Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) օդուժը

2432

ՀՀ անկախացումից հետո ռուսական հրամանատարության կողմից հայկական կորպուսի տնօրինությանն էր հանձնված 2-րդ, այլ տվյալներով` 3-րդ կովկասյան ավիաջոկատը, որը և դարձավ հայկական բանակի օդուժի հիմքը: Հայկական բանակի ավիաջոկատի հիմնադրման ամսաթիվ է համարվում 1918թ. օգոստոսի 15-ը: Ավիաջոկատի առաջին հրամանատարն էր պորուչիկ Վոիպովը, որին 1919թ. սկզբներին փոխարինեց հետագայում լավ հայտնի Արթուր Վասիլի Ղուլյան-Ռիլսկին (երբեմն նշվում է նաև Գուլյան): Սկզբնապես հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք ինքնաթիռ, երեքն էլ տարբեր մակնիշների` «Nieuport», «Morane-Saulnier L» և «Voisin III» կամ «Voisin V»: Պահեստամասեր չկային, և թռիչքներ գրեթե չէին կատարվում:

ՏԵՂԵԿԱՆՔ. Դժվար է միանշանակ ասել, թե ֆրանսիական այս ինքնաթիռների որ տեսակներն են եղել հայկական բանակի սպառազինության մեջ: Ռուսական բանակում լայնորեն կիրառվում էին «Nieuport»-ի 11-ից մինչև 17-րդ մոդելները, որոնց նաև «Բեյբի» էին անվանում: Դրանց տարբերությունն այնքան մեծ չէր: Վերջին տարատեսակն արտոնագրով արտադրվում էր նաև Ռուսաստանում: Սրանք միտեղանի մարտական ինքնաթիռներ էին, որոնք հիմնականում հանդես էին գալիս որպես կործանիչներ: Կարծում ենք, որ հայկական բանակում եղել է «Morane-Saulnier»-ի հենց այս տեսակը, քանի որ նշված ֆրանսիական ընկերության ինքնաթիռներից միայն այս տեսակն է տարածված եղել Ռուսաստանում: Սրանք երկտեղանի բազմանպատակ մարտական ինքնաթիռներ էին: Ֆրանսիական «Voisin» ինքնաթիռների երկու տարատեսակներն էլ ակտիվորեն մատակարարվել են Ռուսաստան և անգամ արտոնագրով արտադրվել են Լեբեդևի, Անատրայի և մոսկովյան «Դուքս» գործարաններում: Դրանք երկտեղանի բազմանպատակ մարտական ինքնաթիռներ էին:

Քամին պոկել էր անգարի տանիքը, որի հետևանքով ջախջախվեցին ինքնաթիռներից երկուսը: «Voisin III»-ը մասնակցեց հայ-վրացական պատերազմին, սակայն նույնպես շարքից դուրս եկավ Ալեքսանդրապոլում, վառոդի պահեստի պայթյունի ժամանակ: Ավիաջոկատը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց: Սա նշանակում է, որ ավիաջոկատի փոխանցումից հետո հայ ավիատորները վերանորոգել էին այդ ինքնաթիռները և փորձել կիրառել: 1919թ. փետրվարի 28-ի թվագրմամբ կա մեկ հետաքրքիր զեկուցագիր, որը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ուղարկել է նախարարների խորհրդին: Զեկույցում մասնավորապես նշված է, որ տվյալ դրությամբ օդուժում կա ընդամենը մեկ գործող օդանավ և մի քանի ամսից երկու կոտրվածից կարելի է հավաքել մեկը: Բոլոր սարքերը հնացած են և մաշված: Ջոկատի կազմն է` 5 օդաչու, 1 դիտորդ-օդաչու, 1 մեխանիկ-հրահանգիչ, 3 շարժիչագործ, 6 շարժիչագործի օգնական, 2 վարորդ, վարորդի 2 օգնական, 10 վարպետ: Ելնելով այս ամենից` նախարարն առաջարկում է կազմալուծել ջոկատը, իսկ որոշ ծառայողների գործուղել Ֆրանսիա` սովորելու և նոր սարքեր ձեռք բերելու: Ուսումը կտևի մոտ 1-2 տարի և դրանից հետո ձեռք կբերվեն ժամանակակից սարքեր: Նախարարը զեկուցում է նաև, որ ֆրանսիացի կապիտան Պուադեբարուն կարծում է, որ ավիաջոկատը, այնուամենայնիվ, հարկավոր է սահմանի պահպանման համար: Վերջում նախարարը խնդրում է թույլ տալ, այնուամենայնիվ, ուսման համար գործուղել 5-6 սպա և 15-18 զինվոր, իսկ Ֆրանսիայից գնել ինքնաթիռներ և սարքավորումներ:

Կարսի ազատագրումից հետո` 1919թ. մարտից սկսվեց նոր ջոկատի կազմավորումը: Կարգի բերվեցին թռիչքադաշտը, անգարներն ու պահեստամասերը, ստեղծվեցին ինքնաթիռների նորոգման ու հավաքման արհեստանոցներ: Սկսվեց նոր ինքնաթիռների սարքավորումը: 1919թ. վերջին հավաքվեցին երեք «Morane-Saulnier L», երեք «Voisin» և մեկ «Nieuport», որոնց վերջնական շահագործման համար, սակայն, դեռևս անհրաժեշտ էր ձեռք բերել թևերի երեսպատման նյութեր, որից հետո հայկական ավիաջոկատը կունենար 7-8 թռչող սարք:

Ավելի ուշ Ֆրանսիայից ձեռք բերվեցին երկու «Salmson 2 A2» ինքնաթիռներ, որոնք տվյալ ժամանակի համար թռիչքային մեծ արագություն ունեին` 200կմ/ժ, և նախատեսված էին հետախուզական թռիչքների, ըստ հարկի` նաև ռմբակոծում իրականացնելու համար: Այս ինքնաթիռների ձեռք բերման մասին կա հեռագիր Փարիզից, որը գեներալ-մայոր Կորգանովը (Ղորղանյանը) ուղարկել է ռազմական նախարարին 1919թ. դեկտեմբերի 17-ին: Հեռագիրն իր մեջ բավականին հետաքրքիր տեղեկություններ է պարունակում հայկական օդուժի մասին: Այնտեղ մասնավորապես ասված է, որ ինքնաթիռները 1920թ. հունվարին Մարսելի նավահանգստից կուղարկվեն Բաթում: Ինքնաթիռներին, որոնք քանդված են և տեղադրված համապատասխան արկղերում, ուղեկցում է հայկական օդուժի առաջին օդաչուներից մեկը` կապիտան Ղուլյանը: Վերջինս առաջարկում է ինքնաթիռները հավաքել և Բաթումից թռիչքով հասցնել Հայաստան, սակայն պարոն գեներալը չի համաձայնում: Նա խնդրում է նախարարին միջոցներ ձեռնարկել, որպեսզի դրանք երկաթգծով անվտանգ հասցվեն Կարս: Գեներալը խնդրում է նաև միջոցներ` արդեն գործող օդանավերի համար պահեստամասեր գնելու նպատակով, ինչպես նաև կապիտան Ղուլյանի խնդրանքով ֆրանսիացի մասնագետների հետ պայմանագրերի կնքում, որպեսզի վերջիններս ծառայեն հայկական բանակում. գոնե մեկ օդաչուի, որին կարող են վճարել մեր գումարներով:

1920թ. տարբեր երկրներից Հայաստան էին ժամանում նաև ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետներ: Հայաստանն Անգլիայից գնել էր որոշ քանակությամբ ինքնաթիռներ, որոնք, սակայն, 1920թ. սկզբից Բաթումում էին և Հայաստան չէին փոխադրվում: 1920թ. մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 20-ը ավիաջոկատը վերանորոգել է 6 սավառնակ, դրանցից մի քանիսը պտուտակների պատճառով թռիչքներ չէին կատարում: Տեղի է ունեցել նաև վթար, որի ժամանակ հավանաբար զոհվել է նաև օդաչու Խայեյանը (կարող է լինել նաև Խայեան): Առաջին հայ օդաչուներից էին նաև Ռուբեն Բաբայանը, Նիկոլայ Խորոզովը: Վերը նշված երկու ֆրանսիական ինքնաթիռները Բաթումից Հայաստան են ուղարկվել 1920թ. հունիսի 16-ին` գնացքի թիվ 303532 և 804592 վագոններով, դրանք ուղեկցում էր Ղուլյան-Ռիլսկին:

Ընդհանուր առմամբ, հայկական ռազմական ինքնաթիռների քանակը հասել է 12-ի, դրանք 1920թ. թուրք-հայկական պատերազմում կատարել են շուրջ 30 ռմբանետում: Կարսի անկման օրերին ավիաջոկատում փաստորեն դեռ կար երկու ինքնաթիռ, որից մեկն էր միայն գործում: Այդ մասին բավականին մանրամասն պատմում է Կարսի օդանավային ջոկատի զինվոր, ապագա մեծ խորհրդային ավիակոնստրուկտոր Արամ Ռաֆայելյանցը:

ՏԵՂԵԿԱՆՔ. Նա հրասայլի թռիչքն ապահովող առաջին խորհրդային ճախրաթիռներից մեկի, խորհրդային առաջին ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող սարքի և բազում այլ նախագծերի հեղինակն է:

Ռաֆայելյանցը նշում է, որ 1920թ. հոկտեմբերի 30-ին ժամը մոտավորապես 12-ին, Կարսի անկման անխուսափելիության պայմաններում, նրանք ավիաջոկատից օդ բարձրացրին միակ սարքին ինքնաթիռը: Օդաչուներն էին մեզ արդեն ծանոթ կապիտան Ղուլյանը և պորուչիկ Խորոզովը: Այդ սարքն օդ բարձրանալով նախ փորձեց իր գնդացրային կրակով օգնել հայկական զորքերին, իսկ հետ ուղևորվեց դեպի Երևան: Մյուս սարքը նրանք փորձել են տանել երկաթգծի կայարան և տեղափոխել Ալեքսանդրապոլ, սակայն չի ստացվել:

Նշվածից կարելի է կատարել որոշակի եզրակացություններ: Ինչպես տեսնում ենք, Ֆրանսիայից բերված ինքնաթիռների հետ միասին ջոկատը պիտի ունենար արդեն մոտ 9-10 ինքնաթիռ, իսկ Ռաֆայելյանցը հայտնում է, որ հոկտեմբերի 30-ին Կարսում եղել են երկու ինքնաթիռ` մեկը սարքին, մյուսը` անսարք: Եթե հաշվի առնենք, որ մեր ունեցած տեղեկության համաձայն` մինչև հոկտեմբերի 20-ը ինքնաթիռներն ակտիվորեն վերանորոգվում էին, նշանակում է նաև ակտիվորեն կիրառվել են: Այն ժամանակ օդուժի գլխավոր մարտական խնդիրը համարվում էր հետախուզությունը, որի համար էլ, հավանաբար, ակտիվորեն կիրառվել են թռչող սարքերը: Մոտ 30 ռմբանետմանը կարող էր բաժին հասնել մինչև երեք-չորս հետախուզական թռիչք: Կարելի է եզրակացնել նաև, որ, հավանաբար, թռչող սարքերի որոշ քանակ եղել է նաև Ալեքսանդրապոլում, և հոկտեմբերի 30-ի դրությամբ ռազմաճակատին մոտիկ եղել են ոչ բոլոր սարքերը: Սա բնական էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալեքսանդրապոլում օդանավակայան կար և Սիլիկյանի շտաբն էլ այստեղ էր: Ռազմաճակատի հրամանատարը հետախուզության համար կարող էր ուղարկել իր ինքնաթիռը: Պատերազմական իրադրությունում երբեմն ինքնաթիռներն օգտագործվում էին նաև կապի ապահովման համար:

Ահա այսպիսի օդուժ է ունեցել Հայաստանի առաջին հանրապետությունը:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Պատմության էջերից

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/04/14/kars-armenian-army-1919-1920-khatisyan-book/