«Անգլիացիները Նախիջեւանը հանձնում են հայերին, պայմանով, որ հայերը Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի մաս». 1919թ

2416

Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից: Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

Այս ասածներս լոկ տեսութիւններ չեն, այլ իրական կեանքի մէջ գործադրւում եւ իրականութիւն էին: Աւելի լաւ է այդ մասին խօսքը տանք Ադրբեջանի վարչապետին եւ Հայաստանում Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցիչներին:

Երեւանում դիւանագիտական ներկայացուցիչ նշանակելու օրից՝ սկսւում է Հայաստանը քայքայելու տենդոտ աշխատանքը: Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակել է ժամանակին իր ձեռքը անցած 75 գաղտնի ու ծածկագրուած հեռագիրներ (Տես «Գաղտնի փաստաթղթերը, Ադրբեջանի դաւադրական դաւադրական գործունեութիւնից մի էջ». «Ռազմիկ»ի գրադարան, թիւ 1, Գլխաւոր Շտապի տպարան, Երեւան, 1920): Ահա փաստերը, որոնք այնքան պերճախօս են, որ բացատրութիւնների կարիքը չունին:

Թիւ 6, 22 Մարտ 1919

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

… Ուղարկեցէք միայն 200 փութ մազութ, աւելին կարող է կառավարութիւնն օգտագործել: … Եթէ ֆինանսական տեսակէտից դժուարութիւններ յարուցանէք, (Հայաստանը) շուտով ծանր դրութեան մեջ կ’ընկնի: Եկամուտների բացակայութեան պատճառով, Հայաստանը չի կարող ինքնուրոյն կեանք վարել: Հնդիկ զինուորները ուղեւերուեցին դէպի Նախիջեւան: Եթէ անհրաժեշտ գտնէք, Կարսի կառավարութեան հետ կապ կը հաստատեմ…:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 1)

*****

Թիւ 75, 1 Մայիս, 1919

Բագու, Նախարարապետին,

Ապրիլ 30ին ժամանեցին Մակինսկին (Գանիզադէ) եւ Նախիջեւանսկին: Տոմսոնը Երեւանում արգիլեց Մակինսկուն անցնել Նախիջեւան, այն պատճառաբանութեամբ՝ թէ այդ շրջանը գտնւում է Հայաստանի կառավարութեան վարչութեան ներքոյ: Մակինսկին դրամները յանձնեց ինձ. սպասում եմ ցուցմունքների, թէ ինչպէ՞ս գործածել Նախիջեւանին յատկացուած գումարները:

…Անգլիացիները Մակինսկու վագոնը վերցրին:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 8)

***** 

Թիւ 82, 4 Մայիս, 1919

Բագու, Նախարարապետին, պատճէնը՝ Արտաքին գործերի նախարարի օգնականին.

Դէպի Նախիջեւան անցան Հայկական գնդերը: Հայաստանի վրայ ճնշում գործ դնելու համար, անհրաժեշտ եմ գտնում, որ անյապաղ մեր գնդերը կենդրոնացուեն հայկական սահմանների վրայ: Նախիջեւանի ազգաբնակչութիւնը պատրաստ է դիմադրութիւն ցոյց տալ, միայն վախենում է, որ անգլիացիք միջամտեն յօգուտ հայերի: Մայիս 2ին գեներալ Դեւին Երեւանից մեկնեց Նախիջեւան: Դիլիջանում կանգնած է միայն չորրորդ գունդը՝ թերի կազմով:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 9)

*****

Թիւ 36, 5 Մայիս, 1919

Երեւան, Դիւանագիտական ներկայացուցիչ Թեքինսկուն:

Դէպի Նախիջեւան զօրամասեր եւ կամաւորներ ուղարկելու մասին ներկայումս խօսք լինել չի կարող. այդ հարցը եռանդուն կերպով քննւում է կառավարութեան եւ Աւագների Խորհրդի մէջ:

Հետեւանքների մասին կը հաղորդենք: Եռագուն կերպով բողոքեցէք Նախիջեւանը գրաւելու նպատակով ձեռնարկուած ամէն տեսակ գործողութիւնների եւ Ադրբեջանի ինքնիշխան իրաւունքների նսեմացման դէմ:

Ի տեղի Արտաքին գործերի նախարարին՝ ԶԻԱԹԽԱՆՈՎ

(Փաստաթուղթ 11)

*****  

Թիւ 658, 6 Մայիս, 1919

Երեւան, Ադրբեջանի Դիւանագիտական ներկայացուցիչ Թեքինսկուն.

Անյապաղ կապ հաստատեցէք Կարսի կառավարութեան հետ: Ցոյց տուէք նրան ամէն տեսակ աջակցութիւն, իմացէք թէ ինչ կարիքներ ունի, հեռագրեցէք մեզ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու համար: Հաստատ պնդեցէք, որ վերադարձուին գերի կանայք. բողոքեցէք Ադրբեջանի տերիտորիան, Գեօգչայի շրջանը զօրքեր ուղարկելու դէմ: Ամէնի մասին հաղորդեցէք Դաշնակից հրամատարութեանը. մենք արդէն հաղորդեցինք:

Նախարարապետ՝ ԽՈՅՍԿԻ

(Փաստաթուղթ 12)

*****  

Թիւ 93, 10 Մայիս, 1919

Բագու՝ Նախարարապետին, պատճէնը՝ Արտաքին գործերի նախարարի օգնականին.

Լուրերի համաձայն, անգլիացիները Շարուր-Նախիջեւանի շրջանը յանձնում են հայերին, պայմանով որ հայերը Ղարաբաղը ճանաչեն որպէս Ադրբեջանի մաս:

Այդ լուրը տարածել են հայերը, բայց կարծում եմ, որ Հայաստանին Կարսն էլ բաւական է. ինչպէս Հայաստանի այլ մասերում, այնպէս էլ Շարուր-Նախիջեւանում մուսուլմանները սարսափելի կացութեան մէջ են, չի կարելի այդ շրջանի հոծ մահմետականութիւնը ենթարկել հայերին: Նրանց սարսափելի ծանր դրութեան մասին ես ապացոյցներ ունեմ: Այս ամէնը պէտք է բացատրել Դաշնակից հրամանատարութեանը Թիֆլիսում, եւ միշտ համաձայնութեան մէջ լինել նրանց հետ, հակառակ դէպքում՝ մեր դիւանագիտութիւնը տանուլ կը տայ:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 15)

Լուսանկարում՝ Շուշին

*****

Կարդալ նաև՝ 

ՀՅԴ-ական երկու հայ նախարար՝ մուսավաթական Ադրբեջանի կառավարության կազմում (1919թ.)