Հ.Յ.Դ.-Բոլշեւիկ հարաբերութիւնների անցեալից. Ռուբէն Տէր Մինասեան

1812

Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից:

Ռուբենի այս գործը ձեռագիր վիճակով պահվում է Հայաստանի Ազգային արխիվում՝ ֆոնդ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիվում այն կրում է «Ռուբեն Տեր-Մինասյանի ուսումնասիրությունը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի (1919թ. նոյեմբեր մինչև 1920թ. ապրիլ) գործունեության մասին» խորագիրը:

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը: ԱՆԻ-ին հիշեցնում է, որ առանձին հոդվածների վերնագրերը ինքն է դնում, որոնք սովորաբար տեքստից վերցված նշանակալի հատվածներ են:

 

ԳԼՈՒԽ Է

Այժմս տեսնենք թէ Բիւրոն ինչ ընթացք բռնեց դէպի բոլշեւիկները Ընդհանուր Ժողովից յետոյ, մանաւանդ որ այդ հոսանքն է որ պիտի տէր դառնար ամբողջ Ռուսիոյ:

Դաշնակցութեան քաղաքականութիւնը հանդէպ բոլշեւիկների մնաց նոյն ուղղութեան ինչ Ընդհանուր Ժողովից առաջ էր: Այսինքն նրա վարքագիծն էր, ընդունելով բոլշեւիկների իբր Ռուսիոյ ղեկավար տարրը ( եւ կամ նրա ղեկավարներից մինը), յարաբերել նրանց հետ ապահովելու համար մեր ինքնուրոյն ձգտումները: Այդ ըսել չէր, որ Դաշնակցութիւնը բաժանում է նրանց աշխարհահայացքը. մենք ձգտում էինք մնալ թէ՛ քաղաքականօրէն եւ թէ գաղափարաբանութեամբ բոլորովին անկախ Ռուսիայից եւ բանակցել նրա հետ իբրեւ այդպիսին, չզիջելով մեր ներքին անկախութիւնից ոչինչ, յարաբերութիւնները հիմնելով զուտ արտաքին քաղաքական գետնի վրայ: Այս սկզբունքները եւ վարքագիծը, որքան որ անհրաժեշտ էին Հայաստանի շահերի տեսակետից, բայց պիտի դժուարութիւններ ստեղծէին արտաքին աշխարհում, ի մասնաւորի Դաշնակիցների մօտ: Միաժամանակ, որոշ չափով պիտի այդ սկզբունքները մեր ներքին կեանքում պատճառ դառնային թիւր հասկացողութեանց, որ յետոյ կը տեսնենք, երբ բացատրենք մեր ներքին քաղաքականութիւնը:

Արդէն յիշեցի որ 1918ից յետոյ, Երեւանում կապ էր պահպանւում Արշաւիր Մելիքեանի միջոցով, որ կը շարունակէր մնալ Հայաստանում, նախքան խորհրդարանում ընտրութիւնները՝ իբրեւ Խորհրդի անդամ, իսկ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ՝ իբր համագործակցականների պաշտօնեայ: Մելիքեանը այն կարծիքին էր, որ Հայաստանը մանր բուրժուական երկիր է եւ նրա համապատասխան կուսակցութիւնը Դաշնակցութիւնն է: Իբրեւ համոզուած բոլշեւիկ, մնալով ընդդիմադիր Դաշնակցութեան, անտեղի եւ վնասակար էր գտնում Հայաստանում բոլշեւիկեան իշխանութեան հաստատումը, մինչեւ քաղաքական եւ դասակարգային շերտաւորման նպաստաւոր պայմանների ստեղծումը: Այդպիսի գաղափարական ընդդիմութիւն աւելի նպաստաւոր էր Հայաստանին քան վնասակար. ուստի Մելիքեանի եւ նրա կողմնaկիցների հետ յարաբերութեան մշակումը եւ նրանց միջնորդ դարձնելը Հայաստանի եւ Ռուսաստանի մէջ, նպատակայարմար էր մեզի համար:

Այսպէս լինելով հանդերձ, 1919ի աշնանը նկատւում էր որ թէ՛ Հայաստանի եւ թէ Վրաստանի բոլշեւիկների մէջ ձգտում կար հակառակ ընթացք ունենալու Ա. Մելիքեանի տեսակէտներին, եւ ջանալու Անդրկովկասում եւ Հայաստանում եւս կոմունիստական դիկտատուրա ստեղծել: Միաժամանակ լուրեր էին հասնում բոլշեւիկ-թուրքական բանակցութեանց եւ դաշնագրութեանց մասին: Ըստ երեւոյթին, որքան մենք էինք մտահոգուած այդ խնդիրներով, նոյնքան եւ Մելիքեանը, որ հակառակ կ’երեւար թէ՛ ռուսական ձեռնարկներին թուրքերի հետ, թէ՛ կոմունիստների ձեռնարկներին Անդրկովկասում եւ Հայստանում: Կ’ենթադրեմ թէ անկեղծ էր, որովհետեւ Հայաստանի երիտասարդ կոմունիստները չէզոքացրին նրան իրենց շարքերից: Բայց մենք կ’ենթադրէինք, թէ դա մասնակի մի հակակրանք է հանդէպ Մելիքեանի. յոյս ունէինք թէ նա որոշ ազդեցութիւն կ’ունենայ Ռուսաստանում մեր հարցի վերաբերմամբ, հակազդելու մեզի համար կորստաբեր ռուս-թուրքական բանակցութեանց եւ միաժամանակ ձախ կոմունիստների անհեթեթ փորձերը ստեղծելու Հայաստանում բանուորական դիկտատուրա, որտեղ համարեա բանուոր չկար:

Մեզ ցանկալի էր, ուրեմն, իրազեկ դարձնել Ռուսիոյ բոլշեւիկներին մեր երկրի ներքին ու արտաքին կացութեան մասին, մատնանշելով իրենց քաղաքականութեան վտանգները ինչպէս մեզի, նոյնպէս իրենց, կոմունիստների համար: Բարեբախտաբար Արշ. Մելիքեանը ինքն էլ կը ցանկար անցնել Ռուսաստան, Մոսկուա: նա յայտնեց մեզի իր գնալու ցանկութեան մասին. թէեւ մենք նիւթական օժանդակութիւն էլ պատրաստ էինք հոգալ, բայց նա բաւականացաւ բարոյական աջակցութեամբ, մերժելով նիւթական օժանդակութիւնը:

Նա հոն գնալով, պիտի պարզէր բոլշեւիկներին երեք հիմանակն հարցեր.

ա) Որ մենք մաս չունենք Շահումեանի սպանութեան մէջ, եւ որ Դաշնակցութիւնը նախակարապետն է սոցիալիզմի՝ յետամնաց արեւելքում:

բ) Որ անհրաժեշտ է Հայաստանի անկախութիւնը, որ նրա ռամկավար իշխանութիւնը համապատասխան է ժողովրդեան կարիքներին, որ պէտք է բաւականանալ դրանով եւ բոլշեւիկեան փորձերը աւելի պիտի քայքայեն եւ անիշխանութեան մատնեն Հայաստանը:

գ) Որ թուրք-բոլշեւիկեան համաձանութիւնը կորստաբեր է հայ ժողովրդին համար, եւ դրանով յետադիմութեան ոյժ տրուած պիտի լինի Անդրկովկասում, ու քեմալականների ուժեղացումով՝ ոչ միայն հայերը պիտի ոչնչանան, այլեւ բոլշեւիզմի, նոյնիսկ սոցիալիզմի հիմքերը պիտի քանդուին արեւելքում:

Ահա այս մտադրութիւններով է որ գնում է Մելիքեան, բայց գնալուց յետոյ արդեօ՞ք բռնում է Մակինցեանի ուղին, թէ՞ անկարող լինելով որեւէ ազդեցութիւն ունենալու, իր խոստման հակառակ լռում էր. մինչեւ օրս անյայտ են նրա բռնած դիրքը եւ թափած աշխատանքները:

***

Աւելի կարեւոր էին մեր ունեցած կապերը Թիֆլիսի բոլշեւիկների հետ, որոնք ի վերջոյ Անդրկովկասի եւ Հայաստանի ղեկավարները պիտի դառնային: 1919ի աշնանը, շատերը բելշեւիկ ղեկավարներից հեռացած էին եւ կեդրոնական անձնաւորութիւններից մնացել էին հայերից՝ Նազարէթեան, Շահվերդեան, Կասեան եւայլն: Բոլորն էլ, մանաւանդ առաջինը, կը հալածուէին այսօրուան իրենց ընկերներից, ինչպէս օրինակ՝ Փիրումեանի, Երզնկեանի եւ այլոց կողմից, որոնք մենշեւիկ լինելով ոյժ էին տալիս Ռամաշվիլիի քաղաքակնութեան եւ կը ջանային բանտերը նետել կամ ոչնչացնել նոցա: Բայց բոլշեւիկ ղեկավարները կարողանում էին բանտից եւ ոչնչացումից ազատուել, շնորհիւ Թիֆլիսի մեր Կ. Կ.ի ջանքերին, ոչ թէ նրա համար, որ մեր ընկերները կը բաժանէին բոլշեւիկների գաղափարաբանութիւնները, այլ որովհետեւ յանձինս նոցա կը տեսնէին մի կամուրջ մեր եւ բոլշեւիկ Ռուսաստանի միջեւ՝ իրար հասկացողութեան եւ բարի դրացիական յարաբերութեան գալու համար: Թիֆլիսի Կ. Կոմիտէի այդ բացայայտ պաշտպանութեան մասին տեղեակ էր Բիւրոն, եւ թէեւ Վրաստանի կառավարութիւնը զգացնել կը տար մեր կառավարութեան այդ մասին, բայց մենք, այդ ճնշման ներքոյ, հարկ չէինք համարում զլանալ մեր պաշտպանութիւնը: Ի վերջոյ, այդ պաշտպանութիւնը համարեա ակներեւ դարձաւ, քանի որ երբ 1919ի վերջերին խիստ հալածանք եղաւ Վրաստանում հանդէպ բոլշեւիկների, սրանք փոխանակ այլուր փախչելու, ապաստան գտան Հայաստանում ու չէզոք գօտիում, եւ շատերն էլ անցան հայկական պետական պաշտօնների գլուխ:

Այդ արդէն քաղաքական հեռատեսութիւն չէր, այլ ծայրաեղութիւն: Արտաքին քաղաքական ձգտումները՝ մենք շփոթում էինք ներքին քաղաքական զիջումների հետ, որոնք անտեղի եւ վնասակար պիտի լինէին: Բայց այստեղ պիտի շեշտել այն հանգամանքը, որ Թիֆլիսի բոլշեւիկների հետ, մինչեւ 1920ի Մայիս ամիսը, մեր կապակցութիւնները եղել են բաւական սերտ: Թիֆլիսի բոլշեւիկ ղեկավարները Անդրկովկասի իրենց կուսակցութեան ղեկավարներն էին, եւ նրանք ոչ միայն տեղեակ էին եւ կապակցութիւն ունէին Մոսկուայի հետ, այլեւ կը ղեկավարուէին Մոսկուայի կողմից, փոխադարձաբար իրարու վրայ կ’ազդէին: Ահա այդ էր պատճառը, որ կառավարութիւնը անձամբ նրանց հետ պաշտօնական կապ չկարողանալով պահել, Բիւրոն էր որ կը խօսէր նրանց հետ, կա՛մ անմիջականօրէն կամ Թիֆլիսի Կ. Կոմիտէի միջոցով: Այդ տեսակցութիւնների շարքին էր Նազարէթեանի հետ իմ տեսակցութիւնը, Վրացեանի միջոցով, որտեղ պարզուեց Պոլսից ու Տրապիզոնից ստացած մեր տեղեկութեանց իրողութիւնը բոլշեւիկ-քեմալիստ համաձայնութեան մասին. միաժամանակ անորոշ կերպով պարզուեց եւ այն հաւանականութիւնը, որ բելշեւիկ քարոզչութիւնը Անդրկովկասում եւ Հայաստանում կարող է աւելի գործօն բնաւորութիւն ստանալ, յանուն բոլշեւիկների արեւելյան քաղաքականութեան:

Այս տեսակցութիւնը պիտի համարել սկիզբը մեր եւ բոլշեւիկների յարաբերութեանց նոր շրջանի մը: Ատկէ յետոյ աւելի զգոյշ պիտի լինէինք հանդէպ բոլշեւիկների, մեր ներքին քաղաքականութեան մէջ. իսկ արտաքին քաղաքականութեամբ՝ աւելի ազդու միջոցներ եւ անկախ քաղաքականութեան պիտի հետեւէինք, ջանալով հակազդել թուրք-բոլշեւիկ համաձայնութեան վրայ, ձգտելով բոլշեւիկներին ճանաչել տալ մեր անկախութիւնը եւ ապահովել նրանց բարեկամութիւնը: Դրանով պիտի բացատրել այն յանդգնութիւնը, որ Հայաստանի կառավարութիւնը, կախուած լինելով Դաշնակիցների կամքից եւ քմահաճոյքներից, համարձակեցաւ ուղարկել իր պաշտօնական ներկայացուցիչները Մոսկուա՝ յանձինս Շանթի: Միաժամանակ, նա ազդու միջոցներ ձեռք առաւ բոլշեւիկ քարոզչութիւնը եւ շարժումները խեղդելու Հայաստանում: Դրանց մանրամասնութիւնները վերաբերելով 1920ի Բիւրօ-Կառավարութեան գործունէութեան, յետաձգենք մանրամասնութիւնները եւ եզրակացնենք:

Ընդհանուր Ժողովից յետոյ, Բիւրոն Ռուսիոյ երեք գլխաւոր հոսնքների հետ (Կոլչակի, Դենիկինի, Լենինի) անընդհատ ձգտած է բարեկամական յարաբերութիւններ ստեղծել, նրանց նկատելով իբրեւ պետութիւն եւ կամ Ռուսիոյ ապագայ հաւանական պետութիւն. ջանացել է իբրեւ այդպիսին նախօրօք ապահովել եւ ճանաչել տալ իր անկախութիւնը, առանց հետաքրքրուելու նրանց վարչաձեւով, համարելով դա իրենց ներքին գործը. ջանացել է օգտուել անոնցմէ Հայաստանի ֆիզիքական, տնտեսական, քաղաքական ամրապնդման համար: Բայց այդպէս լինելով հանդերձ, չնայելով որ կար մէջտեղը Լենինի դեկրետը եւ բոլշեւիկների հաւաստիացումները՝ թէ նրանք ուզում են Հայաստանի լիակատար անկախութիւնը, ի վերջոյ այդ բոլորը պիտի դառնային դատարկ խօսքեր, եւ բոլշեւիկները, հայ ժողովրդի դիակի վրայով պիտի ջանային իրենց շահերի համար բարեկամանալ թուրքերի հետ եւ Հայկական Հարցն ու Հայաստանը ծախել այդ բարեկամութիւնը շահելու համար:

Այս հարցերի վրայ այսքան ծանրալույս նպատակը ժխտելն է այն թիւր հասկացողութիւնը, որ յաճախ մեր իսկ շարքերից կը լսուի, թէ Հայաստանի վերջին դժբախտութիւնների պատճառներից մէկն էլ այն է թէ մենք, լիայոյս Դաշնակիցների վրայ, անտեսած ենք ռուսական ուժերը եւ ի մասնաւորի բոլշեւիկ ուժերի կարեւորութիւնը՝ իբր ազդակ մեր քաղաքական ապագայի:

Ընդհակառակն, կարեւորութիւն, չափից աւելի կարեւորութիւն է տրուել եւ ջանքեր թափուել, բայց ի վերջոյ յանգել ոչինչ, Հայաստանի եւ Հայ Ժողովրդի քիչ արժէք ներկայացնելու պատճառով՝ համեմատած թուրք ուժերի եւ իսլամական ազդակի հետ: Յայտնի է, որ երբ Դաշնակցութիւնը կը ջանար Ռուսիոյ մէջ յենարաններ որոնել, նոյն ժամանակ եւ Իթթիհատը, յանձինս Բիւրհանէտտին Շաքիրի, Թալէաթի, Էնվէրի, Ջամալի եւ այլոց միջոցով, Բերլին թէ Մոսկուա, բարեկամութիւնը կ’որոնէր բոլշեւիկների:

Բոլշեւիկները անարժէք պիտի չհամարէին այդ բարեկամութեան ձգտումը, մանաւանդ իրենց նեղ օրերին, 1918-1920 թուականներին: Համիսլամական եւ Քեմալական շարժումները, այդ ժամանակամիջոցում, զէնքեր էին Դաշնակիցների վրայ ազդելու եւ նրանց ոչ միայն սպառնալու, այլեւ զիջողութեանց տանելու: Այդ զէնքերը պիտի օգտագործէին բոլշեւիկները իրենց հակառակորդ դաշնակիցների դէմ, իրենց շահերի վրայ, եւ ինչպէս Լենինը կը բանաձեւէր «պիտի զոհաբերէին Հայաստանը» յանուն իրենց քաղաքական ձգտումների: Եւ այդպէս էլ արեցին: Ահա դրա մէջ պիտի փնտռել բոլշեւիկների խոստմնազանցութեանց պատճառները, դրա մէջ պիտի որոնել մեր բանակցութեանց, Շանթի բանակցութեանց անհետեւանք լինելու պատճառները: Ի զուր են այն մեղադրանքները, որ մենք թերացած ենք, կամ ուշացած, եւ կամ անզիջող ենք եղած թէ՛ մեր ներքին եւ թէ արտաքին քաղաքականութեանց մէջ: Դրանք հրապարակախօսութեանց եւ թեթեւ քննադատութեանց նիւթ կարող են ծառայել, նպատակ ունենալով քաղաքականութեան անբարոյական կողմերը ծածկելու. այդպիսի մեղադրաներ չեն բխում ո՛չ իրականութիւնից եւ ոչ էլ լուրջ քննադատութիւնից: Փաստը այն է, որ մենք աւելի քիչ արժէք ներկայացնելով քան թուրքերը եւ իսլամները, մեզ ոչինչ համարեցին, մեզ յանձնեցին իրենց ծրագիրների համար: