«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի հիմնադիրը Զարուհի Փոստանջյանն է, այսօր՝ մարտի 30-ին, տարածել է հայտարարություն.
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը`
- դիտարկելով ապրիլի 2-ը որպես քաղաքական պայքար մղելու միջոց, (չնայած ի սկզբանե կեղծված համարելով ապրիլի 2-ին նշանակված «ընտրությունները»),
- գնահատելով որպես կլանային իշխանության պահպանման հիմք` արտերկրում Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիներին իրավական արգելքով զրկելը Հայրենիքի քաղաքական կյանքին մասնակցելուց (ընտրելու եւ ընտրվելու իրավունքից),
- հաշվի առնելով ազատ, արդար ու հավասար պայմաններում ընտրություն իրականացնելու հնարավորության բացակայությունը (բազմաթիվ քաղբանտարկյալներ եւ քաղաքական հետապնդումներ, մարդասեր Արթուր Սարգսյանի խոշտանգումով սպանություն, համատարած ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսի օգտագործում, այսպես կոչված` ռեյտինգային քվեարկություն, բռնությունների կիրառում եւ այլ ապօրինություններ),
- պատրաստ լինելով համագործակցել բոլոր այն անհատների եւ հասարակական-քաղաքական միավորների հետ, որոնք քաղաքական օրակարգ են իրացնելու` նոր, օրինական եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման շուրջ,
Կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հանդես գալ քաղաքական դիրքորոշմամբ ու քաղաքացիական նկարագրով եւ ապրիլի 2-ին`
- Չքվեարկել ՀՀԿ-ի օգտին:
- Չքվեարկել վերջին քառորդ դարում նախկին ու ներկա իշխանության այն ներկայացուցիչների օգտին, ովքեր ընդգրկված են որեւէ քաղաքական ուժի կամ դաշինքի ցուցակում, ովքեր պատրաստ են Հայրենիքի տարածքների հանձնմանը, ովքեր տասնյակ տարիներ եղել են ոչ լեգիտիմ, բռնազավթիչ իշխանության մաս եւ չեն կատարել իրենց ուղղակի պարտականությունը` հանցակից դառնալով բռնազավթմանը:
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրը, Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային նորմերը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը` ապրիլի 3-ից ինքնակազմակերպվել եւ Հայաստանի ու արտասահմանի հայաշատ քաղաքներում, առանց որեւէ ուժի կամ անհատի կոչի եւ թելադրանքի, խաղաղ եղանակով նախաձեռնել բողոքի զանգվածային գործողություններ: