացուցիչը Երևանում ինձ հաղորդեց ֆրանսերեն թարգմանությունը զորավար Թոմսոնի մի հեռագրի, որը Ձերդ գերազանցությունը ստացել է Բաքվից։

Հեռագիրը հաղորդում է, որ «դոկտոր Սուլթանովը գնում է Շուշի իբրև ընդհանուր նահանգապետ Զանգեզուրի, Ջեբրայիլի և Ղարաբաղի շրջանների և որ նա այդ անում է առանց դնելու որևէ պահանջ ապագայում ադրբեջանյան վարչության վերաբերմամբ»։

Հայաստանի կառավարությունը չի կարող համարել զորավար Թոմսոնի հեռագրի հաղորդելու փաստը իբրև արտահայտություն նույնիսկ անուղղակի ճանաչման Ադրբեջանի կառավարության` թեկուզ ժամանակավոր գերիշխանության իրավունքի այն գավառների վիճելի շրջանների վրա, որոնք այժմ պետք է ենթարկվեն դոկտոր Սուլթանովի իշխանությանը։

Հայաստանի կառավարությունը իր ժամանակին բողոք է հայտնել Ադրբեջանի կառավարության այս գլխավոր նահանգապետության հաստատելու առթիվ

Հայաստանի կառավարությունը այս խնդրի վերաբերյալ ևս սպասում է Խաղաղության խորհրդաժողովի վճռին և գտնում է, որ մինչև այդ որոշման օրը ներկայումս գոյություն ունեցող վիճակը պետք է պահպանվի և, անկասկած, չի կարող փոխվել Ադրբեջանի կառավարության միակողմանի կարգադրությամբ։

Հայաստանի կառավարության համար հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյոք Խաղաղության խորհրդաժողովի կողմից 1919թ․ հունվարի 24-ի ընդունած որոշումը հաղորդվել է՞ Ադրբեջանի կառավարությանը, ինչպես այն հաղորդագրվել է Հայաստանի կառավարությանը 1919թ․ փետրվարի 19-ին Ձերդ գերազանցության միջոցով։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, իմ խորին հարգանցս հավաստիքը։

Արտաքին գործերի նախարար

Դիվանապետ»։

Այս երկու հաղորդագրությունները չափազանց բնորոշ են ըմբռնելու այն միանգամայն անվերջ շփումները, ընդհարումները և պատերազմական գործողությունները, որոնք հետո տեղի ունեցան և անընդհատ շարունակվում էին երկու տարի։

Այժմ, հետադարձ ակնարկ ձգելով, կարող ենք ասել, որ այդ ընդհարումների հիմնական պատճառը սահմանների շուրջ եղած մշտական վեճն էր, որ ծագում էր Ղարաբաղի և Զանգեզուրի վրա ունեցած իրավունքների տարբեր ըմբռնումից։ Տնտեսապես Ղարաբաղը կապված է Բաքվի հետ, իսկ ազգագրական ու քաղաքական տեսակետից՝ Հայաստանի հետ։ Այստեղից էր ծագում վեճը։

Անգլիական իշխանությունը ամենայն միջոցներով պաշտպանում էր Ադրբեջանի հավակնությունները։ Հայաստանը ոչ մի կերպ չէր հաշտվում Ղարաբաղը և Զանգեզուրը Ադրբեջանին զիջելու հնարավորության հետ։ Այդ շրջանների հայ ազգաբնակչությունը անպայման ձգտում էր միանալ Հայաստանին։

Լուսանկարում՝ վարչապետ Խատիսյանը Սարիղամիշում 1919-ի աշնանը