Հայաստանում Ադրբեջանի դեսպանների գաղտնի հեռագրերը Բաքու. 1919-1920 թթ

1285

Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից: Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

ԱՆԻ-ին հիշեցնում է, որ առանձին հոդվածների վերնագրերը ինքն է դնում, որոնք սովորաբար տեքստից վերցված նշանակալի հատվածներ են: Հիշեցնենք, որ այս շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ դեսպանատների և դեսպանների մակարդակով, Ադրբեջանի խորհրդարանում հայերն ունեին 12 աթոռ, իսկ երկու հայեր մաս էին կազմում 1919-ի մարտին Ադրբեջանի վարչապետ դարձած Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կառավարությանը:

 

Գլուխ Դ.

Թիւ 606, 3 Օգոստոս, 1919

Բագու, Նախարարապետին,

Պատճէնը՝ Արտաքին գործոց նախարարին.

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը երկու շաբաթուայ ընթացքում մաքրէ հաշիւները Զանգեզուրի հետ ու զօրքերն առաջացնէ մինչեւ Ղամարլու: Այժմ ամենայարմար ժամանակն է: Հայաստանի կոմիսար՝ ամերիկական գնդապետի ժամանումից յետոյ, ուշ կը լինի: Եթէ իմ առաջարկը կ’ընդունի ձեր կողմից, ապա իրագործեցէք րոպէից եւ ժամանակ չկորցնէք:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փասթաթուղթ 45)

*****

Թիւ 93, 23 Հոկտեմբեր, 1919

Երեւան, Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցիչ Հախվերդովին*.

Հասկելը բանակցութիւններ վարեց կառավարութեան հետ Շարուր-Նախիջեւանի շրջանը չէզոք գօտի յայտարարելու մասին: Համաձայնութիւն չկայացաւ, որովհետեւ Հասկելը չընդունեց մեր պայմանները: Կառավարութիւնը յայտարարեց միայն, որ մնալով պասսիւ դերի մէջ, դիմադրութիւն չի ցոյց տայ եթէ Հասկելը գօտի հաստատէ…:

Արտաքին գործերի նախարար՝ ՋԱՖԱՐՈՎ

(Փաստաթուղթ 48)

* Հախվերդովը յաջորդեց Թեքինսկուն – ծանոթ. Ռուբէնի

*****

Թիւ 1204, 28 Հոկտեմբեր, 1919

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

Անհրաժեշտ է յայտնել դոկ. Սուլթանովին, որ Նախիջեւան փամփուշտ եւ փող ուղարկելու մասին հայերը նախազգուշացած են… Մատնանշուած առարկաները երբեք չուղարկէք Մինքենդ եւ Խոշբէկ գիւղերի վրայով…

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ՀԱԽՎԵՐԴՈՎ

(Փաստաթուղթ 49)

*****

26 Նոյեմբեր, 1919 (առանց թուի)

Շտապ

Երեւան, Ադրբեջանի Դիւ. Ներկցչ. Հախվերդովին.

Մեր եւ Հայկական կառավարութեան միջեւ կայացաւ համաձայնութիւն այն մասին, որ տերիտորիալ վիճելի հարցերը ենթարկուին Դեկտեմբերի 2ին հրաւիրուելիք կոնֆերենցիայի վճռին. այդ պատճառով խուսափեցէք կառավարութեան եւ ազգաբնակութեան միջեւ միջնորդի դեր կատարելուց, ինչպէս այդ տեղի է ունեցել զանգիբասարցիների վերաբերմամբ:

Արտաքին գործերի նախարար՝ ՋԱՖԱՐՈՎ

(Փաստաթուղթ 52)

*****

Թիւ 1859 եւ 1860, 20 Դեկտեմբեր, 1919

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

…Պարսկաստանը մեծ խոստումներով, գայթակղեցուցիչ միջոցներով՝ գրաւում եւ հրապուրում է Նախիջեւանի գաղթականներին: Եթէ գաղթականները, որոնց թիւը հասնում է 60.000ի, անցնեն Պարսկաստան, ապա հայերը կը տիրեն այդ երկրամասերը, կը միանան Զանգեզուրին եւ կը սպառնան Բագուի: Գաղթականները սարսափելի տանջանքների մէջ կոտորւում են հարիւներով քաղցից եւ ցրտից: Անգլիացիները, օգտուելով իրերի այսպիսի դրութիւնից, ցանկանում են գաղթականների այդ մեծ բանակի տեղափոխութեամբ թուլացնել երկիրը՝ հայերի ներխուժման համար… Եթէ կառավարութեան համար թանկ է այդ երկրամասի պահպանումը, ապա թող անյապաղ դրամ եւ մարդիկ ուղարկէ՝ փրկելու գաղթականների կեանքը եւ պահելու նրանց տեղում:

…Եթէ  զանգիբասարցիք անձնատուր լինեն, ապա մենք քաղաքական, բարոյական եւ նիւթական տեսակէտից շատ բան կը կորցնենք: Խնդրում ենք ամէն ջանք ի գործ դնել, որպէսզի հայերի յարձակումը զանգիբասարցիների վրայ՝ յետ շպրտուի: Նրանց կողմից բոլոր հնարաւոր միջոցները ձեռնարկուած են:

Ի տեղի ներկայացուցիչ՝ ՄԻՐԲԱԲԵԻ

(Փաստաթուղթ 57, 58)

*****

Թիւ 114, 10 Փետրուար, 1920

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

Նախքան մեր փոխյարաբերութիւնների կարգաւորումը եւ սահմանների որոշումը, Երեւան-Ջուլֆա ճանապարհի բանալը համարում եմ աննպատակայարմար: Տնտեսական տեսակէտից, այդ նպաստաւոր է միայն Հայաստանին: Մեզ համար ճանապարհի բացումը դեռեւս տնտեսական շահ չի ներկայացնում, իսկ քաղաքական շահերը թէ՛ Նախիջեւանում եւ թէ պարսկական Ադրբեջանում մենք կարող ենք հետապնդել առանց ճանապարհի:

Ուորդոպը գործում է հայերի խնդրով:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ՀԱԽՎԵՐԴՈՎ

(Փաստաթուղթ 65)

*****

Թիւ 247, Մարտ 4ին, 1920

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

Մինչեւ այսօր փող չստանալը Նախիջեւանի համար ոչինչ է դարձնում գեներալ նահանգապետի աշխատանքը եւ էական վնաս է պատճառում հանրապետութեան: Վեդիբասարը նոյնպէս սոսկալի կացութեան մէջ է առանց մեր դրամական օժանդակութեան, ինչ որ ձեռնտու է Հայաստանին: Երկու շրջանները ես պաշտպանում եմ նրանով, որ փողերը արդէն Թիֆլիսում են եւ Երեւանում ստացուելուց յետոյ, առանց դանդաղելու պիտի ուղարկեմ ըստ պատկանելոյն: Դանդաղեցման իւրաքնչիւր մի րոպէն ուժեղ կերպով անդրադառնում է մեր շահերի վրայ. խնդրում եմ ձեր կարգադրութիւնը, քանի դեռ ուշ չէ:

Ի տեղի Դիւանագիտական Ներկցչ.՝ ՄՈՒՍԱԵՒ

(Փաստաթուղթ 73)

*****

Թիւ 59, Մարտ 24, 1920

Երեւան, Ադրբեջանի Դիւանագիտական ներկայացուցիչ Մակինսկուն.

Մարտ 22ի գիշերը, ամբողջ Ղարաբաղում բոլոր հայերի ապստամբութիւնն է սկսուել: Միաժամանակ, հայկական զինուած ուժերը Խանքէնդում, Ասկեարանում, Թարթառում եւ այլ տեղերում մեր զօրքերի վրայ յարձակում են գործել…: Անհրաժեշտ է առանց դանդաղելու ամէն միջոցներով հնարաւոր օգնութիւնը հասցնել Վեդիբասարին եւ Նախիջեւանին…

Արտաքին գործերի նախարար՝ ԽՈՅՍԿԻ

(Փաստաթուղթ 75)

***

Արդեօք չե՞ն պարզում այս փաստաթուղթերը իրական պատկերը Հայաստանի. նրանք արդեօք բաւական չե՞ն ապացուցանելու յիշածս եզրակացութեանց ճշդութիւնը.

1.- Որ Ադրբեջանը եւրոպացիների եւ այլոց միջոցով՝ ջանացել է արգիլել Հայաստանի տարածումը հայկական գաւառների վրայ:

2.- Որ նա համարել է Բասարգեչարը, Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջեւանը, Շարուրը, Վեդին եւ Զանգիբասարը, Արալըխը եւ վերջապէս Կարսի շրջանը՝ իր անբաժան մասը եւ կամ ինքնիշխան շրջանները, ոչ ենթակայ Հայաստանի:

3.- Որ յիշեալ շրջանների միացման համար, նա ծախսել է դրամ, պաշտօնէութիւն, զինուոր եւ զէնք, եւ նրա այդ գործին աջակցել են տաճիկները յանձինս Խալիլ փաշայի:

4.- Որ Հայաստանի ապստամբութիւնները եղել են կազմակերպուած Ադրբեջանի ձեռքով:

5.- Որ Հայաստանին թուլացնելու համար, տնտեսական ամէն միջոցներ նա ձեռք է առել եւ փակել ճամբաները:

6.- Որ նա այդ բոլորը արել է միայն եւ միայն քաղաքական, ազգային նպատակներով եւ նա նրա վրայ չեն ազդած Հայաստանի վարչաձեւի այս կամ այն եղանակը, թեկուզ սկզբներում հայ կառավարութիւնը եղել է խիստ բարեացակամ եւ ներողամիտ:

7.- Որ Ադրբեջանը պատրաստւում էր պատեհ առիթին իր զօրքով յարձակելու Հայաստանի վրայ եւ որ նրա կառավարութիւնը կը սպասէր միայն այդ վայրկեանի հասնելուն:

Այսչափով բաւականանանք Ադրբեջանի դիրքի մասին: Այժմ տեսնենք, թէ ի՞նչ էր հայ ժողովուրդի վերաբերմունքը դէպի այս ծանր սպառնալիքը: