«Մենք բերում ենք հաշտության վատ դաշնագիր, սակայն բերում ենք և անկախ Հայաստան». Խատիսյան

3522

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Բաթումի հաշտության բանակցությունները, մայիս 28-հունիս 5, 1918

Մայիսի 27-ին Խալիլն ու Վեհիբը իրենց մոտ են հրավիրում Խատիսյանին և Քաջազնունուն ու շատ բարեկամաբար են խոսում նրանց հետ: Վեհիբը մանրամասն տեղեկություն է տալիս Ալեքսանդրապոլի վիճակի մասին, որ «ինքը և Խալիլը շատ լավ են հասկանում հայերի և Հայաստանի վիճակը, բայց այս դաշնագիրը ստորագրելուց հետո հույս ունեն, որ հայերն ու թուրքերը պետք է համաձայնվեն հողային հարցի շուրջ , որ թուրքերի մեջ էլ կան հայերի բարեկամներ, ովքեր նպաստելու են հայերի գործերին»:

Խատիսյանից խնդրում են հաղորդել Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին, որ թուրքերը դեմ չեն Կովկասում Հայաստան կազմելուն: Հետո Վեհիբն ասում է. «Հայ զորքը հիանալի է կռվել, մոտ ապագայում կարող եք եվրոպական լավ զորք ունենալ: Ըստ Շեվքեթ փաշայի տեղեկատվության, նա նման կռիվ չի տեսել թուրքական և ոչ մի զորաճակատում, չնայած մեր ուժերին. 10 հազար կանոնավոր զորք, հայերը՝ 7.000, ու տեխնիկական առավելություններին: Չորս օրվ այդ կռիվը զանազան խորհրդակցությունների նյութ է դառնում, որ Կովկասում դուք բռնելու եք Բուլղարիայի տեղը»:

Վեհիբը բնավ չի խոսում Սարդարապատի կռվի մասին, որտեղ թուրք զորքը ջարդվել ու կորագլուխ փախել: Սա այն փաշան է, որ մայիսի 13-ի տեսակցության ընթացքում Ալեքսանդրապոլ-Ջուլֆա գիծը գրավելու համար առաջարկում էր բարեկամաբար թույլ տալ և դիմադրություն ցույց չտալ, որովհետև անօգուտ է, դուք ուժ չունեք և հպարտությամբ հայտարարում էր. «Եթե ես նպատակ ունենայի զորքով գրավել Երևանի նահանգը, բնավ պետք չունեի դիմել խաբեության, քանի որ նույնը կարող էի անել ուզած րոպեին, չվախենալով, որ պետք է հանդիպեի որևէ դիմադրության… Ձեր մերժումը միայն բարդացնում է և դժվարացնում խնդիրը, բայց չի կանգնեցնում իմ որոշումը, որովհետև եթե դուք չհամաձայնվեք հոժարակամ թույլ տալ մեր զորքի փոխադրությունը, այն ժամանակ պիտի կատարեմ ուժով: Եթե չտաք երկաթուղին, մենք կանցնենք հանդիսավոր զորանցքով»:

Ալեքսանդր Խատիսյանը հունիս 2-ին Ավետիս Ահարոնյանին* գրած նամակով Վեհիբ փաշայի հետ ունեցած տեսակցության մասին գրում է հետևյալը. «Ես այսօր եղա Վեհիբի մոտ, իսկապես նա է վճռում խնդիրները և ոչ թե Խալիլը: Մենք շատ լուրջ խոսակցություն ունեցանք Թուրքիայի և Հայաստանի ապագա հարաբերության մասին: Նա վճռաբար հայտարարեց, որ Թուրքիայի կողմից հայ պետության, թեպետ և փոքր, կազմության համար համաձայնություն տալը դարձակետ է Թուրքիայի պատմության մեջ, որ սա հաշտվելու համար առաջին քայլն է և սրանից հետո շատ դյուրին պիտի լինի լուծել մի շարք հայկական հարցեր: Նրանց այս (բարի) տրամադրությանը նպաստել է. ա) հայերի քաղաքական հստակությունը՝ նախապես թշնամական, այժմ՝ հաշտարար, բ) համաձայնելը (իրենց պայմաններին) և խաղաղ համաձայնություն Ադրբեջանի հետ, գ) որոշ պատասխան վերջնագրի ժամանակ, դ) հայերի հերոսությունը հայրենքը պաշտպանելու, Ղարաքլիսիան հարգանք է ներշնչում իրեն, հայերը Ղարաքիլիսայի կռվում ցույց տվեցին, որ նրանք «աշխարհում լավագույն զինվորները պիտի լինեն»: Եվ դարձյալ ավելացնում է Ղարաքիլիսայի կռվի համար՝ «հազվադեպ կռիվ այս պատերազմի պատմության մեջ»»:

Օսմանյան պետության և հայ հանրապետության միջև Բաթումում կնքված դաշնագրությունը նույն դաշնագիրն է, ինչ որ նախապես առաջարկվել էր Կովկասի հանրապետությանը՝ ինչ ինչ կրճատումներո ու հավելումներով:

Խատիսյանը հունիսի 3-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին հղած նամակով հաղորդում է. «Վրաց պայմանները մերինի հետ համարյա նույնն է, նրանք չունեն սահմանափակում՝ հարաբերություն չհաստատելու թուրքերի թշնամի պետությունների հետ պատերազմի ընթացքում: Իսկ մենք ունենք այս կետը նամակի փոխանակությամբ, բայց պիտի բողոքենք»:

Հայերի համար այս խիստ աննպաստ դաշնագիր կնքող պատվիրակության նախագահը իր տեղեկագիրը վերջացնում է հետևյալ խոսքերով. «Մեծ է հայ երկրի ոգին: Մենք բերում ենք հաշտության վատ դաշնագիր, սակայն բերում ենք և՛ անկախ Հայաստան՝ տուն, բույն, որտեղ պիտի կռանվի ազգային միտքը: Այս ամենը կապում է, միացնում է, բարձրացնում է ոգին, իս դա կարևոր է: Ես հավատ ունեմ դեպի մեր պետությունը»:

Գերմանացի զորավար Ֆոն Լոսովի առաջարկով հայ դատը պաշտպանելու համար Բեռլին էին մեկնել Համո Օհանջանյանն ու Արշակ Զուրաբյանը: Երբ Տրապիզոնի անհաջող բանակցություններից հետո սկսվում էին Բաթումի բանակցությունները, դրան, թուրքերից բացի, պետք է մասնակցեին նաև Քառյակ զինակցության մյուս անդամները, որոնցից սակայն միայն գերմանացիները ուղարկեցին ներկայացուցիչ՝ զորավար Ֆոն Լոսով:

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 644, թ․ 2-83։ Ինքնագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 100-105: