Սիրիական պատերազմի թակարդում. Մուհամադ Դարվիշի պատմությունը

1158

Լիբանանյան սահմանից մի քանի կիլոմետր հեռու ընկած սիրիական ավանի բնակիչները զրկված են սննդից, ջրից ու օթեւանից։ Երբեմնի լեռնային առողջավայր Մադայան վերջին երկու տարում վերածվել է պաշարված ռազմադաշտի՝ շրջափակված ականներով ու սիրիական զորքերով: Սննդի պակասից մարդիկ սովամահ են լինում։ Տառապանքի ու բռնության կիզակետում Մուհամադ Դարվիշն անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերում հիվանդներին ու հատկապես երեխաներին՝ մանրամասն փաստագրելով նրանց դրությունը, որպեսզի միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրի պաշարված լեռնային ավանի վրա։

Սիրիական լեռների բարձունքներին բազմած Մադայա փոքրիկ ավանը ժամանակին հայտնի զբոսաշրջային կենտրոն էր։ 40.000 բնակիչ ունեցող այդ ավանը 26-ամյա Մուհամադ Դարվիշի տունն է, որն արդեն ավարտում էր ուսումը եւ ընդամենը մեկ տարի էր մնացել ատամնաբույժի որակավորում ստանալու համար։

Ամեն ինչ փոխվեց 2015 թվականի ամռանը, երբ Մադայան վերածվեց սիրիական պատերազմող բանակների մարտաբեմի։ Բնակիչներից շատերը, թողնելով տունը եւ ունեցվածքը, հարկադրված եղան փախչելու, իսկ նրանք, ովքեր մնացին, մինչ օրս պաշարված են 14.000 ականներով եւ մշտապես դիպուկահարների ու ռումբերի թիրախում են։ Նախկին կյանքն ամբողջովին փլուզվեց։

Համալսարանից վերադառնալով Մադայա՝ Մուհամադը դարձավ այդ համատարած ավերի ականատեսը։ Ծանոթ փողոցները լեցուն էին դիակների կտորներով ու ներկված էին զոհերի արյամբ։ Մնացողների տառապանքի ողբաձայն ճիչերը արձագանքում էին քաղաքով մեկ։ Հազարավոր վիրավորներ կային, իսկ բժիշկների մեծ մասը կամ լքել էր քաղաքը, կամ ձերբակալվել։ Մուհամադը կամավոր աշխատանքի պարտավորություն ստանձնեց, իսկ ատամնաբույժի կրթությունը նրան թույլ տվեց իր ուժերի առավելագույն չափով օգնել մարդկանց։

«Սա իմ պարտքն էր հայրենի տան, քաղաքի ու դրա բնակիչների նկատմամբ»,– ասում է նա,- այս մարդիկ իմ ընտանիքն էին, ընկերներս, սովորական մարդիկ, որոնք սովորական կյանք էին վարում, բայց պատերազմը խեղեց բոլորի կյանքը։ Պատկերացրեք ձեր աչքի առջեւ ճչացող երեխայի, որի արյունը միախառնվել է դեմքին գլորվող արցունքներին, ու փորձեք ոչինչ չանել։ Ես չէի կարող անտեսել։ Ես պիտի գործեի»։

Սկզբում մի բժիշկ կար, որից Մուհամադը ինչ-որ բան սովորում էր։ Բայց 2016թ. սկզբին այդ բժիշկը եւս թողեց-հեռացավ, ինչից հետո սովորում էր բացառապես WhatsApp նամակագրական ծրագրի միջոցով։ Նա հիշում է, թե ինչպես կատարեց իր առաջին վիրահատությունը։ «Որովայնի վիրահատություն էր,– հիշում է Մուհամադը,- սովորաբար դրա համար պետք է փորձառու եւ բարձր որակավորում ունեցող անեսթեզիոլոգներից, վիրաբույժներից ու բուժքույրերից բաղկացած թիմ։ Ես հիվանդի ծնողներին ասացի, որ մենք չունենք ո՛չ դրա որակավորումը, ո՛չ նույնիսկ անհրաժեշտ վերապատրաստումը, բայց ինձ խնդրեցին շարունակել՝ ինչ էլ որ լինի։ Մինչեւ կյանքիս վերջը կհիշեմ այդ խոսակցությունը։ Հայտնվես մի դրության մեջ, երբ ստիպված պիտի թույլ տաս, որ պատրաստություն չանցած մեկը վիրահատի որդուդ, կամ, իմ պարագայում, ստիպված լինես սեղանի վրա կտրել-բացել ինչ-որ մեկի ողջ, շնչող մարմինը…այդպես ուղղակի չպիտի լիներ»։

Մուհամադը կատարեց այդ վիրահատությունը՝ յուրաքանչյուր փուլում լուսանկարելով եղածն ու WhatsApp-ով ուղարկելով արտասահման՝ կամավոր օգնելու պատրաստակամություն հայտնած բժիշկներին։ Ամեն անգամ նա ստիպված էր լինում դուրս գալ, որպեսզի նկար ուղարկի, սպասի պատասխանի, իսկ ապա վերադառնա, կրկին մանրէազերծվի եւ մտնի վիրահատարան։ Մուհամադի եւ իր թիմի շնորհիվ այդ վիրահատությունը հաջող անցավ, ինչպես հաջող անցան նմանատիպ շատ ու շատ վիրահատություններ հաջորդած ամիսներին ու տարիներին։

Մադայայի տառապանքները չեն ավարտվում միայն դաժան մարտերի զոհերով։ 2016թ. ավարտին քաղաքը սովի մատնվեց, եւ ներկայումս մարդիկ պարզապես դանդաղ սովամահ են լինում։ Մանուկներին կաթ է պետք, բայց նորածինները մեռնում են՝ չստանալով անհրաժեշտ սնունդ, իսկ շատերը սկսել են վայրի բույսերով ու միջատներով սնվել։

Մուհամադը նշում է, որ թեեւ միջազգային որոշակի օգնություն ստանում են, այն սահմանափակվում է բրնձով ու լոբով՝ միայն ածխաջրեր։ Սա հանգեցրել է այրահեղ թերսնման, որն առաջանում է սպիտակուցների եւ սննդարար անհրաժեշտ նյութերի բացակայության հետեւանքով։

«600 երեխա հիվանդացավ, երեքը մահացան – ասում է Մուհամադը, – մենք փորձեցինք բուժել, բայց հաջորդեց մենինգիտը եւ ավելի շատ մարդիկ մահացան։ Բացի այդ օրական շուրջ հարյուր վիրավորների են բերում հիվանդանոց՝ հրազենային ու բեկորային վնասվածքներով։ Կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ու նյութերի բացակայության պայմաններում շատ բան անել հնարավոր չէ, իսկ օգնություն մինչ օրս չկա կամ եթե անգամ տեղ է հասնում, սովորաբար այն չէ, ինչ պետք է»։

Արդեն երկու տարի է՝ չկա ոչ էլեկտրականություն, ոչ գազ, ոչ վառելափայտ։ Մադայան բարձրադիր վայրում է, ուր ցրտեր են լինում եւ ձյուն է տեղում։ Քաղաքում մնացածները ջարդել են ողջ կահույքը, որ կարողանան կրակ վառել, բայց հիմա արդեն ոչինչ չի մնացել։ Հիվանդանոցը փորձում է գործել անհնարին պայմաններում, իսկ Մուհամադը շարունակում է աշխատել՝ օգնություն հայցելով միջազգային հանրությունից։

«Պաշարումն անտանելի է արդեն: Այն չի դադարում։ Սրան պիտի վերջ տրվի։ Մեզ օգնություն է անհրաժեշտ` ֆինանսական, բարոյական ու ֆիզիկական պաշտպանություն, մենք այս քաղաքի ապագան պիտի կերտենք»,– ասում է Մուհամադը։

Պաշարման մեջ ամիսներ շարունակ ապրելուց հետո Մուհամադն ու հազարավոր մարդիկ տարհանվեցին Մադայայից: Չնայած Մուհամադն ու իր բժիշկ գործընկերներն անցյալ տարվա հունվարին միջազգային հանրությանը ներկայացրին սովի մատնված երեխաների սարսափելի նկարներ, որոնք տարածվեցին նրանց տարհանման ժամանակ, այնուամենայնիվ, չհաջողվեց փրկել քաղաքի 28 բնակչի, այդ թվում՝ վեց երեխայի, որոնք բոլորովին վերջերս սովամահ եղան:

«Մի օր ես կվերապատրաստվեմ ու կվերադառնամ այստեղ՝ մարդկանց ծառայելու,- ասում է Մուհամադը, – օրերից մի օր ես կստանամ իմ որակավորումն ու կդառնամ իսկական փորձառու բժիշկ, այլ ոչ թե մեկը, որը հանգամանքների բերումով ստիպված է եղել դիմել փորձարկումների»։

Մուհամադ Դարվիշը 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է։ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» ամենամյա մրցանակը բարձրացնում է աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործությունների մասին հանրային իրազեկումը՝ պարգեւատրելով նրանց, ովքեր իրական եւ նշանակալի գործ են կատարում հրատապ հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում երախտագիտությունը գործով արտահայտելու գաղափարն է։ Աշխարհում անհամար վերապրողներ իրենց գոյությամբ պարտական են այլոց մեծահոգությանը, եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ճգնաժամի պահին օգնություն ստացած բոլոր մարդկանց ցանկանում են ոգեշնչել, որպեսզի երախտապարտ լինեն՝ իրենց հերթին նմանօրինակ աջակցություն տրամադրելով:

Նյութի աղբյուրը՝ https://auroraprize.com/hy/aurora/article/finalists/11316/-/2017