Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածել է արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության և առաջին անգամ այն հրատարակել Հայաստանում:
_______________________________
Յոթերորդ գլուխ
Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը
նախորդ մասը կարդալ այստեղ
Զինվորական գործողությունները շարունակվում էին: Հայկական զորամասերը առաջ էին շարժվում դեպի Թիֆլիս: Այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները տեղի էին ունենում նեղ ձորերում, վրացիները դիմադրություն ցույց չէին տալիս: Նրանք կռվի էին պատրաստվում Թիֆլիսից երեք ժամ հեռավորության վրա գտնվող մի հովտում:
Դաշնակից պետությունների ներկայացուցիչները դիմեցին երկու կողմերին՝ միջամտելու և բախումը հարթելու՝ այդ նպատակով առաջարկելով իրենց ծառայությունները: Երկու կառավարություններն էլ ընդունեցին միջամտության առաջարկը: Դաշնակիցները ընտրեցին խառը հանձնախումբ բրիտանական և և ֆրանսիական բանակների սպաներից, որոնք վրացական և հայկական կառավարությունների ներկայացուցիչների հետ պետք է մեկներ ճակատ՝ անձամբ հետևելու համաձայնության կետերի գործադրությանը:
Հակառակ Հայաստանի կառավարության Թիֆլիսի ներկայացուցչի բողոքների, մասնավորապես Ախալքալաքի գավառի վերաբերյալ, անգլիական զորավար Ռայքրոֆթը, ֆրանսիական գնդապետ Շարդինին և Վրաստանի վարչապետ Ժորդանիան որոշեցին, որ ճակատ մեկնող խառը հանձնախումբը պետք է իրագործի հետևյալ պայմանները.
Ա. պիտի որոշի պահակազորի թիվը, որ վրացիները պետք է ունենան Բորչալուի գավառի հյուսիսային մասում, իսկ հայերը՝ նույն գավառի հարավային մասում,
Բ. պիտի որոշի վրացական պահակազորի թիվը Ախալքալաքի գավառում. երկու պարագայում էլ պահակազորը սակավաթիվ պիտի լինեն:
Այս պայմանների համաձայն, վրացական զորքերը պետք է կանգնած մնան այն գծի վրա, որ այժմ են գտնվում, իսկ հայկական զորքերը պետք է նահանջեն մինչև Դսեղ-Ջալալ Օղլի գիծը: Բրիտանական պահակներ պետք է դրվեն երկաթգշի վրա՝ վրացական և հայկական գծերի միջև, իսկ վարչությունը այդ վիճելի հողամասի վրա պետք է լինի խառը:
Ախալքալաքի վարչությունը պետք է լինի վրացական, բայց գտնվի Դաշնակիցների հանձնախմբի հսկողության տակ, որի մեջ պետք է մտնեն նաև ներկայացուցիչներ տեղի հայ և մուսուլման բնակչությունից:
Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները շուտով պետք է մեկնեն Եվրոպա, որտեղ հայ-վրացական սահմանների խնդիրը վերջնականապես պիտի լուծվի մեծ պետությունների միջոցով:
Համաձայնության այս հիմնական կետերի տակ չկար Հայաստանի ներկայացուցիչների ստորագրությունը:
Խառը հանձնախումբը, որ Թիֆլիսից մեկնեց Ղարաքիլիսա և տեսակցություն ունեցավ հայկական բանակի հրամանատար և կառավարության ներկայացուցիչների հետ, դեկտեմբերի 30-ին հեռագրում է Թիֆլիս՝ բրիտանական առաքելությանը.
«Հայկական կառավարությունը համաձայն է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և ետ քաշել իր զորքերը, ինչպես որոշել էր զորավար Ռայքրոֆթը: Ռազմական գործողությունները պատերազմող կողմերի համաձայնությամբ պետք է դադարեն դեկտեմբերի 31-ին, գիշերվա ժամը 12-ին: Հայկական զորքերի նահանջը դեպի նոր գիծը պիտի որոշվի Թիֆլիսում: Հայկական կառավարության համար լիովին պարզ չեն որոշ կետեր, որոնք առաջարկվել են զորավար Ռայքրոֆթի կողմից, բայց նա սկզբունքով ընդունեց համաձայնության պայմանները և այդ նպատակով լիազորեց երկու ներկայացուցիչներ՝ մեկը զինվորական, մյուսը՝ քաղաքացիական, որոնք ինձ հետ միասին պետք է գան Թիֆլիս՝ վերջնականապես պարզելու այդ խնդիրները:
Նկատի առնելով այդ հարցերը, ես լիովին համաձայն եմ Հայաստանի կառավարության հետ, որ որոշ մանրամասնություններ լուսաբանության կարիք ունեն գոհացուցիչ և հաշտարար աշխատանքի համար այն պայմանների հիման վրա, որ առաջարկել է զորավար Ռայքրոֆթը: Հայկական կառավարությունը երևան բերեց ամենալայն մեծահոգություն և հաշտության անկեղծ ցանկություն»:
Այդ հեռագրի տակ խառը հանձնախմբի կողմից ստորագրել էր նախագահ, փոխգնդապետ Դը Կլեսը:
Այսպես վերջացավ հայ-վրացական պատերազմը, որ տևեց երկու շաբաթ և որի մեջ երկու կողմերն էլ իրենց հաղթող հայտարարեցին: Երկու պետությունների միջև սկսվեց հաշտության խորհրդաժողովը, որ տևեց երկար ամիսներ:
Հայ-վրացական պատերազմից հետո հայկական կառավարությունը իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց սովի և համաճարակի դեմ պայքարելու վրա:
Սկսվեց 1919 թվականը, որ այնքան ծանր զոհեր խլեց մեզանից:
Իր այս եռանդուն ջանքերում հայկական կառավարությունը որոշեց հատուկ պետվիրակություն ուղարկել Ամերիկա՝ գլխավորապես հաց ձեռք բերելու համար:
Ամբողջ Հայաստանում սովի և համաճարակի դեմ կռվելու համար հիմնեցինք սննդակայաններ: Փետրվարին առաջին երկու ալյուրի գնացքը Բաթումից բերեց ֆրանսիական ներկայացուցիչ Բուատեպարը: Դրանից հետո հետզհետե Հայաստան սկսեցին գալ ամերիկացիները, իսկ նրանց հետևից՝ ալյուրի գնացքները: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ամերիկյան օգնությունը հայ ժողովրդին փրկեց ամբողջական սովամահությունից: Ես հիշում եմ, որ գյուղացիները փայտերով քանդում էին մկների բները՝ նրանց ցորենի պաշարները հափշտակելու համար: Սովյալները աղբի մեջ ցորենի հատիկներ էին որոնում և ուտում, շներից խլում ոսկորները, որպեսզի իրենք կրծեն: Հազարավոր երեխաներ փողոցներում անտուն և անտեր թափառում էին: Պետք էր նրանց համար ստեղծել ապաստաններ, հագուստ ճարել և կերակրել:
Ամերիկա մեկնող պատվիրակության պետ նշանակվեց վարչապետ Քաջազնունին, որի մեկնելուց հետո նախարարական խորհրդի նախագահի տեղապահությունը վարեցի ես մինչև օգոստոս, երբ ընտրվեցի վարչապետ և այդ պաշտոնին մնացի մինչև 1920-ի մայիսի 5-ը:
Այսպիսով, փաստորեն վարչապետի պաշտոնը վարեցի ամբողջ 14 ամիս: