Հարյուր հազարավոր հիվանդներ բծավոր տիֆով, մալարիա և խոլերա. Ալեքսանդր Խատիսյան

2628
Հատված Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

Ութերորդ գլուխ

Իմ վարչապետության շրջանը

նախորդ մասը կարդալ այստեղ

8․ Արդարադատության նախարարություն (նախարար, սկզբում՝ Ա․ Գյուլխանդանյան, հետո՝ Ա․ Չիլինգարյան)։ Արդարադատության գլխավոր նպատակն էր մտցնել արդարդատության վիճակ հետևյալ կազմակերպությամբ՝ հաշտարար դատավորներ, շրջանային դատարաններ, պալատ և ծերակույտ երդվյալ դատավորների մասնակցությամբ։ Այդ ամբողջ դրությունը իրականացվում էր Հայաստանում, ըսնդ որում՝ բացվել էին երեք շրջանային դատարաններ՝ Երևանում, Ալեքսանդրապոլում և Կարսում, ինչպես նաև պալատ ու ծերակույտ Երևանում։

Ամբողջ գործավարությունը դարձել էր հայերեն, մի բան, որ բավական դժվարություն առաջ բերեց, քանի որ փոքրաթիվ էր այն իրավաբանների թիվը, որոնք բավարար չափով գիտեին իրավաբանական բառերն ու դարձվածքները հայերենով և համաձայնվել էին պաշտոններ ստանալԿարսի շրջանի հեռավոր մասերում։

Արդարադատություն հաստատելու գործը մեծ դժվարությունների էր հանդիպում այն պատճառով, որ չկար կանոնավոր փոստային և երկաթուղային հաղորդակցություն, ինչը խանգարում էր վկաների հրավիրումը։ Չկար նաև լավ կազմակերպված ոստիկանական քննություն և նախնական քննություն։ Բայց այդ արգելքները ժամանակի ընթացքում թուլանում էին և գործերն ավելի արագ էին կատարվում։

Երդվյալ դատավորների հիմնարկությունը միանգամից ժողովրդականություն ստացավ։ Ծերակույտի գործը, մի կողմից վճռաբեկ ատյանի դերն էր, մյուս կողմից՝ օրենքների բացատրությունը և կարգավորումը։

9․ Խնամատարության նախարարություն (նախարար՝ Արտ․ Բաբալյան)։ Խնամատարության նախարարության գործունեությունը 1919թ․ աշնանից բացորոշ կերպով բարեգործական նպաստավորման հողից սկսեց անցնել աշխատավորության օգնության սկզբունքին։

Դրա շնորհիվ, առանձնապես զարգացան զանազան տեսակի արհեստանոցներ, որոնց համար կազմակերպվեց հատուկ բաժին ճարտարապետ Ակունեանի ղեկավարությամբ։ Երկրորդ բաժանմունքն էր ավերված գյուղերի վերաշինությունը ճարտարապետ Թամանյանի ղեկավարությամբ և երրորդ բաժանմունքը՝ որբանոցների, հիվանդանոցների և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու միջոցները։

Իր գործունեության բոլոր տեսակներում նախարարությունը համագործակցում էր Ամերիկյան Նպաստամատույց կոմիտեի հետ, որը նույնպես ուներ որբանոցներ, հիվանդանոցներ և արհեստանոցներ։ Սրանք էին խնամատարության նախարարության գործունեության գլխավոր կողմերը։ Աչքի առաջ ունենալով, որ Հայաստանի ազգաբնակչության մեծագույն մասը տեսել և իր վրա զգացել է թուրքական արշավանքի բոլոր սարսափները, անընդհատ պատերազմը, սովը, բծավոր տիֆը, մալարիայի և խոլերայի համաճարակները, գաղթականների շարժումները, պարզ է, որ այդ բոլորի իբր հետևանք պիտի առաջ գար հիվանդոտ ազգաբնակչություն, հարյուր հազարավոր հիվանդներ բծավոր տիֆով և զանգվածային աղքատություն։

Առաջին շրջանում՝ 1918թ․ աշնանից մինչև 1919թ․ գարունը, մինչև նոր հունձքը և ամերիկյան օգնության հասնելը, դրությունը ողբերգական էր։ Օգնության գլխավոր ձևը սննդատու կայաններն էին, որտեղ տաք կերակուր էին բաժանում։ Քաղցի հետ միաժամանակ երևաց բծավոր տիֆը։ Ամերիկյան ալյուրը և 1919-ի հունձքը հնարավորություն տվեցին անցնել աշխատանքի ձևով օգնության։

Արհեստանոցների գլխավոր տեսակներն էին կոշկակարանոց, կահկարասիքի և այլն։ Այդ արհեստանոցները բացվել էին թե քաղաքներում՝  Երևան, Ալեքսանդրապոլ, Կարս, Դիլիջան, Նոր Բայազետ, և թե գյուղերում, գլխավորապես Երևանի, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի գավառներում։ Այդ արհեստանոցների աշխատավորների ծավալը թույլ էր տալիս խոշոր պատվերներ ընդունել թե զորքի, թե որբանոցների, թե հիվանդանոցների համար։ Որբանոցների և հիվանդանոցների ճյուղը նպատակ էր դրել որբանոցներում ընդունել Հայաստանի բոլոր որբերին, բայց դա անհնար էր դարձել գլխավորապես բնակարանների պակասության պատճառով։  Պետական և ամերիկյան որբանոցներում կային մինչև 20 հազար որբեր։ Զբաղեցված էին դպրոցների և զորանոցների շինությունները, մասնավոր տները և դա պատճառ եղավ, որ Երևանի մի շարք դպրոցներ դադարեցնեն իրենց պարապմունքները ։ Մյուս կողմից, վեճեր առաջ եկան զինվորական վարչության, ամերիկյան կոմիտեի և խնամատարության նախարարության միջև։

Սպիտակեղենի և դեղորայքի պակասություն էր զգացվում։ Վառելիք հասցնելու դժվարությունների պատճառով որբանոցներում ցուրտ էր, և դա շատ վատ հետևանք էր ունենում երեխաների առողջության վրա։ Ամերիկյան կոմիտեի որբանոցները, շնորհիվ նրա, որ մշտապես նյութերը հասնում էին Ամերիկայից, ավելի լավ պայմաններ ունեին։ Կառավարությունը ամեն տեսակի օգնություն էր ցույց տալիս ամերիկյան կոմիտեին նրա գործունեության մեջ՝ առաջարկելով շինություններ, նյութեր տեղափոխելու համար՝ գնացքներ, անտառներից փայտ հատելու իրավունք շինությունների նորոգության և վառելիքի համար, ինչպես, օրինակ, Շահալիում և Սարիղամիշում։

Խնամատարության նախարարությունը փայտ հատելու գործը կազմակերպել էր Սարիղամիշի և Ղարաքիլիսայի շրջաններում և փայտ էր բերում որբանոցների և պետական հաստատությունների վառելիքի համար։

Ազգաբնակչությանը օգնելու երրորդ ձևը՝ քանդված գյուղերի վերաշինությունը, հնարավոր չեղավ կանոնավոր դրության վերածել նորոգության նյութերի՝ տախտակ, երկաթ, և անհրաժեշտ գործիքների բացակայության պատճառով։ Այդ աշխատանքը սկսել էր միայն, գլխավորապես, Երևանը շրջապատող վայրերում։ Աշխատանքը, համաձայն ծրագրի, պետք է տարածվեր նաև Թուրքահայաստանի վրա։

Անկախ այս երեք տեսակի գործունեությունից, խնամատարության նախարարությունը հրավիրեց բժիշկների համագումար մալարիայի դեմ պայքարելու համար։ Երևանում բացվեց երևթեկ հիվանդանոց նույն նպատակով։ Կրկին հաստատվեց, արդեն գոյություն ունեցած և պատերազմի պատճառով դադարեցված ծաղիկ կտրելու հիմնարկությունը։

Հաշվետու շրջանի վերջում մտածվեց վերացնել այդ նախարարությունը, որբանոցները և արհեստանոցները հանձնել տեղական ինքնավարություններին և պաշտոնապես ընդունել, որ Հայաստանի բնակչությունը ինքը կարող է իրեն խնամել ու պահել։ Բացի պետական նկատառումներից, այդ բանին օգնեց նաև 1920թ․ լավ բերքը։ Նախարարության հիմնարկությունները տեղ տեղ սկսեցին փոխվել, սկսեցին դադարեցնել նյութեր տալը, և ձրի օգնության վարժված ազգաբնակչությունը սկսեց դժգոհություն ցույց տալ, երբեմն՝ սուր ձևերով, օրինակ՝ Վաղարշապատում։ Այնուամենայնիվ, խորհրդարանը ընդունեց օրինագիծ այդ նախարարությունը 1921թ․ հունվարին վերացնելու մասին։