Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը, 1992թ. այցելելով Լաչին և Քելբաջար, գրել է. ՙԶարմանալիորեն ամեն ոք այնտեղ խոսում էր քրդերեն, այլ ոչ` ադրբեջաներեն՚:
Զարմանալի բան իրականում չէր կարող լինել, որովհետև Լաչինում և Քելբաջարում երկու հարյուրամյակ գերազանցապես բնակվում էին հենց քրդեր, որոնք, լինելով մահմեդական, Կովկասի թաթարների (հետագայում` ադրբեջանցիներ) հետ չունեին ո’չ լեզվական, ո’չ ծագումնաբանական, ո’չ էլ մարդաբանական նույնություն:
10-րդ դարի կեսերին Քուռ և Արաքս գետերի միջևընկած տարածքներում իշխում էր քուրդ Շադադյան դինաստիան` վարչական կենտրոններ ունենալով Դվին և Գանձակ (Գյանջա) քաղաքները: Հենց այս դինաստիայի մի ճյուղը հետագայում հաստատվեց Անի քաղաքում: Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տարի անց` 1064-ին, թուրք սելջուկները գրավեցին Անին, ապա քաղաքը վաճառեցին Շադադյան դինաստիային:
Ե՞րբ են քրդերը հաստատվել այսօրվա Ղարաբաղի հարակից տարածքներում` մնում է վիճելի: Ենթադրվում է, որ նրանք այստեղ են եկել 16-17-րդ դարերում: Մինչ Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) և շրջակա տարածքների քրդացումը, ապա` ադրբեջանացումը, դարեր շարունակ այս տարածքներում` Մռավից մինչև Արաքս, գերազանցապես բնակվել են հայեր:
1923թ. հուլիսին Խորհրդային Ադրբեջանը ստեղծվեց Կարմիր Քուրդստանը, որի տարածքը համապատասխանում էր Քելբաջարի, Լաչինի և Ղուբաթլուի շրջաններին: Գավառի կենտրոն է դառնում Լաչին (Աբդալլար) ավանը: Վեց տարվա գոյատևումից հետո 1929թ. Քուրդստանի գավառը վերացվեց: Ադրբեջանում գավառների փոխարեն ստեղծվեցին վարչական նոր միավորներ` օկրուգներ կամ շրջաններ:
1930թ. մայիսին ստեղծվեց Քուրդստանի օկրուգը, որը տարածքով գերազանցում էր Քուրդստանի գավառին և Զանգելանով ու Ջեբրայիլի մի մասով դարձավ Իրանին սահմանակից: Լաչինը մնաց օկրուգի վարչական կենտրոնը: 1930թ. հուլիսին Խորհրդային Միությունում օկրուգները որպես վարչական միավորներ վերացվեցին, ձևավորվեցին նոր վարչական միավորներ` շրջաններ: Քուրդստանի օկրուգը մի քանի ամսվա կյանքից հետո վերացվեց, սակայն Քուրդստան անունով շրջան չստեղծվեց: Քրդաբնակ Քելբաջարը և Լաչինը, որոնք ջրբաժան էին Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև, նաև հետագա տասնամյակների ընթացքում շարունակում են մնալ քրդախոս:
Քուրդստանի գավառի ստեղծումով խորհրդային ռազմավարները հավանաբար մտադիր էին նվազեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը: Այն շրջանները, որտեղ հետագայում ձևավորվեց Կարմիր Քուրդստանը,1918թ. վեճի առարկա էին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Փաստորեն, Արցախի և Հայաստանի միջև ոչ թե Ադրբեջանն էր, այլ` քրդական վարչատարածքային միավորը:
Լաչինի 7 կիլոմետրանոց միջանցքը ստեղծվել է հենց 1920-ական թթ. կեսերից հետո: Նախապես, Խորհրդային Հայաստանը և ԼՂԻՄ-ը բաժանվել են Հակարի (Հագարու) գետով, հետեւաբար` Քուրդստանը ևս բաժանվել է երկու մասի: Խորհրդային քարտեզներում երևում է, որ Գորիսի և Շուշիի շրջանները մի կողմից, Քուրդիստանի երկու մասերը` մյուս կողմից, շատ պայմանականորեն են բաժանված միմյանցից, նրանց միջևբաժանարար գիծը Հագարու գետն է: 1928թ. հետո տպագրված քարտեզներում արդեն երեւում է մի քանի կիլոմետրանոց միջանցք Հայաստանի և ԼՂ-ի միջեւ:
1926թ. մարդահամարի տվյալներով` Քուրդստանի գավառի բնակչությունը շուրջ 51 հազար էր, որից քրդերն ավելի քան 37 հազար, թաթարները (ադրբեջանցիներ)` 13,5 հազար, հայերը` ընդամենը 250: Մինչեւ 1918թ. (հետագայում ձևավորված) Քուրդստանի գավառում մնացել էին երեք խոշոր հայկական գյուղեր` Հակը, Ալղուլին և Հարարը:
Հակում (Մինքենդ) հայերի թիվը անցնում էր 800-ից: 1918թ. հայ-քրդական բախումների արդյունքում հայերը տեղահանվում են Հակից: Ալղուլիում բնակվում էր ավելի քան հազար հայ, որոնք նույնպես տեղահանվում և հաստատվում են Արցախի տարբեր բնակավայրերում և Գորիսում: Հարարում (Աշաղը Ֆարաջան) 1918թ. հայերի թիվը հասնում էր 1100-ի, մինչդեռ 1921թ. գյուղում մնացել էր ընդամենը հինգ տասնյակ հայ:
Կարմիր Քուրդստանի վերացումից հետո սկսվում է քրդերի ձուլումը, ինչին նպաստում էին երկու հիմնական գործոններ, առաջին` հավատքի նույնությունը, թրքախոս ադրբեջանցիները և իրանական ծագում ունեցող քրդերը մահմեդականներ են, երկրորդ` Բաքվի քաղաքականությունը: Եթե 1926թ. Կարմիր Քուրդստանում բնակվում էր ավելի քան 37 հազար քուրդ, ապա խորհրդային վերջին` 1989թ. մարդահամարի տվյալներով քրդերի թիվն Ադրբեջանում եղել է շուրջ 12 հազար: 1992թ. Լաչինում և Քելբաջարում միայն քրդերի թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարը, սակայն նրանք համարվում էին ադրբեջանցի, թեև շարունակում էին պահպանել իրենց քրդական ինքնությունը, միմյանց հետ հաղորդակցվում նաև մայրենի լեզվով:
Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից