Բերձորի (Լաչինի) առումը. մայիս 16-18, 1992թ

8611

1992թ. մայիսի 10-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը Մոսկվայում էր: Պավել Գրաչովը նոր էր նշանակվել Ռուսաստանի պաշտպանության նախարար: ՙԵրդվում եմ Ալլահով, ես ծնկաչոք եկա և սկսեցի աղաչել նրան. ՙՊաշա’, մենք չենք ուզում կռվել ռուսների դեմ: Մենք չունենք տեխնիկա: Վաճառիր մեզ զենք՚: Երկար զրույցից հետո նա զանգեց բանակի գեներալ Նիկոլայ Պոպովին: Ես վերադարձա Գյանջա:  Ռազմական տեխնիկան ուղարկվում էր ՙԶանգելան՚ կայարան: Տեխնիկան հասավ Ղուբաթլուի և Լաչինի միջևընկած հատված, գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի տեղակալ Սաֆար Աբիևն ինձ համար անհայտ պատճառներով թողեց տեխնիկան ու զորքը և հեռացավ Լաչինից: Դա մայիսի 11-ն էր: Այն ժամանակ մենք դեռ վերահսկում էինք Թուրշսուն ու Լաչինը… Արյունալի մարտեր էին գնում, իսկ Աբուլֆազ Էլչիբեյի, Հեյդար Ալիևի և  Այազ Մութալիբովի կողմնակիցները Բաքվում շարունակում էին հանրահավաքները եւ պայքարում իշխանության համար՚:

Շուշիի դեպքերից հետո ներքաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին: Մայիսի 14-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտակարգ նիստում Մութալիբովը հայտարարում է, որ Խոջալուն և  Շուշին կորցրել են քաղաքական վրիպումների հետեւանքով, և եթե Բաքուն ռազմական հարցերով առճակատման մեջ չլիներ Մոսկվայի հետ, Շուշին չէր գրավվի: Նույն օրը նա վերականգնվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնում, որը տևում է ընդամենը մեկ օր: Ժողճակատը Մութալիբովի վերադարձը գնահատում է ՙպետական հեղաշրջում՚ և բնակչությանը քաղաքացիական անհնազանդության կոչ անում: Հեյդար Ալիևը հեռուստաելույթում Մութալիբովի վերականգնումը գնահատում է ՙռազմապետական խռովություն՚: Մայիսի 15-ին Մութալիբովը կրկին, այս անգամ՝ վերջնական, հեռացվում է իշխանությունից: Նա ռուսական ռազմական ուղղաթիռով հասնում է Մոսկվա, որտեղ եւ բնակվում է մինչև օրս:

Մայիսի 16-ին Ադրբեջանում իրավիճակը վերահսկում էր Ժողճակատը: Գերագույն խորհուրդն ընդունում է Յաղուբ Մամեդովի հրաժարականը, մայիսի 18-ին խորհրդարանի նախագահ է ընտրվում 35-ամյա պատմաբան-արեւելագետ, Ժողճակատի հիմնադիրներից Իսա Գամբարը, ով նաև ստանձնում է երկրի ղեկավարի լիազորությունները մինչև նախագահական ընտրություններ` փաստացի դառնալով ամենաերիտասարդ առաջնորդը նախկին խորհրդային տարածքում:

Մինչ Ադրբեջանում տեղի էր ունենում իշխանափոխություն, ղարաբաղյան ուժերն ազատագրում են Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը, իսկ մայիսի 18-ին վերահսկողության տակ է առնվում Լաչինը, բացվում է ցամաքային միջանցք Հայաստանի և ԼՂ-ի միջեւ: Ադրբեջանցի վերջին զինվորները Լաչինը լքել էին մայիսի 16-ին: Ղազիևի ասելով` Լաչինում կար 7 միավոր ՙԳրադ՚ կայանք եւ մեծ քանակությամբ զինամթերք,սակայն  հայկական ուժերի ուղղությամբ ոչ մի կրակոց չի արձակվել, Լաչինում մարտեր չեն եղել:

Սամվել Բաբայանն իր հերթին պնդում է, որ Լաչինի օպերացիա, որպես այդպիսին, չի մշակվել ընդհանրապես. ՙՇուշիից հետո ադրբեջանցիների շրջանում տիրում էր խուճապային տրամադրություն: Երբ մտանք Բերդաձոր, ընդամենը մեկ օր հակառակորդը դիմադրեց: Նրանք փորձում էին պահել բարձունքը, որպեսզի ժողովուրդը հասցնի դուրս գալ: Լաչինն ուղղակի հետեւանք էր այն հաջողությունների, որ ունեցանք Շուշիում եւ Լիսագորում՚:

Լաչինի գրավումով վերացվում է Հայաստանի եւ LՂ միջև 7 կիլոմետրանոց միջանցքը, ձևավորվում է նոր` մարդասիրական միջանցք: Մի քանի տարի շարունակվող շրջափակումից հետո LՂ-ն ազատ շնչելու հնարավորություն ունեցավ: Սակայն Լաչինով պատերազմը չէր ավարտվում, այն մտնում էր նոր փուլ: Ի տարբերություն Քելբաջարի և ԼՂ հարակից մյուս շրջանների` երբ ղարաբաղյան ուժերը գրավեցին Լաչինը, միջազգային հանրության արձագանքն այնքան էլ կոշտ չէր, համենայն դեպս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չընդունեց բանաձև:

ՙԼաչինի գրավման փաստը միջազգային հանրությանը որոշ իմաստով շոկի մեջ էր գցել, իսկ Ադրբեջանը դեռևս չէր պատկերացնում` ի՞նչ անել: Ակնհայտորեն մեր դիվանագիտական ջանքերն օգնեցին միջազգային հանրությանը հասցնելու ԼՂ նկատմամբ ադրբեջանական շրջափակումը և  ագրեսիան: Բայց ընդհանուր առմամբ, դա ես կվերագրեի միջազգային հանրության շփոթվածությանը, քան այդ հարցի նկատմամբ նրանց ընկալմանը՚,- ասում է Ժիրայր Լիպարիտյանը:

Վահան Փափազյանն այսպես է մեկնաբանում. ՙՄիջազգային հանրությանը բացատրվում էր, որ առանց Լաչինի` ԼՂ ժողովրդի անվտանգությունը լուրջ վտանգի տակ է: Բայց միայն դա չէր: Հակամարտությունը նոր էր, դեռ միջազգային հանրությունն այս հարցով լրջորեն չէր էլ զբաղվում, Մինսկի խումբը նոր-նոր էր ստեղծվում: Հետագայում էլ` միշտ Լաչինի խնդիրն առանձնացվել է մնացյալ տարածքներից, միշտ ընկալվել է, որ այդ օղակը, միջանցքն առանձնահատուկ է՚:

1992թ. մայիսի վերջերին Եգիպտոսում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բացված միջանցքը հայության աղետալի վիճակը կանխելու նպատակ էր հետապնդում, ԼՂ  բնակչությունը տառապում էր պարենի ու դեղորայքի պակասից. ՙՈ’չ Հայաստանը, ո’չ էլ ԼՂ-ը մտադիր չեն հող գրավել ավելի, քան անհրաժեշտ է հանրապետությունների միջև հաղորդակցության համար՚:

Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

Բերձորի լուսանկարը՝ Անդրեյ Կոլչուգին