«Ելք»-ի 8 տոկոսը

1297

Ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում խորհրդարան անցած չորս ուժերից միակը, որ նախընտրական քարոզչության շրջանում իշխող ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի քաղաքականության հանդեպ հետևողական ընդդիմադիր կեցվածք էր որեգրել, «Ելք» դաշինքն էր՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միավորումը:

Մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում խորհրդարան անցած չորս ուժերից «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները, որոնք ապրիլի 2-ին ստացել են համապատասխանաբար 27 և 6.5 տոկոս, չեն մասնակցելու քաղաքապետի ընտրությանը: Քաղաքական առումով, սա, իհարկե այնքան էլ նորմալ չէ:

Սպասվում է, որ 2017-ին ձևավորվելիք Ազգային ժողովում հենց «Ելք»-ն է լինելու ընդդիմադիր քաղաքական միավորումը, որը, ի դեպ, Երևանի ավագանու ընտրություններում հնարավորություններ է ստանում էականորեն ավելի շատ քվեներ կամ ավելի մեծ տոկոսներ ստանալ:

Անցյալից

Քանի՞ տոկոս քվե են ստացել ընդդիմադիր ուժերը Հայաստանի նախկին գումարման խորհրդարաններում: Միաժամանակ կնշենք, թե քանի՞ տոկոս է ստացել առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժը կամ միավորումը:

1995-ին կայացած Ազգային ժողովի առաջին գումարման ընտրություններում առաջինը ճանաչված «Հանրապետություն» միավորումը (ՀՀՇ, ՀՀԿ և մի քանի այլ կուսակցություններ) ստացան գրեթե 43 տոկոս, երկրորդ տեղը զբաղեցրած կանանց «Շամիրամ» կուսակցությունը՝  17 տոկոս: Խորհրդարան անցած երեք ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացան 25 տոկոս, այդ թվում՝ Կոմկուսը՝ 12, ԱԺՄ-ն՝ 7.5, ԱԻՄ-ը՝ 5.5 տոկոս:

Կոմկուսը՝ համեմատության մեջ, մեկուկես անգամ ավելի տոկոսներ է ստացել, քան «Ելքը» 2017-ին: Բացարձակ թվերով, սակայն, «Ելքը» մոտավորապես այնքան քվե է ստացել, որքան կոմկուսը 1995-ին:

1999-ի խորհրդարանական ընտրություններում Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ձևավորած «Միասնություն» դաշինքը, որին մաս էին կազմում ՀՀԿ-ն և նորաստեղծ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, ստացավ գրեթե 42 տոկոս։ Ընդդիմադր կուսակցություններից երկրորդը կրկին Կոմկուսն էր՝ 12 տոկոս:

Եվ կրկին, համեմատության մեջ այս ուժը մեկուկես անգամ ավելի տոկոսներ է ստացել, քան «Ելքը»:

2003-ի խորհրդարանական ընտրություններում առաջին հորիզոնականը զբաղեցրած քաղաքական ուժի ցույց տված արդյունքը վատթարագույնն էր նախկին և հետագա ընտրություննների հետ համեմատ: Իշխող ՀՀԿ-ն ստացավ 23.5 տոկոս: Երկրորդը ճանաչված «Արդարություն» դաշինքը ստացավ գրեթե 14 տոկոս՝ ընդդիմության ցույց տված լավագույն արդյունքը:

Ուշագրավ է, որ ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ «Արդարություն» դաշինքը այդ ընտրությունները որակեցին միջագզային չափանիշներին ոչ համապատասխան և կեղծված:

Եթե համեմատենք «Ելքի» ցույց տված արդյունքի հետ, ապա 2003-ին «Արդարություն» դաշինքը տոկոսային առումով ստացել է գրեթե կրկնակի ավելին, քան «Ելքը»: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, որ «Ելքի» ցուցակում երկրորդն էր, «Արդարություն» դաշինքով էր անցել խորհրդարան: Նա, ինչպես և «Արդարություն» դաշինքը, երկար ժամանակահատված բոյկոտում էին խորհրդարանի աշխատանքները՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով առ այն, որ Հայաստանում այդպես էլ անց չկացվեց վստահության հանրաքվե: 2003-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը պահեց նախագահի աթոռը, իսկ ընդդիմությունը դուրս եկավ փողոց, Սահմանադրական դատարանը, որպես ճգնաժամի հաղթահարման միջոց, առաջարկեց անցկացնել Քոչարյանի վստահության հանրաքվե:

2007-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ստացավ գրեթե 33 տոկոս, իսկ միակ ընդդիմադիր ուժը՝ Ժառանգությունը՝ գրեթե 6 տոկոս:

Եթե համեմատենք, ապա «Ելքը» Ժառանգությունից տոկոսային առումով ստացել է 2 տոկոս ավելի, իսկ քվեների հաշվարկով՝ մեկուկես անգամ ավելի ձայն:

Եվ վերջապես 2012-ի խորհրդարանակ ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ստացավ քվեների 44 տոկոսը, իսկ երկու հիմնական ընդդւմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը և Ժառանգությունը՝ համապատասխանաբար 7 և 5.5-ական տոկոսներ:

Մեծ հաշվով, «Ելքի» համար ապրիլի 2-ի քվեարկությունը հաջողություն էր: Ելքը կարողացավ նվազագույն ֆինանսական ռեսուրսներ ծախսելով ու քրտնաջան, տնետուն աշխատանքով ստանալ հնարավոր առավելագույնը:

Ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ համեմատած՝ «Ելքի» արդյունքը տպավորիչ է: Այս ընտրությունների մյուս երկու հիմնական ուժերը՝ ՕՐՕ-ն և Կոնգրես-ՀԺԿ-ն, ստացան համապատասխանաբար 2 և 1.6 տոկոս: Սա ձախողում էր, իսկ այդ ուժերի՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշումը՝ արդարացված:

Եվ վերջում ևս մեկ կարևոր իրականություն. ակնհայտ է, որ ձևավորվելիք խորհրդարան անցած երկու ուժեր, որոնք համատարած փող են բաժանել, այդուհանդերձ, ստացել են անհավատալի մեծ թվով ձայներ: Ակնհայտ է, որ նրանց հաշվին տասնյակ հազարավոր ձայներ են կեղծվել: Նույնքան ակնհայտ է, որ «Ելքի» օգտին քվեարկած ավելի քան 120 հազար մարդիկ իրական  ընտրողներ են:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ