Սարագյուղ և Սիզավետ գյուղերը մաս են կազմում Աշոցք (նախկինում՝ Ղուկասյան, Ղզլղոչ) համայնքի: Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում այս գյուղերը մտնում էին Ղուկասյանի շրջանի Բավրա գյուղական խորհրդի կազմ:
Ղուկասյանի շրջանը կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին՝ 547 քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ իր մեջ ներառելով 9 գյուղական խորհուրդներ ընդհանուր 26 բնակավայրերով:
Աշոցք համայնքի կազմում ընդգրկված են Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ և Փոքր Սեպասար բնակավայրերը:
Սարագյուղը գտնվում է Հայաստան-Վրաստան սահմանին մոտ, Ջավախքի լեռների արևմտյան լանջին, Շիրակի մարզկենտրոն Գյումրիից 49 կմ հյուսիս:
Նախկինում ունեցել է Դարագյուղ, Դարաքեյ, Դարաքենդ, Դարաքյոյ, Դարաքոյ, Դարաքվայ անունները: Սարագյուղ է վերանվանվել 1946թ. նոյեմբերի 12-ին։
Սարագյուղի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.
1873թ.- 135, բոլորը՝ հայ,
1886թ.- 194, բոլորը՝ հայ,
1897թ.- 266, բոլորը՝ հայ,
1908թ.- 291,
1914թ.- 320, ըստ Կովկասյան օրացույցի՝ 352
1916թ.- 319,
1919թ.- 570, բոլորը՝ հայ
1922թ.- 346, բոլորը՝ հայ
1926թ.- 378, որից 377-ը՝ հայ, 1-ը՝ ռուս,
1931թ.- 468, բոլորը՝ հայ:
ԽՍՀՄ մարդահամարների ժամանակ Սարագյուղը ունեցել է.
1939-ին՝ 579,
1959-ին՝ 320,
1970-ին՝ 349,
1979-ին՝ 287,
1989-ին՝ 208 հայ բնակիչ։
Համաձայն Շիրակի մարզպետարանի կայքի տվյալների, Սարագյուղը ներկայումս ունի 233 բակիչ:
Սիզավետը գտնվում է Գյումրիից 44 կմ հեռավորության վրա, տեղադրված է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջին` ծովի մակարդակից 2070 մետր բարձրության վրա: Նախկինում ունեցել է Ծաղկաշեն, Քոռաղբյուր, Քոռբուլաղ անվանումները: Սիզավետ է վերանվանվել 1967 թ հոկտեմբերի 21-ին: 1946թ. նոյեմբերի 12-ից ունեցել է Ծաղկաշեն անունը, մինչ այդ՝ Քոռաղբյուր, Քոռբուլաղ:
Սիզավետի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.
1873թ.- 294, բոլորը՝ հայ,
1886թ.- 547, բոլորը՝ հայ,
1897թ.- 729, բոլորը՝ հայ,
1908թ.- 914,
1914թ.- 1005, ըստ Կովկասյան օրացույցի՝ 1238,
1916թ.- 1097,
1919թ.- 1860, բոլորը՝ հայ,
1922թ.- 1041, բոլորը՝ հայ,
1926թ.- 1031, բոլորը՝ հայ,
1931թ.- 1228, բոլորը՝ հայ:
Լուսանկարում՝ Սիզավետ գյուղից պատկեր
Կարդալ և դիտել նաև՝
https://www.aniarc.am/2016/02/13/amasia-ashotsk-1831-aghbaba-korkotian/