1918թ մայիսի 28-ին Հայոց Ազգային Խորհուրդը համակերպվում է թուրքական պահանջի հետ. Ռուբէն Տէր Մինասեան

2733

Հատուած Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից: Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան երրորդ ռազմական նախարարը:

________________________

Եկաւ 1917 թուականը գահավէժ անելու ցարական իշխանութիւնը իւր Նիկոլաներով եւ իրենց ծրագիրներով:

Փետերսպուրկի ժամանակաւոր կառավարութիւնը, Քերենսկու գլխաւորութեամբ, ուղարկած էր Անդրկովկաս, փոխարքայի տեղը՝ Խարլամովը եւ նրա հետ Դումայի երեք անդամներ. մի հայ՝ Բաբաջանով, մի թաթար՝ Ջաֆարով, մի վրացի՝ Չխենկելի: Այս երեք ազգերի պատկանող ներկայացուցիչների նշանակումը լռելյալն ճանաչումն էր  Անդրկովկասի երեք ժողովուրդների իրաւունքների, եւ այդ ժողովուրդներից արդէն կազմուած անջատ Ազգային Խորհուրդներին գոյութեան փաստը:

Միաժամանակ գրաւուած տաճկահայկական նահանգների համար նշանակուած էր առանձին լիազօր՝ զօրավար Աւերեանով, նրան օգնական՝ Զաւրիեւ, իսկ զինուորական գործերի իբր ընդհանուր վարիչ՝ Դոնսկոյը: Այս կարգադրութեանց բուն իմաստը արդեօք ա՞յն էր, որ Տաճկահայաստանը մի առանձին շրջան լինելով Անդրկովկասից, պիտի նրա ճակատագիրը տնօրինուէր անկախ Անդրկովկասի բախտից եւ հոն պիտի ստեղծուէր Հայաստանը մը, ըստ հայերի բաղձանքին. թէ՞ դա մի ռազմավարութեան միջոց էր, ուղղելու ցարական կառավարութեան կոպտութիւնը իւր «Եփրատեան կոզակութեան» ծրագրով:

Արդեօ՞ք երեք ազգային պատուիրակների նշանակումը կը նշանակէր ճանաչել Անդրկովկասի երեք միաւորութեանց կազմակերպելու անհրաժեշտութիւնը դաշնակցային (ֆետերատիւ) հիմունքների վրայ, թէ՞ դա մի միջոց էր, վայրկեան առ վայրկեան Ռուսաստանից բաժանման ձգտող ժողովուրդների խմորումները մեղմացնելու, կապուած պահելով նրանք Ռուսաստանի հետ: Այդ հարցերի պատասխանը խիստ դժուար է ասել, եթէ չասեմ անհնարին, որովհետեւ այդ կարգադրութիւն անողները միայն գիտէին իրենց հաշիւները: Անշուշտ եղած հրամանները, ուկազները, ըստ պատշաճի եղած կարգադրութիւններ են, որոնց յետին իմաստը իրենց կը վերապահէին՝ ապագայում նոր ուկազներով հաստատելու կամ փոխելու դիտումներով:

Ենթադրութիւններից խուսափելով, մեզ հետաքրքրողը այդ կարգադրութիւններով նշանակուածների վարքագիծը պիտի լինի, զոր կարելի է բնորոշել ըստ իրենց գործերի: Զօրավար Աւերեանով իրան յանձնուած Տաճկահայկական նահանգները կը նկատէր իբր տիրապետուած ռուսական երկիր (զաւայովընիյ կրայ), թէեւ նրա օգնական Զաւրիեւը կը ջանար այդ երկիրը Հայաստան համարել եւ իբրեւ այդպիսին կառավարել: Զինուորական վարիչ Դոնսկոյը եւ Խարլամովը կը նկատէին Անդրկովկասեան երկիրը իբր մի նահանգ Ռուսաստանի:

Իսկ թաթար պատուիրակ Ջաֆարովը, յենուած թաթարական Ազգային Խորհրդում Մուսաւաթ կուսակցութեան վրայ, կը համարէր թէ Ռուսաստանի բանը վերջացած է եւ կը սպասէր թուրքերի գալուն՝ որպէսզի Անդրկովկասը Թուրքիոյ մի վիլայէթ դառնայ:

Պակաս դրական աշխատանք չէր ցուցադրէր վրացի ներկայացուցիչը. նա յենուած մենշեւիկ կուսակցութեան եւ վրացի Ազգայի Խորհուրդի վրայ, գործ էր կատարում արդիւնաւոր կերպով եւ մշակուած ծրագրով: Մի կողմից Վրաստանի ամբողջացման, նրա հողային եւ այլ խնդիրները կը կարգադրէր «սոցիալիստաբար», միւս կողմից անհաւանական չգտնելով Թուրքիոյ յաղթութիւնը, կը յենուէր թուրք, թաթար խմբակցութիւնների վրայ, միաժամանակ կապը պահելով, իբր «սոցիալիստ», Սոցիալիստական Ռուսաստանի հետ:

Ազգերի խմորման, յեղափոխական այդ վայրկեանին, հայ պատգամաւորը չունէր ոչ սոցիալիստական մի որեւէ յենարան, ոչ էլ ունէր յենարան հայ ժողովուրդի մէջ: Այդ մարդը Ջաֆարովի նման կատետ էր, բայց չունէր նրա ճկունութիւնը եւ ընդունակութիւնը հասկնալու վայրկեանի պահանջը. կը շարունակէր միապետական երազներ տեսնել: Նա իրեն բարձր կը համարէր հայ ժողովուրդից եւ նրա մէջ եղած հոսանքներից. չէ՞ որ ի վերուստ էր եկած…: Եւ փոխանակ յենուելու Ազգային Խորհուրդի կամ մի որեւէ արժէքաւոր կուսակցութեան վրայ եւ նրա կամքը պարտադրելու իւր ընկերակիցներին եւ Ռուսաստանին, ընդհակառակն, Չխենկելու եւ Ջաֆարովի կամքը կը բերէր Ազգային Բիւրոյին: Տեսնելով ներքուստ եղած արհամարանքը, նա մի գործով էր զբաղուած միայն՝ մարդիկ որոնել իրեն խնկարկելու համար:

Կարող եմ ասել, որ ազգերի այսպէս ասած «ալան թալանի» վայրկեանին, երբ անհատի դերը մեծ էր, հայերը չունէին ոչ Փեթերսպուրկում եւ ոչ էլ Կովկասում մի պաշտօնական անձ, ձեւակերպելու եւ ընթացք տալու իրենց պահանջներին: Այս հանգամանքը շեշտեցի նրա համար, որովհետեւ Անդրկովկասեան երկրամասերի ներկայ սահմանային դրութիւնները հետեւանք են յեղափոխութեան առաջին օրերի մեր ցուցադրած ապիկարութեան եւ անկարողութեան:

Հայութեան անկարողութիւնը անարդար կը լինէր վերագրել անհատների անկարողութեան միայն. դա կը բղխէր նաեւ այն դրութիւնից, որ բացի Դաշնակցութիւնից, միւս հոսանքները որեւէ պահանջ չունէին Անդրկովկասեան հայութեան համար. բոլորին ուշադրութիւնը կենդրոնացած էր «Երկրի» վրայ: Իսկ Անդրկովկասում, նրանց համար Հայաստան չկար եւ ոչ էլ առանձին հայկական պահանջներ: Դրա համար, Դաշնակցութեան պլատֆորմը Անդրկովկասեան Ֆետերացիայի եւ Անդրկովկասեան Հայաստանի սահմանների վերյարդարման մասին, շատերի համար կենսական չէր համարուի, չէ՞ որ պիտի ստեղծուէր Հայաստան Տաճկահայաստանում: Բաբաջանովների տիպի շատե՜րը Դաշնակցութիւնը դէմ կը համարէին Ռուսաստանի քաղաքականութեանը, չէ՞ որ Անդրկովկասը ռուսական նահանգ է մնալու ի վերջոյ: Շատերն էլ, ձախ անուանուած, Երզնկեանի տիպի մարդիկ, հակայեղափոխական կը համարէին նման մտքերը, որովհետեւ Չխենկելին, վրացի մենշեւիկների հետ, հակայեղափոխական կը համարէր սահմանների ճշդումը, սոցիալիստական արգիւմետներով (պատճառաբանութիւն). չէ՞ որ Հայաստանի մասերը մտած էին հին ձեւով Թիֆլիսի նահանգին մէջ:

Իսկ Ջաֆարովները, միտք ունենալով Հայաստանի թուլացումը, Թուրքիոյ գալը արագացնելու համար կը պատճառաբանէին կա՛մ ռուսական միապետական, կամ սոցիալիստական ժառգոններով, եւ այդպիսով Դաշնակցութեան առաջադրած սահմանագծման եւ ֆետերացիայի սկզբունքները մնում էին կղզիացած, ինչպէս Անդրկովկասում, նոյնպէս Փեթերսպուրկում: Դաշնակցութեան պահանջները պիտի փոխանցուէին անհարազատ խողովակներով Չխենկելիի, Ջաֆարովի, Բաբաջանովների, եւ բնականօրէն պահանջը պիտի  լսուէր ի գիտութիւն, եւ ոչ ի կարգադրութիւն:

Դաշնակցութեան մնում էր գործել առանց միջնորդի, եւ յանուն Անդրկովկասեան հայութեան շահերի աշխատել երկու ուղղութեամբ.

Ա.- Ջանալ որ Փեթրոկրատի ժամանակաւոր կառավարութիւնը ինքը վճռէ եւ հրահանգէ Անդրկովկասեան գաւառների սահմանաւորման հարցը, ազգագրական հիմքերի վրայ:

Բ.- Անմիջականօրէն փաստային դրութիւններ ստեղծել հայկական գաւառներու, ժողովրդական ընտրութեամբ, մտցնելով զեմստւոններ եւ  լուծելով սահմանային խնդիրները:

Առաջին ուղղութեամբ աշխատելու համար, նա Շահխաթունու կողմէ կազմուած սահմանաւորման ծրագրի հիմունքներով, Փեթրոկրատ ուղարկում է ներկայացուցիչներ, որոնց մէջ ե՛ւ Շահխաթունին: Սկզբունքով կ’ընդունուի առաջարկուած ծրագիրը, որով Թիֆլիսի, Երեւանի, Կարսի եւ Գանձակի նահանգների հայկական գաւառներից պիտի կազմուէին հայկական նահանգներ: Բայց սկզբունքով ընդունել տալը, դեռ գործ դառնալուց շատ հեռու էր: Մի կողմից կը պակսէր պետութեան վճռական հրահանգը Անդրկովկասի նոր սահմանագծման մասին, իսկ միւս կողմից այդ հրամանը շուտով անգործնական պիտի դառնար, քանի որ ինքը Ժամանակաւոր իշխանութիւնը հոգին պիտի փչէր:

Դաշնակցութեան այդ թղթի յաջողութիւնը գործին չէր գալիս վրացիների եւ թաթարների, եւ դրա համար ժամանակին դատապարտում էին Դաշնակցութիւնը իբր «թիկունքային» քաղաքականութիւն վարող. այսպէս կը կրկնէր թութակօրէն Երզնկեանը, Ժորդանիայի ներշնչումներով: Բայց իրենք վրացիները՝ հայերի թիկունքից Փեթրոկրատում Չխենկելիի եւ Ծերեթելիի միջոցով, իրենց գործերը կը դարձնէին (արդէն դրանք էին Ռուսաստանի տէրերը), իսկ միւս կողմից Ռուսաստանի հանդէպ թիկունքային քաղաքականութիւն կ’անէին, ձեռք տալով գերմանացիներին եւ թուրքերին:

Ինչ էլ որ լինէր, Անդրկովկասում հայկական կանտոններ ստեղծելու ծրագիրը ընդունուեց, բայց մնաց ապարդիւն, անգործադրելի՝ իբրեւ օրէնք. դա կեանք առաւ միայն գործնական աշխատանքով, փաստային դրութիւններ ստեղծելու մեթոդով:

***

Ռուսաստանի Սահմանադիր Ժողովի ընտրութիւնները տեղի ունեցան. եթէ այդ ընտրութիւնները պէտք չեղան Ռուսաստանին, բայց Անդրկովկասում հիմք ծառայեցին ձայնատուութեանց եւ պատգամաւորների թուերի համեմատութեամբ կազմակերպելու Ազգային Խորհուրդները: Հայկական կեանքում վերջ էր դրւում Ազգային Բիւրօ կոչուած անհիմն եւ անողնաշար մարմնին. դրա տեղն էր հաստատւում Ազգային Խորհուրդը, կուսակցութեանց համեմատական թիւով, ի վնաս Դաշնակցութեան:

Անդրկովկասեան իշխանութիւնն էլ հիմնովին կերպարանափոխուեց: Ազգերը իրենց հաւաքած ձայների համեմատութեամբ կազմակերպեցին Անդրկովկասեան Սէյմը, որից յետոյ ձեւական էին դառնում կեդրոնական իշխանութեան ներկայացուցիչները եւ պաշտօնեաները: Անդրկովկասեան ժողովուրդները իրենք բախտը որոշողները պիտի լինէին:

Շահերի հակամարտութեա՞ն թէ կարճատեսութեան շնորհիւ, Անդրկովկասի երեք ժողովուրդներից ստեղծուած օրէնսդիր եւ վարչական իշխանութիւնը դարձաւ մի անդամալոյծ մարմին: Իւրաքանչիւրը իր էշն էր քշում եւ միայն ձեւ էր Անդրկովկասեան մի իշխանութեան գոյութեան փաստը: Հոն կը վիճէին, կը կարգադրէին, բայց իրական գործը եւ կարգադրողը լինում էին իւրաքանչիւր ազգի Ազգային Խորհուրդը:

Դրանից առաջացած էր երկիշխանութիւն, եւ իբրեւ հետեւանք դրան՝ պայքար Անդրկովկասեան Սէյմի ու վարչութեան մի կողմից, իսկ միւս կողմից Ազգային Խորհուրդների միջեւ: Այսօրուան վիճակը քիչ տարբերութիւն ունի անցեալ վիճակից, քանի որ հիմնական պատճառը, այսինքն մի Անդրկովկասեան ֆետերատիւ իշխանութիւն չկազմակերպուելը, մնում է նոյնը:

Որո՞նք էին այն պատճառները, որոնք ծնունդ էին տալիս հակամարտութեան եւ մի իշխանութեան բացակայութեան.

Ա. – Երեք ժողովուրդների տարբեր արեւելումը (օրիանթասիոնը).

Բ.- Ժողովուրդների ազգագրական (էթնոկրաֆիք) սահմանների չլուծուելու խնդիրը.

Գ.- Մասամբ միայն՝ տնտեսական հարցերը. այս երրորդը պատճառ պիտի չլինէր, եթէ առաջին երկուսը սուր կերպով իրարմէ չբաժանէին ժողովուրդները եւ նրանց Ազգային Խորհուրդները:

Եթէ չափազանցութիւն է ըսել, թէ թաթարները կ’ուզէին տաճկական տիրապետութիւն, բայց կարելի է անվանել, թէ կը ցանկային տաճիկների յաջողութիւնը Տաճկահայաստանում եւ նրա հովանաւորութիւնը ինչպէս իրենց, նոյնպէս եւ Անդրկովկասի վրայ: Դա հիմնովին հակառակ էր հայկական բաղձանքներին եւ նպատակներին:

Վրացիները տաճկական հովանաւորութիւն չէին ուզեր, բայց հայերի կշիռը չնչին դարձնելու համար Անդրկովկասում, կը բաղձային որ տաճիկները խլեն հայերի ձեռքից Տաճկահայաստանը, եւ այդ ուղղութեամբ կովկասեան ճակատի հրամանատար Վեհիպ փաշայի խնամի Օդեշելիցէի միջոցով հարկ եղածը կը տնօրինէին: Միւս կողմից, նրանք եթէ արտաքուստ ռուսական եւ դաշնակիցների արեւելում ունէին, բայց ըստ էութեան ունէին թուրք-գերմանական արեւելում: Դա եւս հակառակ էր հայոց շահերին, որոնք կամուրջներ այրած էին թուրքերի հետ, մանաւանդ որ պահանջատէր էին նրանցից:

Հայերը Դաշնակիցների վրայ յոյսեր էին դրած, եւ հակուած էին դէպի Ռուսաստանը՝ ինչ իշխանութիւն էլ հոն լինէր: Այդպիսով, մի ամանի մէջ ամփոփուած երեք ժողովուրդները մնում էին իրարու հակառակ եւ նոյնիսկ թշնամի:

Երկրորդ հարցը նոյնքան կարեւոր էր թշնամութեանց սրման տեսակէտից: Օգտուելով այն հանգամանքից, որ հայ-տաճկական ու հայ-թաթարական վէճեր կային եւ տաճիկ զօրքը կ’առաջանար մի կողմից, վրացիները բնաւ չէին ճանաչեր ազգերի ինքնորոշման սկզբունքը, եւ դրժելով Ժորդանիայի այն նեղ օրերի յայտարարութիւնը, որ պիտի սահմանագծուի Կովկասը՝ ըստ ազգութեան մեծամասնութեան եւ նոյնիսկ Թիֆլիսը պիտի լինի չէզոք քաղաք, իրենց ձեռքը կը պահէին հայկական Ախալքալակը, հայ-թուրք Ախլցխան, Լոռին, Բորչալուն, միաժամանակ ջանալով Զաքաթալան գրաւել Ադրբեջանից: Միւս կողմից, վրացիները եւ տաճիկ բանագնացները Ադրբեջանին կը թելադրեին իրը համարել Գանձակի հայկական լեռնային գաւառները եւ նոյնիսկ կազմել «Արազդայան» հանրապետութիւն Երեւանաեան նահանգի մէջ:

Այդ թերութիւնները կը համապատասխանէին թաթարների շահերին, քանի որ դրանով Թուրքիոյ մուտքն էլ պիտի արագանար Անդրկովկաս, որից կը սպասէին իսկական իրենց փրկութիւնը: Դեռ մի կողմ թողած այլ պարագաներ, այս երկուսը բաւական պիտի լինէին որ Անդրկովկասեան վարչութիւնը իւր Սէյմով դառնար լոկ մի բոյն էնթրիկների, մի բալաստ եւ մի անարիւն, անհոգի մարմին: Անդրկովկասի ուժերը կը բեւեռանային իրենց հակոտնեայ շահերին ձգտող երեք Խորհուրդների վրայ:

Հայոց Ազգային Խորհուրդի մէջ, տիրապետող էր կովկասեան սահմանագծման ծրագիրը, քանի որ դաշնակցականները հոն մեծամասնութիւն կը կազմէին. եւ Դաշնակցութիւնը սկսեց փաստական դրութիւններ ստեղծելու ձեւը:

Նրա լիազօրները ուղարկուեցին հայկական գաւառները, այնտեղ կազմելու համար տեղական իշխանութիւններ, ձգտելով կեդրոն ունենալ կամ Երեւան, կամ Ալեքսանդրապոլը: Ազգային Խորհուրդի այս տեսակի որոշումները պիտի սկիզբը համարել Անդրկովկասի հայկական գաւառների կեդրոնացմանը ազգագրական մի ամբողջութեան մէջ, բայց այս ամբողջութիւնը Հայաստան չէր համարւում այլ «հայաբնակ գաւառներ» Անդրկովկասի եւ Ռուսաստանի սահմանների մէջ: «Հայաստանը» դեռեւս մնում էր Տաճկաց Հայաստանը, որ ունէր իւր իշխանութիւնը յանձինս Աւերեանովի, Զաւերիեւի, եւ իւր Սէյմը՝ յանձինս թրքահայ Ազգային Խորհուրդի:

Հայոց Ազգային Խորհուրդի ներկայացուցիչները Անդրկովկասեան հայաբնակ գաւառներում ամէնուրեք կազմեցին տեղական Ազգային Խորհուրդներ:

Այս ներկայացուցիչների մէջ կեդրոնական անձը եղաւ Արամը, որ Երեւանի շրջանի լիազօրն էր. նա Երեւանը դարձրեց այն կորիզը, որի շուրջը պիտի հավաքուէին մնացած գաւառների Ազգային Խորհուրդները:

1918 թուի սկիզբները, սահմանային խնդիրները փաստօրէն լուծուած էին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Մինչեւ թուրքերի Կովկաս մտնելը, կազմակերպուած էր Շիրակի նահանգը (որի հետ կապուած էր Ախալքալակը) եւ Բորչալուի հայկական մասը՝ Վրաստանում: Կազմուած էր Կարսի նահանգի հայկական մասը, կազմուած էր երեւանի նահանգը, հաստատուած էր Ղարաբաղը եւ լեռնային Գանձակի (քաղաքի մի մասով) հայկական առանձին իշխանութիւն, եւ վերջապէս կազմուած էր լեռնային Ղազախի, ներկայ Դիլիջանի շրջանը, որ կապուած էր Երեւանի հետ: Այս շրջանների Վրաստանի եւ Ադրբեջանի բաժանման փաստը առանձին զարմանք չէր պատճառած ոչ վրացիներին, ոչ թաթարներին, որոնք համակերպված էին եղած դրութեան:

Բայց հայոց Ազգային Խորհուրդների շինած հայաբնակ օճախը գալիս էր քանդելու տաճիկ զօրքը:

Անդրկովկասեան իշխանութիւնը ձեւական պատերազմի մէջ էր: Նրա բաղկացուցիչ թաթար ղեկավարները կը ցանկանային Վեհիպ փաշայի յաջողութիւնը. նրա բաղկացուցիչ վրացի տարրը դէմ է այն չափով, որ տաճիկները չմտնեն Վրաստանի, այլ՝ գերմանացիք, եւ յաջողած էին դրա մէջ: Նրանք արագացրին տաճիկների մուտքը Կարս եւ Հայաստան եւ բնական գտան այդ: Հանգիստ էին, քանի որ երաշխաւորուած էր վրացաբնակ գաւառների անձեռնմխելիութիւնը տաճիկների կողմից: Անդրկովկասեան-տաճկական պատերազմին՝ Հայաստանի ու հայաբնակ գաւառները կը դաւաճանուէին փաստօրէն իրանց վերին կառավարութեան կողմից: Հայոց Ազգային Խորհուրդը եւ Տաճկահայ Ազգային Խորհուրդներն էին, որ իրանց զօրքերով պիտի պաշտպանէին Հայաստանն ու Անդրկովկասի հայաբնակ գաւառները, ոչ միայն տաճիկների դէմ, այլեւ թիկունքից հարուածող թաթարի եւ երկդիմի դիրք բռնող վրացիների դէմ: Այդ վեր էր հայ ժողովուրդի ֆիզիքական կարողութիւնից: Եւ նա պարտուեց Հայաստանում: Էրզրումը ինկաւ թուրքերի ձեռքը, տաճիկ բանակը մտաւ Հայաստան, ոչնչացրեց Աւերեանովի կազմած տեղական իշխանութիւնները, առաւ Կարսը, մտաւ Ախալքալաք, անցաւ Գանձակ, Շուշի, Բագու: Թաթարները հասած էին իրենց նպատակին. թուրք իշխանութիւնը տէրն էր Անդրկովկասի:

Պաթումում՝ Վեհիպ փաշան պարտադրեց այն ծանր պայմանները, որով անդրկովկասեան կառավարութիւնը վերջ պիտի գտնէր՝ ստեղծելով երեք հանրապետութիւններ՝ Վրաստան, Հայաստան, եւ Ադրբեջան. եւ Հայաստան ասելով կը յասկցուէր ոչ թէ ցարդ ըմբռնուած Տաճկաց Հայաստանը, այլ Անդրկովկասեան հայաբնակ գաւառներից մի փոքր մասը՝ 11,000 քառ. քիլոմեթր տարածութեամբ:

Մայիս 28ին, Հայոց Ազգային Խորհուրդը կը համակերպի տաճկական այդ պահանջին, բայց նորից վերապահութեամբ: Նա իրան կը յայտարարէ «Գերագոյն իշխանութիւն հայաբնակ գաւառների»: Հայաբնակ գաւառների, եւ ոչ Հայաստանի գերագոյն իշխանութիւն յայտարարելը ունէր իր իմաստը. նախ դրանով կ’ակնարկուէր այն բոլոր հայաբնակ գաւառներին, որ ինկած էին Ադրբեջանի եւ Վրաստանի մէջ, քանի որ հիւսիսից չկար դեռեւս որոշ սահման. երկրորդ՝ նա չէր ուզեր, Հայաստան անունը գործածելով, ընդառաջել Թուրքիոյ այն ձգտումին, որ Հայկական Հարցի կեդրոնը Տաճկաց Հայաստանից փոխադրուի Անդրկովկասեան Հայաստանի մէջ: Ազգային Խորհուրդի համար Հայաստանի հարցը կը մնար բաց: Հայ ամենամեծ հայրենասէր Ստեփան Մամիկոնեանի այդ վարպետ բանաձեւումով միայն կարող էր պաշտպանուել Հայկական Դատը, ինչպէս Տաճկաց Հայաստանում, նոյնպէս եւ Կովկասեան Հայաստանում:

***

Անարժէք չէ հոս մատնանշել այն միջոցները, զորս ձեռք առաւ Ազգային Խորհուրդը՝ Հայաստանին իր վտանգաւոր կացութիւնից դուրս հանելու եւ գործնական յենարաններ գտնելու համար, երբ նա նկատեց որ հայ ժողովուրդը փաստօրէն կղզիացած է:

Որպէսզի հնար լինէր հակազդել թուրք-թաթարական ճնշմանը, նա ջանաց յենուել թէ՛ Հայաստանի մէջ եւ թէ Հայստանից դուրս եղած ռուս ամէն տեսակի ուժերի վրայ: Նա կազմակերպեց ռուս զօրամասեր, ջանալով նրանք պահել կովկասեան ճակատում. իւր ուժերի ղեկավարութեան մէջ իսկ, մեծ բաժին հանեց ռուս մասնագէտներին: Նա ջանաց թէ՛ նիւթապէս, թէ քաղաքականապէս շահագրգռել ռուսին եւ ռուս տարբեր գոյնի իշխանութիւններին, որոնք կային Կովկասից հիւսիս: Բայց բոլոր ջանքները քիչ օգուտներ բերին: Ռուսը կը ձգտէր տուն վերադառնալ, իսկ Ռուսաստանի համար այնքան էլ արժէք չէր Հայաստանը, որ մտածէր նրա փրկութեան համար. նա զբաղած էր իւր ներքին գործերով:

Ռուսաստանում կատարուած էր բոլշեւիկեան յեղաշրջում: Այդ պատրուակ էր դարձած Ադրբեջանի եւ մանաւանդ սոցիալիստ մենշեւիկների համար, որ իրենց համարէին ազատ Ռուսաստանի կաշկանդիչ կապանքներից: «Քանի որ Ռուսաստանում ինկած է Ժամանակաւոր կառավաւարութիւնը, ապա մենք պիտի անջատուենք Ռուսաստանից»,- այս էր մտածելակերպը Վրաստանի ղեկավարներ Չխենկելիների, Չխէիցէների եւ Ռամաշվիլիների. իսկ Ժորդանիան կը յայտարարէր. «Նաւաբեկող Հայաստանին եւ բոլշեւիկներին չենք կարող կապել վրաց դեմոկրատիայի ճակատագիրը»:

Երեք դրութիւններ կային Ազգային Խորհուրդի եւ ղեկաւար կուսակցութեան՝ Դաշնակցութեան առջեւ.

Առաջինը՝ լինել Վրաստանի եւ Ադրբեջանի հետ՝ երեսը ուղղելով դէպի գերմանացիք եւ Թուրքիան.

Երկրորդը՝ դէմ լինել թուրքերին եւ հարեւաններին, յոյսեր կապելով Դաշնակիցների յաղթութեան վրայ.

Երրորդը՝ դէմ լինել ե՛ւ հարեւաններին, ե՛ւ Դաշնակիցներին, յենուել Մոսկուայում հիմնաւորուած բոլշեւիկների եւ Կովկասում մնացած նրանց բեկորների վրայ:

Այս երեք դրութիւնից եւ ո՛չ մէկը միանգամից չընդգրկուեց անվերապահ կերպով: Բայց փորձեր եղան երեք յենարաններից էլ օգտուել միաժամանակ: Թէ՛ կուսակցութեան մէջ եւ թէ Ազգային Խորհուրդում միատեսակ հասկացողութիւն չկար այս երեք դրութիւնից մէկն ու մէկը ընտրելու վճռական կերպով:

Ազգային Խորհուրդի մէջ եղած սոցիալ-դեմոկրատները, որոնք փաստօրէն ներկայացուցիչներն էին Ռամաշւիլու՝ Երզընկեանի գլխաւրութեամբ, անվերապահ կերպով վրացական արեւելումը կը պաշտպանէին եւ կը պահանջէին թուրքերու եւ գերմաններու կողմ լինել, վերջնականապէս ոչնչացնելով բոլշեւիկեան հակումները: Այդ մտածելակերպը կը բաժանէր ե՛ւ Անդրկովկասեան Սէյմի դաշնակցական հատուածի մի մասը, կուսակցական մի քանի ղեկավարների հետ՝ Կարճիկեանի գլխաւորութեամբ: Այս մտածողութիւնն ունէր իր գործնական նշանակութիւնը, որովհետեւ այսպէս թէ այնպէս Սէյմը եւ Անդրկովկասեան Վարչութիւնը լինելով դեռ եւս պաշտօնական օրգան, նա էր միակը՝ որ պիտի ընթացք տար դիւանագիտական յարաբերութիւններին:

Իբրեւ հետեւանք այդ ուղղութեան, դեռ Պաթումից առաջ փորձեր եղան Երզնկայում բանակցութիւններ անել թուրքերի հետ, Արշակ Ջամալեանի եւ սոցիալ դեմոկրատ Արշակ Զոհրաբեանի եւ սոցիալ դեմոկրատ Արշակ Զոհրաբեանի ու Օդէշելիցէի միջոցով: Այդտեղ անյաջողութեան մատնուելով, նոյն մարդիկ անցան Գերմանիա, գերմանական միջամտութիւնը առաջ բերելու համար, տաճկական վտանգը կասեցնելու դիտումով: Այս մտայնութեան թոյլ կողմը այն էր, որ Ժորդանիայի խօսքով, Վրաստանը չէր կարող իւր բախտը կապել «դատապարտուած Հայաստանի հետ». Իսկ Թուրքիոյ ծրագիրն էր լրացնել Թալէաթի ծրագիրը – ոչնչացնել հայերը Տաճկահայաստանից եւ «այնքան տկարացնել հայութիւնը, որ նրա խելքը գլխին չգայ 50 տարի յետոյ»:

Ահա այդ թոյլ կողմերը նկատի առնելով, կուսակցութեան խոշոր մասը եւ Ազգային Խորհուրդը մեծամասնութեամբ՝ դէմ էին այդ ուղղութեանը: Բայց ոչ վճռականապէս, քանի որ իրենց առաջադրած ուղղութիւն ալ ունէր իւր թերի կողմերը: