Հայ-ադրբեջանական հաջորդ հնարավոր պատերազմում անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ, դրոն), ըստ ամենայնի, ավելի շատ կօգտագործվեն․ այս մասին ասել է Կովկասի հարցերով հետազոտող-լրագրող Էմիլ Սանամյանը՝ 2017թ ապրիլի 10-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կազմակերպած «Անցումային շրջանի ավարտը։ Հայաստանը 25 տարի անց։ Հիմա՞ ինչ» քննարկմանը։ Սանամյանը նշել է, որ ապագայում հնարավոր է, որ դրոններն ավելի շատ օգտագործվեն, խմբերով, ինչի դեպքում դժվար կլինի դրանք բոլորը ոչնչացնել։
Էմիլ Սանամյանը նշել է, որ ԱԹՍ-ները տարածաշրջանում սկսեցին կիրառվել 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ վրացիները սկսել էին ԱԹՍ-ներ օգտագործել Աբխազիայում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառմանը, Սանամյանը նշել է, որ սկզբնական շրջանում Ադրբեջանը Իսրայելից գնեց հիմնականում հետախուզական ԱԹՍ-ներ՝ միայն տարածքն էին ուսումնասիրում և տեսանկարահանում։ «Հայերն իրենց հերթին ստեղծեցին իրենցը՝ տարբեր երկրներից տեխնոլոգիական մասերի ներմուծումով։ Դրանք հիմնականում լուսանկարահանում, տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում էին ապահովում հրետանու ուղղորդման համար»։
Նա ասել է, որ նախկինում գրած իր հոդվածում նշել էր, որ ընդամենը ժամանակի հարց է, որ ԱԹՍ-ները սպառազինության մաս կազմեն։
«2016-ի ապրիլին դրանք արդեն զինատեսակ դարձան, իսկ հետագայում պարզվեց, որ դրանք գնվել էին պատերազմից ուղիղ վեց ամիս առաջ։ «Մահապարտ-դրոնը» տարբերվում է սովորականից, քանի որ կրում է պայթուցիկ սարք և նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար, նման չէ ամերիկացիների կողմից Աֆղանստանում օգտագործվող գիշատիչ-դրոններին, որոնք հրթիռներ են կրակում և վերադառնում։ Սրանք ուղղակի ուղղվում են դեպի նշանակետ և պայթում։ Տարբեր չափերի են՝ փոքրերը կարող են մի քանի մարդ սպանել։ Իսկ ապրիլին Ադրբեջանի կողմից օգտագործվածները մեծ էին, կարող են մեքենա ոչնչացնել՝ մարդկանցով հանդերձ։ Այս դեպքում մարդիկ սպանվեցին ավտոբուսում, որը կամավորներ էր տանում ճակատ։ Այլ օրինակներ կան, օրինակ՝ Մատաղիսում ռազմական նշանակության շենք հարձակման ենթարկվեց»,- ասել է Սանամյանը։
Նրա մոտավոր հաշվարկներով՝ Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը օգտագործել է 12-14 մահապարտ դրոն, որոնցից մի քանիսը չեն հասել նպատակակետին և ոչնչացվել են հայկական ուժերի կողմից։
«Դրոնները սկսեցին հարձակումներ գործել ապրիլի 4-ի վաղ առավոտյան ՝ քառօրյա պատերազմի երրորդ օրը։ Հանկարծակիության գործոնը էական դեր խաղաց զոհերի թվի հարցում, սակայն զինվորները, տեղեկանալով ադրբեջանցիների կողմից նման զինատեսակի առկայության մասին, կարողացան այդ դրոններից մի քանիսը ոչնչացնել»։
Էմիլ Սանամյանը նշել է, որ ապագա հնարավոր պատերազմում դրոններն ավելի շատ կարող են օգտագործվել, նաև՝ խմբերով, ինչի դեպքում դժվար կլինի դրանք բոլորը ոչնչացնելը․ «Իհարկե, մեծ դրոնները նաև թանկարժեք են։ Որքան տեղյակ եմ, Ադրբեջանը օգտագործեց 2015-ի օգոստոսին Իսրայելից գնած դրոնների ամբողջ քանակը։ Կռվի ընթացքում ադրբեջանական ինքնաթիռ գնաց Իսրայել՝ հավելյալ դրոններ գնելու համար։ Ապրիլի 4-5-ին, տեսնելով, որ հայկական կողմը պատրաստվում է հակահարձակման, նրանք որոշեցին ժամանակակից զինատեսակներով կանխել այն։
Ապագայում սա կդառնա հակամարտության շատ ավելի կարևոր մաս, քանի որ ինչպես նշեցի, երկրները զգայուն են մարտական կորուստների հարցում, իսկ տեխնոլոգիաները գնալով դառնում են ավելի հասանելի ու համեմատաբար էժան։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը տեխնիկապես առաջընթաց են արձանագրում, սակայն Ադրբեջանն առջևում է, քանի որ վճարում է Իսրայելին՝ իր փոխարեն դա անելու։ Որքան հասկանում եմ՝ իսրայելցի խորհրդականները մասնակցել են Ապրիլյան պատերազմին՝ աշխատեցնելու այդ դրոնները, քանի որ այդ կարճ ժամանակահատվածում ադրբեջանցիները դժվար թե կարողանային սովորել ինքնուրույն գործարկել դրանք»։
12 ապրիլի, 2017թ