Թուրքիան Ադրբեջանի միջոցով սահմանային վեճերում դավադիր դեր խաղաց․ Խատիսյան

1868
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:
ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ հրատարակում է Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

_______________________________

Իններորդ գլուխ

Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը

նախորդ մասը կարդալ այստեղ

1919թ․Մայիս 28ի տոնակատարությունը տեղի ունեցավ շատ հանդիսավոր կերպով։ Ամբողջ քաղաքը զարդարված էր ազգային եռագույն դրոշակներով։ Խորհրդարանի առջև կանգնած էին զորքեր, սրահները լեցուն էին բազմությամբ, օթյակները՝ օտար պետությունների ներկայացուցիչներով։

Հայկական պետության զարգացման ընթացքի մասին պատմական հակիրճ տեսություն տալուց հետո ես կարդացի Հայաստանի միացման հայտարարությունը, որ հոտընկայս ընդունվեց խանդավառ ծափերով։ Այնուհետև ֆրանսերենով դիմելով օտար պետությունների ներկայացուցիչներին, նրանց ողջունեցի Միացյալ Հայաստանի կառավարության կողմից։ Դրանից հետո կարդացի խորհրդարանի նոր անդամների անունները, որոնք ժողովրդի մեջից դուրս գալով մտան սրահը և տեղ գրավեցին։ Այդ գործողությունից հետո զինվորական նախարարաի հետ դուրս եկա խորհրդարանի պատշգամբը և զորքերի ու դուրսը կանգնած ժողովրդի համար կարդացի Հայաստանի միացման հայտարարությունը։

Զորքերը բարև տվեցին, զինվորական նվագախումբը նվագեց «Մեր Հայրենիքը» և ամեն կողմից լսվեցին «Կեցցե միացյալ և անկախ Հայաստան» բուռն բացականչությունները։

Ահա Հայաստանի միացման աքտը․ «Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումը ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն:

Ուղիղ մեկ տարի առաջ ռուսահայերի համագումարից ընտրված Ազգային խորհուրդը իրեն հայտարարեց անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն։ Ազգային խորհրդի կազմած կառավարությունն այդ քաղաքական աքտի մասին պաշտոնապես պետությունների ներկայացուցիչներին հայտնելուց հետո, այս մեկ տարվա ընթացքում փաստորեն հաստատել է իր իշխանությունը Անդրկովկասի հայկական գավառներում

1919թ․ փետրվարին Երևանում կայացած Արևմտահայ երկրորդ համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը միացյալ և անկախ է ճանաչում

Այժմ, Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնվող պապենական հայկական երկրների միացման և անկախության այս աքտը կատարելով, Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ միացյալ Հայաստանի պետական ձևն է Ռամկավար Հանրապետություն և որ ինքը Միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։

Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը և Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը Միացյալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունն է։

Հայաստանի կառավարությունը սույն աքտը հրատարակում է 1919թ․ ապրիլի 27-ի խորհրդարանի որոշմամբ՝ կառավարության տրված հատուկ լիազորությունների հիման վրա

Նախարարների խորհրդի նախագահ և արտգործնախարարի պաշտոնակատար՝ Ալ․ Խատիսյան,

Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար՝ Մ․ Մանասյան,

Զինվորական նախարար, գեներալ-մայոր՝ Ք․ Արարատյան,

Արդարադատության նախարարի պաշտոնակատար՝ Հ․ Չմշկյան,

Հանրային կրթության նախարար՝ Գ․ Մելիք-Ղարագյոզյան,

Խնամատարության նախարար՝ Ս․ Թորոսյան,

Պարենավորման նախարար՝ Ք․ Վերմիշյան,

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար՝ Գ․ Ջաղեթյան,

Գործերի կառավարիչ՝ Գ․ Խատիսյան,

1919թ․, Մայիս 28, Երևան»։

1919թ․ Մայիս 28-ի աքտը բնական զարգացումն էր նախորդ տարվա Մայիսի 28-ի աքտի, որով հայկական անկախության հիմքն էր դրվում։ Հայ ազգային գիտակցությունն էր, որ արյան ու արցունքի գետեր անցնելով, գալիս էր այդ աքտով դարբնելու հայ ժողովրդի ազատության, անկախության և միության կռվանները։

Գալով Հայաստանի սահմաններին, այն, ինչպես հայտնի է, առաջ պարփակված էր մի փոքր տարածության մեջ՝ Երևանի շուրջը, որին շուտով միացան Ալեքսանդրապոլն ու Նոր Բայազետը և ապա Կարսն ու Նախիջևանը։ Դրանով, սակայն, կովկասյան Հայաստանի սահմանների խնդիրը չփակվեց։ Վիճելի էին մնում Ղարաբաղն ու Զանգեզուրը, որոնց վրա հավակնություն ուներ Ադրբեջանը, Լոռին, Ախալքալաքը և Կարսի շրջանի որոշ մասերը, որոնք պահանջում էր Վրաստանը, և, վերջապես, Օլթին ու Նախիջևանը, որոնք թուրքերի աշխարհակալության առարկա էին։ Սահմանային այս խնդիրներից բացի, Հայաստանի կառավարությունը իր առջև ուներ լուծելու ամենից մեծ հողային վեճը Թուրքահայաստանի վիլայեթների վերաբերյալ։

Մեր հարևանների հետ ունեցած բախումների գլխավոր պատճառը սահմանային այս վեճերն էին, որոնց մեջ ամենից դավադիր դերը խաղաց Թուրքիան՝ ուղղակի Ադրբեջանի միջոցով։ Նրա բյուրավոր գործակալները վխտում էին ամեն կողմ, խաղաղ բնակչությանը գրգռում հայկական հանրապետության դեմ, զինում էին և ըմբոստացնում մեզ թշնամի տարրերին, մի խոսքով՝ կանոնավոր պատերազմ մղում Հայաստանի Հանրապետության դեմ։

Թուրքական քարոզչության և պայքարի գլխավոր օջախներն էին Բոյուք Վեդին, Զանգիբասարը, Զարուշատը, Աղբաբան, Կարակոյունլուի ձորը, Հաջի Սամլուն, Օրդուբադը և մի շարք այլ վայրեր, որտեղ թուրք սպաների ղեկավարությամբ կանոնավոր դիմադրություն էր կազմակերպվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Սպաները գալիս էին Էրզրումից և ապա Անկարայից, դրամը գալիս էր Բաքվից։

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հարկադրված էր արյունահեղ կռիվներ մղել ոչ միայն իր սահմանների վրա վիճելի հողամասերի համար, այլ նաև երկրի խորքերում, ամեն տեղ, որտեղ մեր թշնամիների դավերը հող էին գտնում։ Իր ամբողջ գոյության ընթացքում մեր կառավարությունը շարունակ ստիպվեց զենքի դիմել պետության թշնամի տարրեը սանձելու և իրեն ենթարկելու համար։ Այդ երկարատև պայքարի հետևանքով էր, որ ստեղծվեց այն միապաղաղ հոծ զանգվածը, որ այսօր կազմում է Խորհրդային Հայաստանի Հանրապետությունը։

Եվրոպական ներկայացուցիչները՝ Ուորդրոպը, կոմս դը Մարթելը և ուրիշներ, մեզ բերանացի կամ գրավոր շարունակ ասում էին, թե «բոլոր հողային հարցերը պետք է լուծվեն Փարիզի խորհրդաժողովում»։ Լուծվեցին միայն այն հարցերը, որոնց լուծմանը Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկեց ինքը անմիջապես՝ առանց ուրիշների միջնորդությունը կամ միջամտությունը սպասելու։