Մայիս 28-ը Հայաստանում առաջին անգամ նշվել է 1919-ին

6722

Հայաստանում առաջին անգամ Մայիս 28-ը, որպես տոն ու տոնակատարություն, նշվել է 1919 թվականին, երբ ՀՅԴ-ական Ալեքսանդր Խատիսյանի կոալիցիոն կառավարությունը (երեք դաշնակցական, երեք ժողովրդական, երկու անկուսակցական) ընդունեց Միացյալ և Անկախ Հայաստանի ակտը:

Մինչդեռ 1918-ի մայիսի 28-ին անկախության կամ հանրապետության հիմնադրման մասին խոսք անգամ չի եղել: Ինչպես նշել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, այդ թվում՝ Սիմոն Վրացյանը, «Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը»:

Մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը ընդունեց հայտարարություն, որը, կրկին Վրացյանի խոսքերով՝ «անկախության հռչակում չէր, բայց դեպքերի առումով դարձավ այդպիսին»: Այդ հայտարարության մեջ բացակայում էին անկախություն և հանրապետություն բառերը:

Իսկ մայիսի 28-ը ընդունվեց անկախության օր, քանի որ այդ օրը, ի կատարումն թուրքերի վերջնագրի, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Եվ քանի որ թուրքերը Բաթումի հաշտության բանակցությունների համար նախապայման էին համարում Հայաստանի անկախության հայտարարությունը (ինչը հայ ղեկավարների մի մասի համար անընդունելի էր), այդպես, հենց Մայիս 28-ը դարձավ Հայաստանի անկախության օրը:

Երբ թերթում ենք 99 տարի առաջվա օրվա մամուլը, կարդում արխիվն ու Հայաստանի հիմնադիր հայրերի հատորները, պարզվում է, որ Հայաստանի 1918թ. մայիսյան անկախությունը հայտարարելը առաջին հերթին պնդել են թուրքերը, այդ թվում Հայոց ցեղասպանության հղացողներից, կազմակերպիչներից և իրականացնողներից Թալեաթ փաշան: Այսօր, պատմական դեպքերից 99 տարի անց, կարող է սա հեգնական կան սադրիչ հնչել, բայց դա իրականությունն է:

Թուրքերը՝ Օսմանյան կայսրությունը, Հայաստանի անկախությունն էին ուզում շատ փոքր տարածքի վրա, որպեսզի արևելահայերին կտրեն ռուսներից: Հայկական կուսակցություններն ու գործիչները մտահոգություն ունեին՝ կտրվելով ռուսներից, արևելահայությունը կենթարկվեր նույն ճակատագրին, ինչին երթարկվեց արևմտահայությունը 1915-ին և հետագա տարիներին՝ Հայոց ցեղասպանություն:

Երբ 1918-ի մայիսի 26-ին Անդրկովկասյան Սեյմը լուծարվեց, իսկ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, մի քանի ժամ անց տեղի ունեցավ Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի ու թաղային կոմիտեների արտակարգ նիստը, որն ընդունեց հետևյալ բանաձևը.  «Նկատի ունենալով այն, որ Անդրկովկասյան Սեյմի ինքնացրումից և Վրաստանի անկախություն հայտարարելուց հետո լուծարվելու է Անդրկովկասյան կառավարությունը, և հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին՝ ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայության կենտրոնում՝ ստանձնելով կառավարական ֆունկցիաները, օժտված դիկտատորական իրավունքներով հայ կյանքի բոլոր երևույթների և գործերի նկատմամբ»:

Ավելին, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը մայիսի 26-ին դատապարտեց վրացիների՝ անկախություն հռչակելու քայլը: Մայիսի 26-ի նիստում Հայաստանի անկախությանը վճռականորեն կողմ են արտահայտվում հայ սոցիալ-դեմոկրատները, վճռականորեն դեմ են արտահայտվում ՀՅԴ-ից՝ Ավետիս Ահարոնյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և Արտաշես Բաբալյանը, էսեռները՝ սոցիալիստ-հեղափոխականները, անկուսակցականները՝ Ստեփան Մամիկոնյան, Տիգրան Բեկզադյան: ՀՅԴ մեկ այլ հատված՝ Սիմոն Վրացյանի ու Խաչատուր Կարճիկյանի գլխավորությամբ, կողմ էին անկախությանը, քանի որ այլ ելք չէին տեսնում: Անկախության ամենաջերմեռանդ պաշտպաններից էին Բաթումում անդրկովկասյան պատվիրակության կազմում թուրքերի հետ բանակցող ՀՅԴ-ական Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը:

Հաջորդ օրը՝ մայիսի 27-ի երեկոյան, Բաթումից վերադարձած Քաջազնունին, Խատիսյանը և Միքայել Պապաջանյանը (ժողովրդական) մանրամասն զեկուցում տվեցին բանակցությունների ընթացքի և Վրաստանի քայլերից հետո ստեղծված կացության մասին:

Մեկ օր անց՝ մայիսի 28-ին, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը կրկին Բաթում ուղարկեց Քաջազնունուն, Խատիսյանին ու Պապաջանյանին՝ այս անգամ որպես հայկական պատվիրակություն, տալով նրան բացարձակ լիազորություն բանակցելու և հաշտություն կնքելու Օսմանյան կայսրության հետ:

Մայիսի 29-ին գումարվեց Հ. Յ. Դ. Արևելյան և Արևմտյան Բյուրոների, Հ. Յ. Դ. Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի և Սեյմի ու Ազգային խորհրդի դաշնակցական հատվածների միացյալ նիստը, իսկ մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը ընդունեց հայտարարություն՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի:

ՀՅԴ Բաքվի կոմիտեն, որ համագործակցում էր բոլշևիկ Ստեփան Շահումյանի հետ, դեմ արտահայտվեց Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի որոշմանը և այն որակեց հայ ժողովրդի կամքի ոտնահարում։

Մայիսի 30-ի հայտարարությանը անվերապահորեն դեմ արտահայտվեցին նաև ՍԴՀԿ-ն և հայ բոլշևիկները։ Վերջիններիս դիրքորոշումը պարզ էր՝ հայ ժողովուրդը չի կարող ապրել առանց Ռուսաստանի և ռուս բոլշևիկների։ Հնչակյան կուսակցության անդրկովկասյան կենտրոնական վարչությունը բողոքեց հայտարարության առիթով, այն որակելով անօրինական, իսկ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը` ինքնակոչ մարմին, որն ուզուրպացնում է հայ ժողովրդի ազատ իրավունքները:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում

1919 թ. Մայիս 28, Երևան, Աբովյան փողոցից սկսված շքերթի շարժը դեպի ՀՀ խորհրդարանի շենք, որը գլխավորում է ավտոմեքենայի վրա նստած սևազգեստ ու սևաքող տիկինը՝ խորհրդանշելով Հայաստանի արյունոտ անցյալը, իսկ նրա հետևից կրկին ավտոմեքենայի վրա նստած շարժվում է սպիտակազգեստ ու սպիտակաքող կինը, որը խորհրդանշում է ազատագրված Հայաստանի ներկան՝ նորաստեղծ Հանրապետությունը, նորանկախ Հայաստանը։

Վերջինիս առջևով ձեռք-ձեռքի տված գնում են այլևս նախկին թուրքահայ (արևմտահայ) և ռուսահայ (արևելահայ) երկու տղամարդ որպես միացման խորհրդանշական ակտ։

Առաջին և երկրորդ ավտոմեքենաները շրջապատվել են միացյալ Հայաստանի տարբեր գավառների և նահանգների անվանումներով (Մուշ, Սասուն, Տիգրանակերտ, Սիս և այլն) պաստառներ բռնած մարդկանցով, իսկ այդ շարժվող շարասյան երկու կողմերում կանգնած են գաղթական որբերն ու զինվորականները։ Իսկապես շատ հուզիչ տեսարան է անմահացվել։

Մայքլ Բաբայան