Ընտրակաշառքը արժեզրկեց վարչապետի քարոզարշավը, ոչնչացրեց բարեփոխումների սպասումները

855

Հիմա հուսահատվելու ժամանակը չէ։ Վարչախումբը միլիոնավոր դոլարներ ծախսեց խորհրդարանական ընտրություններում իր ուզած արդյունքը ստանալու համար, սակայն այն, ինչ ստացավ իրականում, քաղաքական իմաստով նույնիսկ կես ցենտ չարժե։

Ընտրակաշառքը արժեզրկեց վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզարշավը եւ ոչնչացրեց հանրության մոտ եղած բարեփոխումների սպասումները։ Դա նշանակում է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու խնդիրը մնում է չլուծված։ Տեղի ունեցած խոշոր խարդախությունը նման է ուռճացած փուչիկի, որը ցանկացած պահի կարող է տրաքել։ Վստահ եմ, որ քաղաքացիական դիտոդները հետեւողականրեն շարունակում են ամփոփել այն բոլոր տեղեկությունները, որոնք հավաքագրել են ընտրությունների ժամանակ։

Տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ ճշգրիտ պատկերացումը ռազմավարական նշանակություն ունի մեր ժողովրդի ապագայի համար։ Իշխանության բռնազավթումը արդարացնելու նպատակով, իշխող վերնախավը դիմեց վերջին միջոցին՝ փորձեց հայ ժողովրդին միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ անբարոյական, վախկոտ, կաշառակեր մարդկանց հանրության։ Վարչախմբի նման քայլը հիմք է տալիս մեր ժողովրդի թշնամիներն պնդելու, որ հայերի մեծամասնությունը չունի քաղաքացիական պատասխանատվություն եւ զուրկ է ինքնորոշվելու հատկությունից, ուստի պահանջները Թուրքիային եւ Ադրբեջանին՝ ճանաչել հայերի ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը, արժանի չէ բավարարման։

Ժողովուրդը պետք է արձագանքի այս մարտահրավերին եւ ցուցաբերի համախմբված դիմադրություն` ազգային արժանապատվությունն ու հանրային բարոյականությունը պաշտպանելու համար։ Ընդդիմությունն իր քայլերով պետք է ցույց տա, որ հուսահատված չէ եւ շարունակում է պայքարը իշխանության բռնազավթման դեմ։

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ, 5 ապրիլի, 2017թ․