Անդրկովկասի ազգաբնակչութիւնը 1919ի աշնան ըստ 1917-ի վիճակագրութեան. Ռուբէն

1274

Հատուած Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատութիւնից:

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան երրորդ ռազմական նախարարը:

________________________

Դաշնակցութեան գործունէութեան առանցքը կը կազմէր Միացեալ Հայաստանի գաղափարը, եւ Հայաստանի ու Անդրկովկասի որոշ մասերի հարցերը. սրանց շուրջն է, որ կը դառնային բոլոր դրսի մարմինների գոյութիւնն ու նրանց քայլերը:

Անդրկովկասում՝ 1918ին  ծնունդ էին առած երեք հանրապետութիւններ.- Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որոնք դեռ նոր իրենց կազմակերպման շրջանը կ’ապրէին. այդ հանրապետութեանց դեռ ո՛չ սահմաններն էին յայտնի եւ ոչ էլ իրենց ներքին ու արտաքին քաղաքականութեան սահմանները իրար վերաբերմամբ:

Անդրկովկասի երեք հանրապետութեանց գլխաւոր երեք ժողովուրդները՝ հայ, վրացի եւ թաթար, ունէին չլուծուած թէ՛ ազգային-մշակութային, թէ մանաւանդ սահմանային եւ տնտեսական վէճեր, որոնք անդրադառնում էին ոչ միայն իրանց փոխյարաբերութեանց վրայ, այլ նաեւ իրենց արտաքին օրիենտացիայի եւ հանրապետութեանց ներքին կեանքին վրայ:

Այդ դրութիւնը անխուսափելիօրէն ստեղծելու էր հակամարտութիւն եւ արիւնահեղ կռիւներ, որոնց առաջքն առնելու համար բարեացակամութիւնը պիտի մնային դատարկ եւ սին խօսքեր:

Հասկանալու համար ասածս, աւելորդ չէ վերյիշել Անդրկովկասի վիճակագրութիւնը եւ ժողովուրդների դասաւորումը: Անհրժեշտ է ուշադրութիւն դարձնել այդ թուերի վրայ, որովհետեւ իրօք որ Հայաստանի, Ադրբեջանի եւ մասամբ Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնները բխում են այդ տուեալներից:

Համաձայն ռուս պաշտօնական վիճակագրութեանց, 1915 եւ 1917 թուականներին՝ Անդրկովկասի 195.000 քառ. վերստ (1 քառ. վերստը հաւասար է 1.14 քառ. քիլոմեթրի) տարածութեան վրայ կ’ապրէին.-

Հայ                            1.786.000

Մահմետական          2.522.000

Վրացի                      1.784.000

Զանազան                  914.000

Գումար                     7.006.000

Ի՞նչ են ասում այս թիւերը: եթէ նկատի առնենք, որ վրացիների թուի մէջ մտնում են մօտ 130.000 մահմետական վրացիներ, իսկ 2.522.000 իսլամների մէջ մտնում են տաճիկներ, քիւրտեր, լեռնականներ, եւայլն (որոնք եթէ դուրս հանելու լինինք՝ մօտ 1. 600.000 թաթար է մնում Անդրկովկասում), ապա կարելի է եզրակացնել.

ա) Որ Անդրկովկասի թաթար, հայ եւ վրացի տարրերը համարեա հաւասար ոյժ կը ներկայացնեն.

բ) Որ հաւասար ուժերը պիտի ձգտում ունենային հաւասար կտորների բաժանել Անդրկովկասը:

Եւ իրօք, այս ուժերի հաւասարութիւնը ստեղծում էր երեք իրարու հաւասար հակադիր ուժեր, որոնցմէ իւրաքանչիւրը կը ջանար իր սահմանները գծել կամ ազգագրական իրաւացի հիմքի վրայ եւ կամ տնտեսական, զինուորական եւ քաղաքական շահերի նկատումներով:

Այդ պայքարի ընթացքում, 1919ի Ընդհանուր Ժողովի ատենը, երեք հանրապետութեանց իրական եւ փաստական դրութիւնը հետեւեալն էր.

Անդրկովկասի ազգաբնակչութիւնը 1919ի աշնան ըստ 1917-ի վիճակագրութեան

տար. (վերստ2)    Հայ     Վրացի   Մահմետական   Այլք    Գումարը

ՎՐԱՍՏԱՆ

Թիֆլիս       33.089          353.747   641.486    106.962       281.863   1.384.058

Քութայիս   19.776             4.605    993.412         281          36.113    1.034.411

Բաթում      6.540              15.182   75.839        16.079        12.741      122.841

Սոխում       6.179              20.743   50.383         2.799         135.746    209.671

Գումար      65.584            394.277  1.764.120   126.121      466.463  2.750.981

Թիֆլիսը նշուած է առանց Բորչալուի գաւառի

ԱԴՐԲԵՋԱՆ

Գանձակ    38.129            357.859    1.030       788.593     55.720   1.203.202

Բագու       36.572             120.087    9.004       934.616    217.798  1.281.505

Զաքաթալա 3.737                2.530      4.664       85.336           368       92.898

Գումար     78.438             480.476   14.698     1.808.545   273.886  2.577.605

Գանձակը նշուած է առանց Ղազախի գաւառի

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևան    24.748            669.871     374         410.149       34.104   1.114.498

Կարս       17.569             123.170    4.231       158.804      118.100   404.305

Ղազախ   3.400               61.000      –              9.000            1.929     71.929

Գումար   45.717            854.041    4.605      577.953      154.133   1.590.732

Ի՞նչ են ապացուցում այդ թիւերը:

Երբ վրացիների թիւերին կը նայինք, մենք կը տեսնենք, որ համարեա ամբողջ վրաց ժողովուրդը ամփոփուած էր Վրաստանի սահմաններում, քանի որ Ադրբեջանում ընդհամէնը 15.000 վրացի էին մնացած իր սահմաններից դուրս: Ըստ երեւոյթին վրացիք պիտի իրագործած համարէին իրենց ազգային  ծայրահեղ պահանջնէրը: Սակայն, չբաւականանալով դրանով, անոնք կը հետապնդէին տնտեսական եւ ռազմական յարմար դիրքերի գրաւումը, կ’ուզէին միացնել իրենց՝ Բորչալուն ամբողջ (չէզոք գօտի), Ալեքսանդրապոլի շրջանի Բամպակ-Ղարաքիլիսէ գաւառը, եւ Կարսից Արտահանը, իսկ Ադրբեջանից Զաքաթալա գաւառը: Վրացիք այս ծայրայեղ պահանջներն ունէին, ոչ այնքան կարիքից դրդուած, կամ իրենց հզօրութիւնից, ուժից, այլ կ’օգտուէին այն հանգամանքից, որ հայերն ու թաթարները աւելի բարդ խնդիրներ ունէին լուծելու իրարու հետ, որոնք երկպառակտութեան, կռիւների պատճառ էին դառնում. օգտուելով պղտոր դրութիւնից, անոնք աւելորդ պատառներ փրցնելը նպատակայարմար կը համարէին:

Երբ կը նայինք մուսուլմանների թիւերին, մենք կը տեսնենք, որ Ադրբեջանում ամփոփուած էին 1.800.000 թաթար եւ իսլամ, Վրաստանում մնում էին 126.000 եւ Հայաստանում 577.000 իսլամներ, այսինքն Անդրկովկասի իսլամների մօտ մէկ երրորդը կը գտնուէր Հայաստանում, եւ մի շօշափելի քանակ Վրաստանում: Իրերի այդ դրութիւնը պիտի դրդէր Ադրբեջանի կառավարութեան եւ ղեկավարներին՝ աշխատել այդ իսլամ ազգաբնակչութեան, իրենց բնակուած հողամասերով, միացնել Ադրբեջանին: Նրանց այդ ձգտումը ոյժ պիտի առնէր եւ այն պատճառով, որ թաթարները ինքզինքնին կը զգային թիւով ամենից ուժեղը Անդրկովկասում (բոլոր իսլամները հաշուելով): Բացի դրանից, անոնք իրենց հարեւան ունէին Պարսից Ատրպատակնը, որին իրենց  երկրի հետագայ մասը կը համարէին. իսկ Թուրքիան կը նկատէին իրենց օժանդակ եւ դաշնակից, եւ անոր միանալը եւ սահմանակից դառնալը անմիջականօրէն, թէ՛ թուրքին եւ թէ ադրբեջանցիին ցանկալի եւ օգտակար կը համարուէր: Մի կողմ թողած տնտեսական եւ այլ պատճառները, բաւական պիտի լինէին իրենց ցեղակից իսլամներին իրենց միացնելու եւ քաղաքական իրենց հեռանկարները Պարսկաստանի եւ Տաճկաստանի վերաբերմամբ, որ Ադրբեջանում տիրող լինէր այն տրամադրութիւնը, որ պիտի ազատագրել Վրաստանի լուծից 126.000 թրքութիւնը եւ Հայաստանից 577.000 իսլամութիւնը: Այդ ձգտման հետեւանօք, Ադրբեջանի համար ոչ թէ Զաքաթալա գաւառը անվիճելիօրէն կը պատկանէր իրեն, այլեւ նա վիճելի կը համարէր Թիֆլիսի գաւառի մի մասը, եւ Բորչալուի մի մասը, որտեղ ամփոփուած էին իր 126.000 իսլամութիւնից մի խոշոր մասը (մօտ 80.000ը). այդ հողամասէրը ունենալով իր ձեռքը, Հայաստանի հիւսիսից նա պիտի միանար Աղբաբա եւ Չըլտըր իսլամներով բնակուած երկրամասերին եւ այդպիսով պիտի կապուէր Կարսի նահանգի եւ Տաճկաստանի հետ:

Որքան որ Ադրբեջանի ձգտումը ակներեւ էր, բայց թէ վրացիք շատ չէին մտահոգուած, քանի որ այդ խնդրում իրենց դաշնակից պիտի ունենային հայերին. արդարեւ, եթէ թաթարական ծրագիրը կը վնասէր Վրաստանին, անկէ խլելով որոշ հողամասեր, եւ մասամբ վտանգելով Թիֆլիսը, բայց թէ անոր իրագործումը բոլորովին պիտի խեղդէր Հայաստանը, նրան օղակելով իսլամական շղթայով մը. Հայաստանը պիտի դառնար մի փոքրիկ կղզեակ՝ սեղմուած ամէն կողմից թաթար եւ թուրք զինակիցներով: Թաթարները կը գիտակցէին, որ ուզենան, հայն ու վրացին պիտի միանան իրենց ծրագրին դէմ, ուստիւ, թէեւ 1918ին լուրջ կերպով էին դրած այդ հարցերը վրացոց առջեւ, բայց 1919ից դա յետաձգուեց, անոնք բաւականացան Զաքաթալայով, ու լռեցին Բորչալուի մասին:

Այս դրութիւնից օգտուեցին հայերը, որոնք միացած էին Հայաստանին Ղազախ գաւառի լեռնային մասը: Վրաստանը յաւկնութիւններ ունէր Ղազախը գրաւելու, իսկ Ադրբեջանը Ղազախ գաւառը ամբողջապէս իր հողամսը կը համարէր: Երբ, 1918ին, նրանք դրուեցան եղած փաստերի առաջ, երկուստեք լռելեայն ընդունեցին զայն. 1919ին եւ 1920ին լեռնային Ղազախի խնդիրը չյուզուեց եւ ոչ մի կողմից, քանի որ Վրաստանի համար աւելի ապահով էր, որ հոն նստէին հայերը՝ քան թաթարները, իսկ Ադրբեջանի համար աւելի ձեռնտու էր, որ Ղազախը հայուն լինէր, քան վրացուն: Այս բացատրութիւնները անցողակի կերպով յիշելուս նպատակն է ցոյց տալ Ադրբեջան-վրացական հակամարտութեան բնոյթը եւ պարզել մեր ու վրացիների հետագայ բանակցութիւնները, որոնց մասին պիտի անրադառնամ:

***

Եթէ Ադրբեջանը, իր ազգային եւ քաղաքական ձգտումներին հասնելու համար Վրաստանի կողմը՝ միացեալ ճակատ կարող էր գտնէլ յանձինս վրացիների եւ հայերի, նոյնը չէր լինելու եթէ նա նպատակ դնէր նախ միացնել իրեն Հայաստանի իսլամները, որոնց թիւը մեծ էր: Այս ծրագրին համար, նա իրեն աջակից պիտի ունենար թուրքին եւ Ատրպատականի թաթարին, իսկ դրա դէմ՝ միայն հայ տարրը պիտի ծառանար՝ մենակ: Ահա այդ պատճառով, Ատրպատականը, Հայաստանի վերաբերմամբ աւելի ազդու քաղաքականութիւն էր վարում, գործնական քայլեր էր առնում Հայաստանը պայթեցնելու ներսից, եւ միաժամանակ գրաւելու պետական ուժերով Հայաստանի թէ՛ անվիճելի, թէ վիճելի հողամասերը: Ցանկութեան եւ բանակցութեանց շրջանով չէր սահմանափակուած այս քաղաքականութիւնը. նա առած էր որոշ ձեւակեպում, դառնալով նշանաբան ինչպէս Ադրբեջանի կառավարութեան, նոյնպէս թաթար ժողովրդեան համար: Այդ նշանաբանը անցած էր կեանքի մէջ եւ իբրեւ գործողութիւն կատարւում էր, որի հետեւանօք հազար ու հազար զոհեր եղան երկուստեք եւ բազմաթիւ կռիւներ անվերջ ու կատաղի:

Նախքան մանրամասնութեանց անցնելը, տեսնենք թէ գործնական կերպով ի՞նչ կ’ուզէր Ադրբեջանը Հայաստանից:

Նախ կը պահանջէր, բացարձակ կերպով, որ Ղարաբաղից բոլորովին ձեռք քաշեն հայերը՝ ցանկանալով, որ Ջիւանշիր, Շուշի, Ջիբրայիլ Գանձակի լեռնամասը եւ Զանգեզուր գաւառները փաստօրէն եւ իրաւաբանօրէն ճանաչուէին իբրեւ Ադրբեջանի մաս: Այդպիսով, Գանձակի ամբողջ նահանգը պիտի անցնէր Ադրբեջանի սահմանների մէջ: Լռելեայն կ’ընդունէր միայն, որ Դիլիջան եւ Իջեւան շրջանները Հայաստանի մաս են, այն էլ վերապահութեամբ, որովհետեւ Բաշկէնտ եւ Կարակոյունլու շրջանները իրը կը համարէր:

Դրանով չէր բաւականանում Ադրբեջանը. դա միայն նախաբանն էր իր ձգտումների իրագործման: Նա կ’ուզէր իրեն միացնել Երեւանեան նահանգից՝ Նախիջեւան եւ Շարուր գաւառները, Երեւանի եւ Էջմիածնի գաւառներից՝ Սադարակի, Վեդիբասարի, Զանգիբասարի շրջանները եւ Արաքս աջ ափով, Մասիսի ստորոտներով՝ ամբողջ Սուրմալուն մինչեւ Կարսի նահանգը: Կարսի նահանգը եթէ տաճիկներին չէր լինելու, ապա նա պիտի տարածուէր մինչեւ Բաթումի շրջանը, որտեղից Ադրբեջանը դէպի ծովը ելք պիտի ունենար: Բացի դրանից, Սեւանի լճի հիւսիսային ափերը Կարակայունլու ձորի հետ միացնելով, Բասարգեչարի շրջանը կը պահանջէր Ադրբեջանը, որով Ղարաբաղի թիկունքը ամրացած կը լինէր եւ իրեն միացած իսլամ ազգաբնակչութիւնը: Այս հսկայական ծրագիրը ո՛չ դատարկ ցնորք էր եւ ոչ ալ զառանցանք. դա մատչելի եւ բնական մի ծրագիր էր համարւում թուրք-թաթարների համար, որը իբրեւ տեսութիւն չէր թողնուած դպրոցներին, այլ կեանքի մէջ կը գործադրուէր 1919ից, եւ այժմ էլ կը գործադրուի Անդրկովկասում: