Սփռելով լավատեսություն՝ Նուբայի լեռներում. Թոմ Քաթինայի պատմությունը

1233

Սուդանի 750,000 բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, օրուգիշեր ջանք չի խնայում հոգալու պատերազմից ավերված այս տարածաշրջանի բնակիչներին։ Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային ազատագրական շարժման միջեւ բռնկված քաղաքացիական պատերազմի բոլոր տարիներին Թոմն անթիվ մարդկանց կյանք է փրկել «Գթության մայր» հիվանդանոցում, որը միակ գործող հիվանդանոցն է ամբողջ տարածաշրջանում։

Բժիշկ Թոմ Քաթինան, ում տեղացիները ճանաչում են որպես «Դոկտոր Թոմ», պատերազմն սկսելուց ի վեր անդադար աշխատել է՝ հնարավորինս մեղմելու պատերազմի սարսափները։ Ռմբակոծության տակ բեկորներ հեռացնելը, վերջույթներ անդամահատելն ու ծնունդներ ընդունելը սովորական բան են դարձել մի մարդու համար, որին Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) տարածաշրջան էր գործուղել դեռեւս խաղաղ ժամանակներում։

Երբ պատերազմ սկսվեց նրան առաջարկեցին դուրս գալ երկրից, բայց բժիշկը պնդեց, որ կմնա։ «Երբեք չեմ ափսոսացել այդ որոշմանս համար,– ասում է Թոմ Քաթինան, – այստեղ առավել քան երբեւէ իմ կարիքն ունեին։ Ես չէի կարող ուղղակի վերցնել ու լքել մարդկանց, որոնց բախտի բերմամբ սկսել էի ճանաչել հենց այն պահին, երբ նրանք բոլորից շատ ունեին աջակցության կարիք։ Ամենակարեւորն այստեղ մարդիկ են: Այն, ինչ նրանք անում են, չի դադարում ինձ հիացնել»։

Բռնության տարածմանը զուգընթաց՝ տարածաշրջանի բնակիչներն անասելի տառապանքներ կրեցին։ Կառավարության հայտարարած «այրված հող» քաղաքականության հետեւանքով օդային ռմբակոծությունները վերածվեցին բազում տարիներ տեւող ամենօրյա երեւույթի։ Կործանվեցին գյուղեր ու ագարակներ՝ հարկադրելով մարդկանց բարձրանալու լեռները, ուր գրեթե սնունդ չկար։ Զանգվածային սովը սովորական դարձավ։

Բժիշկ Քաթինան օրական ստիպված էր ընդունել մոտ 500 հիվանդի, եւ սա՝ մի տարածաշրջանում, որտեղ այդ ժամանակ մարդասիրական կազմակերպություններին արգելվեց օգնություն առաքել, իսկ միջազգային հանրությունն աչք փակեց այդ ամենի վրա։ Սոսկալի այրվածքներով հիվանդներին, կտրված ոտքերով նորածիններին, բորոտներին ու թերսնումից մեռնողներին խնամելը նրա համար դարձավ առօրյա։

«Մի օր բուժում էի վաթսունն անց մի կնոջ, որն ընտանիքի հետ միասին քարանձավում թաքնվելիս էր եղել, երբ նրա առաջ ռումբ էր պայթել՝ ջարդուխուրդ անելով ոտքն ու վնասելով ազդրոսկրը, – հիշում է Թոմը, – ոտքն հեռացնելուց եւ կնոջը վերականգնման ուղարկելուց հետո ռմբակոծությունը վերսկսվեց։ Հիվանդանոցն ընկավ հարվածի տակ, եւ 11-ամյա մի աղջնակ սկսեց բարձր ճչալ։ Երբ օդային հարվածից հետո մարդիկ լցվեցին հիվանդանոցի հատակին, այդ կինը, չնայած որ քիչ առաջ էր կորցրել ոտքը, ամբողջ ուշադրությունը բեւեռել էր փոքրիկ աղջնակին հանգստացնելու վրա։ Որքա՜ն ուժ կար այս բացառիկ մարդու մեջ՝ չնայած ահավոր ցավին։ Նմանատիպ իրավիճակներում մարդկանց գտած լավատեսությունն ուղղակի ապշեցնում է»։

Ներկայումս օդային անընդհատ ռմբակոծությունները դադարել են, բայց մարդիկ շարունակում են տառապել։ Բժիշկ Քաթինան անհանգստացած է, որ պատերազմին հետեւած տեղահանությունը հանգեցրել է ծայրահեղ սովի։ «Իմ համոզմամբ՝ ներկայիս ամենամեծ ճգնաժամը սննդի պակասն է,– ասում է Թոմը,- մենք Հարավային Սուդանի սահմանին ենք, իսկ այդ երկրում սով է։ Միեւնույն խնդիրներն ու եղանակային պայմանները ազդում են նաեւ այստեղ՝ մեզ վրա. ահավոր կացության մեջ ենք»։

Տարածաշրջանը շարունակում է մնալ պատերազմական գոտի՝ անորոշ ապագայով։ Քաթինան հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, եւ նրա կարեւորագույն առաջնահերթությունն այն է, որ հիվանդանոցը կարողանա տրամադրել տարրական բուժօգնություն։ Էլեկտրաէներգիայի ու հոսող ջրի առկայությունը սահմանափակ է, չկա մշտական հեռախոսակապ։ Լինում է, որ մարդիկ մեկ շաբաթվա ճանապարհ են կտրում՝ հիվանդանոց հասնելու համար, ուր բացակայում են անգամ կենսական անհրաժեշտության այնպիսի գործիքներ, ինչպիսին, օրինակ, ռենտգենյան սարքն է։ Բժշկական պարագաները սահմանափակ են, հաճախ՝ պարզապես չկան։

Չնայած այս ամենին՝ Թոմ Քաթինան մնում է լավատես. «Նախկինում մտածել եմ հեռանալու մասին, բայց միշտ կա մի բան, որը հետ է պահում. նայում ես մարդկանց ու տեսնում, թե ինչքան ջերմ են քեզ ժպտում։ Մարդկանց միջեւ այստեղ այնպիսի մի անմիջական կապ կա, որ չեմ կարող թույլ տալ, որ այս մարդիկ անտեսվեն եւ մոռացվեն»։

Հավատն է նրան դրդում անձնվեր քայլերի: Նա հավատում է, որ անկախ հանգամանքներից՝ բոլոր մարդիկ կապված են միմյանց հետ։ «Ես կարծում եմ, որ իբրեւ մարդ արարած, մենք փոխկապակցված ենք իրար՝ անկախ ռասայից կամ կրոնից։ Իմ տեսանկյունից՝ մենք բոլորս Աստծո զավակներն ենք՝ լինենք քրիստոնյա, մուսուլման, աթեիստ, թե ինչ։ Եւ մենք պարտավոր ենք հոգ տանել մեր եղբայրների մասին։ Յուրաքանչյուր անհատ կարող է ինչ-որ կերպ ներդրում ունենալ»։

Նախկինում 80 մահճակալ ունեցող հիվանդանոցը ներկայումս մեծացել է՝ հասնելով 435 մահճակալի, եւ ունի ավելի քան 40 բուժքույր։ Թոմ Քաթինան վերջերս աշխատանքի է ընդունել նաեւ մեկ այլ բժշկի, որպեսզի հնարավոր լինի մեծացնել հիվանդանոցի կարողությունները։ Բայց նա ցանկանում է ավելին անել՝ հիմնել փոքր հիվանդանոցներ եւ առաջնային բուժօգնության կենտրոններ, որոնք կկարողանան տեղում օգնություն ցուցաբերել ավելի փոքր համայնքներին։

«Որքան դրությունս բարդանում է, այնքան ես անձամբ ավելի եմ համոզվում, որ իմ ծառայություններն անհրաժեշտ են։ Ժամանակակից աշխարհի բոլոր տարաձայնություններով հանդերձ՝ «Ավրորա» մրցանակը կարող է հակակշիռ դառնալ այս հսկայական բացասական մթնոլորտին։ Մարդիկ կարող են նայել մրցանակին ու ասել. «Փաստորեն, աշխարհում կան մարդիկ, որոնք գնահատում են մարդկայնությունը։ Կան մարդիկ, որոնք միասին փորձում են փոփոխության հասնել»։ Ինձ ոգեշնչում են տեղի բնակիչները, որոնք կարողանում են ցանկացած դժվարության բախվելիս դրան վերաբերվել առանց դառնության։ Եւ ես ինքս ձգտում եմ նույնն անել»։

Թոմ Քաթինան 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է։ Նա եղել է նաեւ 2016 թվականի առաջին «Ավրորա» մրցանակի հավակնորդ։ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» ամենամյա մրցանակը բարձրացնում է աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործությունների մասին հանրային իրազեկությունը՝ պարգեւատրելով նրանց, ովքեր իրական եւ նշանակալի գործ են կատարում հրատապ հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում երախտագիտությունը գործով արտահայտելու գաղափարն է։ Աշխարհում անհամար վերապրողներ իրենց գոյությամբ պարտական են այլոց մեծահոգությանը, եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ճգնաժամի պահին օգնություն ստացած բոլոր մարդկանց ցանկանում են ոգեշնչել, որպեսզի երախտապարտ լինեն՝ իրենց հերթին նմանօրինակ աջակցություն տրամադրելով:

Աղբյուրը՝ https://auroraprize.com/hy/aurora/article/finalists/11296/-/2017