Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը
2 ապրիլի, 2017թ.
Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։
Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:
Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն եւ միասնականություն դրսեւորեց:
Այսօր՝ մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, դարձյալ հայ զինվորներ են զոհվում։ Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝
– Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր, ինչը այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման խթան կդառնա։
– Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններից լինել անաչառ և տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել։
– Վստահ է, որ մեր երկրում սկսված որակական փոփոխությունները շարունակելու և ամրապնդելու երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի հայության դրսևորած միասնականությունն է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին