Ալեքսանդր Խատիսյան. Իմ վարչապետության շրջանը

2138
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

Ութերորդ գլուխ

Իմ վարչապետության շրջանը

նախորդ մասը կարդալ այստեղ

  1. Երկրագործության նախարարություն (նախարար՝ սկզբում Ավետիք Սահակյան, հետո՝ Սիմոն Վրացյան): Նախարարության գործունեությունը արտահայտվում է երկու ուղղությամբ. մի կողմից օգնություն գյուղացիությանը քայքայված տնտեսությունը վերականգնելու և գյուղատնտեսությունը բարձրացնելու համար, մյուս կողմից՝ Հայաստանի բնական հարստությունների ուսումնասիրություն ջրային ուժի և ոռոգման տեսակետից:

Առաջին նպատակի համար ձեռնարկվել էին հետևյալ միջոցները. գնվում էին եզներ Կարսի շրջանից և բաժանվում կարիք ունեցող շրջաններին: Գյուղացիներին բաժանվում էին արտասհմանից բերված գյուղատնտեսական գործիքներ, օգնություն էր հասցվում բամբակագործությանը, որի շնորհիվ ցանվել էր մոտ 400 դեսյատին բամբակ: Այգեգործներին օգնություն էր հասցվում դրամով:

Սևանա լճում հաստատվել էր կանոնավոր ձկնորսություն, Նոր Բայազետում կառուցվել էր ձկների աճեցման հատուկ տեղ:

Բնական հարստությունների ուսումնասիրության համար (ջրային ուժի և ոռոգման) 4 միլիոն ծախսով կազմակերպվել էր հատուկ հանձնախումբ ինժեներ Զավալիշինի ղեկավարությամբ՝ 70 օգնականներով՝ երկրաչափներ ու տեխնիկներ, ուսումնասիրելու Հայաստանի գետերից էլեկտրական ուժ ստանալու և տափաստանները ոռոգելու համար այդ ջրերից օգտվելու խնդիրը:

Մի հանձնաժողով ուղարկվել էր Օլթիի ածուխը ուսումնասիրելու նպատակով: Սկսվել էր Կաղզվանի, Կողբի և Նախիջևանի աղահանքների շահագործումը:

Վարչական օրենսդրական կարգի ձեռնարկներից պետք է հիշատակել հողային օրենքի հրատարակությունը, որով Հայաստանի հողերը ազգայնացվել և տրվում էին աշխատավորներին:

Երկու գյուղատնտեսական դպրոցներ էին բացվել Նոր Բայազետում և Դիլիջանում, ստեղծվել էր գյուղատնտեսների պաշտոն:

«Արարատ» անվան տակ Շուստովի կոնյակի գործարանը հռչակվել էր կառավարության սեփականությունը:

Գյուղատնտեսական մի շարք արտադրություններ, գլխավորապես՝ բամբակ, կաշի, խոտ, ելևմտական նախարարության միջոցով՝ մասնակցությամբ ապրանքների փոխանակման հատուկ կոմիտեի, վաճառվում էին արտասահման: Դրանց փոխարեն ստացվում էին ազգաբնակչության համար պիտանի ապրանքներ կամ արտարժույթ:

Հայաստանից գաղթած մահմեդականների հողերը վաճառվում էին տեղական ինքնավարություններին և ավելացվում պետական հողային ֆոնդին, որտեղից հողը բաժանվում էր հայ փախստականներին:

  1. Ելևմտական (ֆինանսների) և պարենավորան նախարարություն (նախարար՝ Սարգիս Արարատյան): Ելևմտական նախարարությունը կազմված էր զուտ ելևմտական և առևտրային մասից ու ապրանքների փոխանակության բաժնից: Ելևմտական մասի գլխավոր կետը խորհրդարան մտցնելու համար նախահաշվի կազմումն էր:

1919 թվականի նախահաշիվը խորհրդարանը հաստատել էր, իսկ 1920թ. խորհրդարան էին անցել մի քանի նախարարությունների նախահաշիվներ:

Բացվեցին նոր գանձարաններ, հաստատվեցին հարկեր և կազմակերպվեց հարկային տեսչություն:

Ձեռնարկվել էր նոր դրամանիշների տպագրություն Հայաստանում: Հաստատվեց ապրանքների փոխանակության կոմիտե, որը թույլատվություն էր տալիս Հայաստանից ապրանքներ դուրս հանել՝ կաշի, բամբակ, կոնյակ, բուրդ, գորգեր, գինի, աղ, դրանց փոխարեն Հայաստանի համար պիտանի առարկաներ ստանալու համար:

Առանց ոսկի դրամանիշներ հանելու, արտահանման դժվարությունը, ապրանքների պակասությունը, հաղորդակցության դժվարությունները նպաստում էին հայկական դրամի գնի անկմանը, որի հետևանքով նորանոր քանակությամբ դրամներ էին դրվում շրջանառության մեջ:

Ոսկու ֆոնդ ստեղծելու և արտարժույթ ձեռք բերելու պարտադրանքը առաջ բերեց փոխառության անհրաժեշտությունը, որի մասին օրենքը հաստատվեց 1920թ. հունիսին և որը հաջողությամբ սկսել էր իրագործվել արտասահմանում՝ մինչև 20 միլիոն դոլար, որը ընդհատվեց Հայաստանում առաջ եկած դեպքերի պատճառով: Նույն վիճակն ունեցավ «Ոսկե ֆոնդ» ստեղծելու փորձը:

Ելևմտական նախարարությունը վարում էր նաև պարենավորման նախարարության գործերը: Հիշյալ շրջանում պարենավորման նախարարության գործունեությունը բաժանվում էր երկու մասի: Առաջին շրջանում այդ նախարարությունը ինքն էր կերակրում ժողովրդին՝ բաժանելով ալյուր, հացահատիկ և տաք կերակուր սննդատու կայանների միջոցով, բայց տնտեսական վիճակի բարվոքման և լավ բերք ունենալու հատևանքով հետզհետե այդ նախարարության գործունեությունը թուլանում էր և ինքը՝ նախարարությունը, դատապարտվեց վերանալու:

  1. Հանրային կրթության նախարարություն (նախարար՝ Նիկոլ Աղբալյան): Հանրային կրթության նախարարության գլխավոր գործը նոր դպրոցներ բացելն էր՝ տարրական, միջնակարգ ուսումնարաններ և առանձին դասընթացներ: Մշակվեցին նոր ծրագրեր, նորոգվեցին շինությունները, գիմնազիաներ բացվեցին Երևանում, Ալեքսանդրապոլում, Դիլիջանում, Ղարաքիլիսայում: Ալեքսանդրապոլում բացվեց համալսարան երկու բաժիններով՝ պատմալեզվագիտական և տնտեսագիտական, ամեն ին պատրաստ էր բժշկական բաժին բացելու Երևանում 1920թ. աշնանը: Հիմնվեցին նաև հայերեն լեզվի դասընթացներ պաշտոնյաների համար, որոնք բոլորը չէին տիրապետում հայերենին:

Դպրոցներ բացվեցին նաև Կարսի շրջանի մահմեդականների համար:

Դպրոցների ցանցը ավելի զարգացնելու համար գլխավոր դժվարությունը ուսուցչական կազմի, դպրոցական պիտույքների, շինությունն երի և դրանք նորոգելու նյութերի պակասն էր:

Նախարարությունը ջանք էր գործադրում պիտույքներ բերել տալ Եվրոպայից, այդ նպատակով հատկացվել էին գումարներ, բայց միայն 1920թ. հաջողվեց Հայաստան բերել 70 հազար ֆրանկի դպրոցական պիտույքներ:

Շինությունները նորոգելու համար Իտալիայից պատվիրվել էր ապակի, իսկ տախտակը դժվարությամբ ստացվում էր Կարսի շրջանից:

Խոշոր դպրոցական շինություններից շատերը ծառայում էին որպես հիվանդանոցներ ու որբանոցներ: Այս հանգամանքը շատ վնասակար էր դպրոցական պարապմունքների համար: Նախարարությունը հովանավորում էր «բոյ-սկաուտների» մասնավոր ընկերությունները, որոնք հաջողությամբ զարգանում էին: Այդ նպատակով հրավիրվել էին հատուկ ուսուցիչներ Պոլսից:

Լուսանկարում՝ Շուստովի կոնյակի գործարան, լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի բլոգից